Ես ոչ Կարեն Գրիգորյանից եմ վախենում, ոչ էլ իր պապայից, ուղղակի քաղաքապետ չեմ ուզում դառնալ

Ես ոչ Կարեն Գրիգորյանից եմ վախենում, ոչ էլ իր պապայից, ուղղակի քաղաքապետ չեմ ուզում դառնալ

ԱԺ նախկին պատգամավոր, Էջմիածինցի Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, դեռ երկմտում է՝ առաջադրվել, թե ոչ սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին։ Այստեղ երրորդ անգամ քաղաքապետ է ուզում դառնալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ով անցած անգամ առանց մրցակցի դարձավ քաղաքապետ.«Հիմա, դե, մարդիկ են գնում, գալիս, նկատի ունեմ՝ ժողովուրդ, բայց ճիշտը որ ասեմ, ես քաղաքապետ չէի ուզենա, մյուս կողմից էլ, որ մարդիկ գալիս են, էլի չեմ կարողանում որոշել։ Դեռ որոշված չի էլի, բայց դե էս քանի օրը կորոշեմ։ Չի կարելի մարդկանց միանգամից պատասխանել, կվիրավորվեն դրանից»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։



Նկատեցինք, որ գուցե Հակոբյանը ռիսկի չի գնում ու չի պատրաստվում դուրս գալ Գրիգորյանների դեմ, որոնց համբավը բոլորին է հայտնի.«Ես ոչ Կարեն Գրիգորյանից եմ վախենում, ոչ իր պապայից», ասաց Հակոբյանը՝ մեր հարցից նեղսրտելով. «Մի՞թե ես նման եմ վախեցող մարդու։ Իմ կյանքը Ձեր աչքի առջեւ է չէ՞ եղել, բոլորն իմ խոսելն էլ գիտեն, ապրելն էլ, քայլերն էլ»։ Հակոբյանն այնքան խոցվեց, որ հիշեց անգամ դասականներին. «Շեքսպիրի մեջ ա, չէ՞, որ ասում ա՝ միայն մանուկն է, որ վախենում է նկարած դեւից։ Քնածն ու մեռածը նկարի մեջ են, միշտ հիշի»։



Հակոբ Հակոբյանը, այդուհանդերձ, չթաքցրեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունի, թե որ կուսակցության հետ, դեռեւս հայտնի չէ.«Որի հետ իմ գաղափարները կհամապատասխանեն, որ կուսակցությունը ցանկություն կհայտնի ինձ տեսնել, կհասկանա, որ մենք կարող ենք իրենց օգուտ տալ, ես էլ կգտնեմ, որ իմ գաղափարակիցներն են ու կընտրենք։ Ռեյտինգային ցուցակ է ու երեւում է, թե հասարակությունը, ժողովուրդը ինչքանով է ցանկանում, որ դու դառնաս պատգամավոր»։