Դինքը կդառնար 62 տարեկան

Դինքը կդառնար 62 տարեկան

Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքն այսօր կդառնար 62 տարեկան: Դինքը ծնվել է 1954թ.-ի սեպտեմբերի 15-ին, Մալաթիայում: Նա Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս»-ի գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։



Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։



Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի, և այլ մրցանակների։



2007 թ. ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն։



Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։