Ուղղե՞լ, թե՞ դարձնել հանցագործ

Ուղղե՞լ, թե՞ դարձնել հանցագործ

Հայաստանում ի՞նչ նպատակի են ծառայում քրեակատարողական հիմնարկները՝ հանցագործներին, կիսահանցագործներին եւ, ինչո՞ւ ոչ, լիովին «մաքուր» մարդկանց պարզապես փակ պահելո՞ւ, հանրությունից մեկուսացնելո՞ւ, թե՞ նաեւ ուղղելու եւ նորմալ ճանապարհի դնելու համար:



Դատելով մեր իրականությունից՝ դրանք պատժիչ, նվաստացնող ու քայքայող կառույցներ են, որոնք ջանք չեն խնայում, որ մարդ կյանքի հատակից վեր չբարձրանա:
Ընդամենը մեկ այցը մեր քրեակատարողականներ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթների խախտումների մասին կարող է վկայել:
Հայաստանը Եվրոպական միությունից միլիոնավոր դոլարներ է ստացել՝ ՔԿՀ-ներում իրավիճակը բարելավելու համար, սակայն թե կալանավորները, թե իրավապաշտպանները, թե մոնիթորինգ իրականացնողներն ու փաստաբանները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում:



Վերջերս ամենասուր կերպով դրվեց դատապարտյալների հիվանդանոցի հարցը: Հասարակությանը քիչ թե շատ հայտնի անձինք երբ ընկնում են բանտ, օրեր կամ ամիսներ անց հայտարարվում է առողջական վիճակի վատթարացման մասին: Թվում է, թե մենք ազգովին հիվանդ ենք: Իրականում, բանտի պայմաններն են «դրդում» հիվանդանոց ընկնել, հիվանդանոցն էլ «օգնում է» ուշ դուրս գալ կամ դուրս գալ ավելի քայքայված:
Հիշենք, թե ինչպես զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ահազանգում էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Մանուկյանը գտնվում է անմարդկային պայմաններում՝ բորբոսնած պատերով, ամբողջությամբ կեղտի մեջ կորած, խավարասերներով լի սենյակում: Սրան չի կարելի այլ բնորոշում տալ, քան խոշտանգում: Փաստաբանի բողոքից ու օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցից հետո Արամին տեղափոխեցին շատ թե քիչ մակարդակով հիվանդասենյակ:



Մեկին տեղափոխեցին, բա հետո՞: Չէ՞ որ այն մարդկանց է սպասարկում:
Հայաստանում կան վատ վիճակում գտնվող հիվանդանոցներ, բայց ազատ քաղաքացին գոնե ունի ընտրելու հնարավորություն, թե որ մեկն այցելի: Իսկ այս մարդիկ չունեն:
4 հազար 500 դրամից ավելի գումար է օրական ծախսվում մեկ կալանավորի վրա՝ պաշտոնապես: Չենք քննարկում՝ շատ է, քիչ է, ուր է գնում, մասնագետը չենք, ստուգելու համար էլ կառույցներ կան, չենք անդրադառնում նաեւ միջանձնային հարաբերություններին: Բայց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ՝ արվո՞ւմ են բաներ, որ մարդն իրեն նվաստացած չզգա:



Ի դեպ, որերորդ անգամ ՀՔԾ-ն գործ է հարուցում քրեակատարողական հիմնարկում տնտեսական ապրանքների եւ սննդամթերքի ընդունման ու բաշխման ժամանակ չարաշահումների վերաբերյալ («Աբովյան», «Գորիս» ՔԿՀ-ներ):
Իրավապաշտպանները բազմիցս ահազանգում էին, որ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, բանտարկյալները հերթով են քնում: Թեեւ դեռ 2013-ից արդարադատության նախարարը հայտարարում է, որ խնդիրը լուծվել է, եւ այժմ ավելի շատ մահճակալ կա, քան բանտարկյալ, բայց ահազանգերը պահպանվում են:



Կան խցեր, որոնք ունեն անմարդկային պայմաններ. այս մասին հայտարարում են դիտորդները: Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը մշտապես թերություններ է հայտնաբերում:
ՔԿՀ-ներում վաղուց է հասունացել համակարգային բարեփոխումների հարցը: Ինչպես նաեւ բարեփոխումներ են պետք արդարադատության համակարգում: Հանցանքի համար, որ կարելի է այլընտրանքային պատիժ սահմանել, Հայաստանում սովորաբար «գործուղում» են բանտ: Իսկ հայկական բանտը բնավ չի նպաստում մարդու մարդ դառնալուն: Նշածս բոլոր խնդիրները եւ դրան ավելացրած՝ մեր չթվարկած բազում այլ խնդիրները նպաստում են հենց դրան, որ մարդ բանտից դուրս գա ծանր վիճակում՝ ֆիզիկական կամ բարոյահոգեբանական խեղված ճակատագրով:
Դուրս եկածների մի մասը կրկին հետ է գնում: Հայաստանում կա շուրջ 4000-ին մոտ բանտարկյալ: Արդարադատության նախկին նախարարը համեմատում էր հարեւան երկրների հետ ու ասում, որ մեր թիվը սարսափելի չէ:



Բայց ընդունենք, որ սարսափելի է, քանի դեռ ՔԿՀ-ն միայն պատժիչ մարմին է:
9 միլիոնից շատ բնակչություն եւ մոտ 4 հազար բանտարկյալ ունեցող Շվեդիայում, օրինակ, վերջին 3 տարիների ընթացքում ամեն տարի 3-4 բանտ է փակվում:
Պատճառն այն է, որ նախկին իրավախախտների վերականգնման լայնածավալ պետական ծրագիր է գործում, բանտում էլ աշխատանք են տանում անազատության մեջ գտնվողների հետ՝ այդ կառույցից դուրս գալուց հետո կարիերա անելու նպատակով։ Մտածում են նաեւ այդ մարդկանց հոգեբանական խնդիրների լուծման մասին:



Ինչո՞ւ համեմատվենք Վրաստանի ու Ադրբեջանի, այլ ոչ թե Շվեդիայի հետ:
Հայաստանում ընդամենը բանտերի թիվն է ավելանում: Մեկ տարի առաջ 1200-ով ավելացավ ՔԿՀ-ներում մահճակալների թիվը՝ «Արմավիր» քրեակատարողականի բացման հաշվին:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ