Թե ինչու է Մոսկվան կորցնում Երեւանը

Թե ինչու է Մոսկվան կորցնում Երեւանը

Ներկայումս ԱՄՆ-ն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում թուլացնելու եւ իր դիրքերն ամրապնդելու համար: Այս մասին Вестника Кавказа-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոդինա» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից Նիկիտա Իսաեւը: Վերջինս հավելում է, որ դրանում ամերիկյան այս պլանին օժանդակում է հակասարգսյանական տրամադրությունների սերմանումը հասարակության ամենալայն շերտերի մեջ: Իսաեւը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները երբեք էլ չի թաքցրել, որ Հայաստանը դիտարկում է Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իրենց քաղաքականության իրականացման համար որպես պլացդարմ: «Այս տեսանկյունից ԱՄՆ հայտարարությունը, թե չի խառնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, քանի որ նախագահական ընտրությունների է նախապատրաստվում կամ զբաղված է Եվրոպայի հետ առեւտրային հարցեր լուծելով, կամ Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում իր առաքելություններն ավելի ծանր բեռ են դարձել, բլեֆ է ընդամենը: Բավական է հիշել, որ Երեւանում ամերիկյան դեսպանատունը երկրորդն է մեծությամբ ամբողջ աշխարհում: Ի սկզբանե այդ դեսպանատունը նախատեսված էր Իրանի դեմ պայքարելու համար, որը այն ժամանակ ԱՄՆ հիմնական հակառակորդն էր Մերձավոր Արեւելքում, սակայն այսօր իր՝ ավելի քան 500 աշխատակիցների միջոցով վերջինս շարունակում է ներազդել ողջ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի քաղաքականության վրա»,- նշում է Իսաեւը: Ռուս փորձագետը գտնում է, որ տնտեսությունից բացի Միացյալ նահանգները հետաքրքրված է, որպեսզի Հայաստանից դուրս գա Գյումրու 102-րդ ռազմական բազան, որպեսզի հնարավորություն ունենա սեփական բազան տեղակայել Հայաստանում: «Նահանգները Հայաստանում գործում են նույն ծրագրի եւ սցենարի համեմատ, ինչ Ուկրաինայում, եւ ռուսական արտաքին քաղաքականության սխալները սուր ծայրով ուղղում են հենց Ռուսաստանի դեմ` օգուտներ քաղելով դրանցից իրենց համար,- նկատում է Իսաեւը եւ շարունակում,- իմ կարծիքով՝ հիմնական սխալը, որ Ռուսաստանը գործում է եւ տանուլ է տալիս Հարավային Կովկասում Հայաստանի հետ, կապված է այն բանի հետ, որ ցանկանում է միանգամից երեք աթոռի վրա նստել: Նա զուգահեռաբար փորձում է եւ Հայաստանի, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանել, քանի որ վերջին երկուսում ավելի շատ տնտեսական շահեր ունի, քան Հայաստանում: Եվ բացի այդ, մենք չենք կարող կողմնորոշվել, թե ինչ կեցվածք որդեգրենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, որը Հարավային Կովկասի հիմնական թեժ թեման է»:



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի