Գարեգին Բ-ի «գիլիոտինն» ու Տեր Արմեն- Տեր Ասողիկ հակադրությունը

Գարեգին Բ-ի «գիլիոտինն» ու Տեր Արմեն- Տեր Ասողիկ հակադրությունը

Հոլանդիայի հայ համայնքներից մեկի հոգեւոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հանդեպ Մայր Աթոռի եւ վերջինիս առնչակցված կառույցների վերաբերմունքը, Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունը Տեր Արմենի` Հոլանդիայում բողոքի ակցիային մասնակցելու հետ կապված, հերթական անգամ բացում է այն իրականությունը, որն այսօր տիրում է Հայ Առաքելական եկեղեցում, եւ առիթ է տալիս մտածելու՝ որքանով, առհասարակ, այս կառույցը դեռ պիտանի է հասարակությանը:



Նախ՝ այն, ինչ կատարվեց, ըստ էության բացեց մի իրականություն: Հայ Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Մայր Աթոռի, դարձել է օրվա իշխանությունների խամաճիկը, ընդ որում, ինչն ամենից սարսափելին է, դարձել է ոչ թե հարկադրաբար (գոնե առերեւույթ այդ հարկադրանքը չենք տեսնում), այլ կամովին, սեփական բարեկեցության, ընդհանուր կերակրատաշտից բաժին ունենալու համար: Եվ եթե անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ այս իշխանահաճ վերաբերմունքի համար Մայր Աթոռը լիուլի վարձատրվում է տարբեր առիթներով` եւ որպես կառույց, եւ վերջինիս բարձրաստիճան եկեղեցականների եկամտային մասի ապահովման տեսանկյունից (ինչպես նյութական, այնպես էլ այլ կարգի …. ):



Երկրորդ՝ այս ֆոնի վրա բացահայտվեց մի առճակատում, որը տիրում է Հայ Առաքելական եկեղեցու հայաստանյան եւ արտասահմանյան հատվածներում: Հայաստանյան եւ մերձավոր սփյուռքի տարածքում որպես այդպիսին մոտավոր դիտելով հետխորհրդային տարածությունը, տիրում են այն բարքերը, որպիսիք Հայաստանում են, քանի որ ի վերջո նույն կատեգորիաներն են մտածողության եւ նույն արժեքային համակարգն ու սկզբունքները: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ըստ այդմ ներկայացնում է հենց այս մտածողությունը, այս գործելաոճը: Ինչ-որ իմաստով ինքը մեղավոր չէ, որ այդպիսին է, սակայն սա երբեք արդարացման կամ չքմեղանքի հիմք չէ:



Բացատրենք՝ ինչու: Երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան ուխտագնացության օրերն էին, հաճախ խոսվեց Պապի համեստ կենցաղի մասին: Շատ բարձրաստիճան եկեղեցականներ անորոշ տոնայնությամբ հայտարարեցին, որ Հայ Եկեղեցու եկեղեցականության մեծ մասն ապրում է համեստ պայմաններում, երբեմն թաղված է պարտքերի մեջ: Ընդունում ենք՝ կա նման բան: Եվ հիմա փորձենք այդ համատեքստում դիտարկել Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի կերպարը: Իսկ ինչու նա թողնի, ասենք, շաբաթ, կիրակի օրերին «յուղոտ պատառ» համարվող կենտրոնական եկեղեցիներում կնունք-թաղում անելու,  բավական կլորիկ չհարկվող գումար վաստակելու հնարավորությունը եւ արտահայտի կարծիք, որի պատճառով կարող է իր սիրելի Հայրապետի խոսքի համեմատ հայտնվել «սարերում»: Պարզ եւ պրագմատիկ հարց` իսկ իրեն դա պե՞տք է: Իսկ որն է այդ դեպքում իր շահը լինելու: Ամիսներ շարունակ աղոթելը, որ սարերի կորած գյուղում մի պառավ մեռնի, որ գնա թաղում անի մի բանկա մածունով կամ մի քանի կիլոգրամ կարտոֆիլով, թե որ մի երեխա ծնվի, որ «նիսյայով» կնունք անի:



Իհարկե, իրեն պետք չէ: Այդ դեպքում, էլ ինչու անցավ գլուխը դնի Գարեգին Բ-ի «գիլիոտինի տակ» եւ կարծիք հայտնի: Դեռ չենք խոսում նաեւ այն մասին, որ որպես թանգարանների եւ արխիվի տնօրեն բավական պատկառելի գումար էլ ռոճիկի տեսքով ստանում Մայր Աթոռից: Դրա փոխարեն նա կասի այն, ինչը հաճո է վերջինիս եւ վերջինիս վերադաս օրվա իշխանություններին: Այսքան բան:



Սրան հակադրենք բացարձակապես այլ միջավայրում ձեւավորված Տեր Արմեն քահանա Մելքոնյանի կերպարը, ով առաջնորդվում է իրավունքի եւ ազատության գերակայությամբ, եւ ոչ ամենեւին իշխանահաճության եւ շահամոլության սկզբունքներով: Իրականում հենց այս առճակատումն է` իրավունք եւ ազատություն, որը արտասահմանի եկեղեցականների մոտ է նկատվում, ովքեր, բացարձակապես կախված չլինելով ՀՀ իշխանություններից, ազատորեն խոսում են եւ անում են այն, ինչ իրենց պարտքն են համարում խղճի մտոք եւ իշխանահաճությունն ու շահամոլությունը, որը առկա է հայաստանյան եւ հետխորհրդային տարածքի հայ եկեղեցականության մեջ:



Տիգրան Վահանե