Բավական է՝ մեզ թափթփված պատասխաններ գրեք

Բավական է՝ մեզ թափթփված պատասխաններ գրեք

Առավոտյան բարլուսախառը մտա ՀՀ ՊՆ մամլո խոսնակի ՖԲ էջը, որ իմանամ ինչ նորություն կա մեր անհանգիստ սահմաններից: Մտա ու ի՞նչ տեսնեմ: Արծրուն Հովհաննիսյանը շտապել է հայ ընթերցասեր հանրությանը ընկնավորեցնել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա (23 սեպտեմբերի) համարում  լույս տեսած հոդվածին ՀՀ պաշտպանության նախարարի ցնցող պատասխանով: Ի՞նչ ասեմ... Ապշած եմ:



Նախ՝ երկու խոսք Արծրուն Հովհաննիսյանի թափթփվածության մասին: Հարգելի պարոն Հովհաննիսյան, երբ նախարարը պատասխանում է մամուլի որևէ հրապարակման, անկախ այն բանից ադեկվատ է այդ պատասխանը, թե ոչ, պետք է բարի լինել և առնվազն ճշտել, թե որ ԶԼՄ-ի, որ էջի, որ հոդվածի մասին է խոսքը: Նախարարը, վստահաբար այն մարդը չէ, որ նրա պատասխանը դնես պատիդ ու մի անկապ վերնագրով հրամցնես մարդկանց:



Նախևառաջ ուզում եմ ասել, որ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում» վերնագրով հոդված չկա: Թերթի առաջին էջում տպված է Սեյրան Օհանյանի լուսանկարը, որի տակ մի քանի տողանոց ռեպլիկ կա այն մասին, որ Պնախարարի հայտարարությունը, թե հրաժարվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե իրեն նման առաջարկ լինի, լավ չի ընդունվել վերևներում:



Փոխարենը նմանատիպ վերնագրով «հոդված» կա Hraparak.am կայքում՝ «Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում»: Եթե Սեյրան Օհանյանը և Արծրուն Հովհաննիսյանը հենց սա նկատի ունեն, գոնե հիմա թող խմբագրեն իրենց «համատեղ» ֆեյսբուքյան էջում տեղ գտած վրիպակը՝ վերնագրում «ձեր»-ը փոխելով «իր»-ի: Մեզ համար դա կարևոր է այնքանով, որ այդ արտահայտության հեղինակային իրավունքը մեր աղբյուրինն է, և նա կարող է բողոքել:



Ինչևէ, Սեյրան Օհանյանը մեզ գրում է. «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»:



Հավանաբար նկատեցիք, որ մեր հարգելի Պնախարարն ու իր խոսնակը բավականին մասնագիտորեն (Սահմանադրությանը և օրենքին հղումով) փորձել են մեզ հասկացնել, որ Պնախարարի պաշտոնը սովորական պաշտոն է, և այն զբաղեցնողի սահմանադրական իրավունքն է ուզած պահին թողնել-հեռանալը: Իհարկե, Սեյրան Օհանյանին մենք զոռով չենք պահում, բայց, այդուհանդերձ, արժեր հիշել նաև նրա երդումն ու այն պարտականությունները, որ նա ստանձնել է ժողովրդի և երկրի գերագույն գլխավոր հրամանատարի առաջ: Եթե նույնիսկ սա էլ դնենք մի կողմ, Սեյրան Օհանյանն իրավունք չուներ մոռանալու, որ ինքը մեր երկրի բյուջեից, մեր վճարած հարկերից սնվող պաշտոնյա է, և պետությունը իրավունք ունի նրան գործուղել ինչ-որ տեղ, համապատասխան վճարի դիմաց ավելացնել ծանրաբեռնվածությունը, իսկ ոլորտի առանձնահատկությունից ելնելով էլ՝ նույնիսկ տանել կադրերի տրամադրության տակ: Վերջապես պետությունն ու ժողովուրդը իրավունք ունեն կարծիք հայտնելու իրենց պահած-պահպանած պաշտոնյայի ցանկացած հայտարարության և քայլի մասին, և պաշտոնյան պարտավոր է հաշվի նստել այդ կարծիքի հետ:



Սեյրան Օհանյանը կարող էր բացատրել, թե ինչու է հրաժարվում զբաղեցնել Բորդյուժայի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, պաշտոնը: Բայց երբ հասարակական հետաքրքրություն ներկայացնող օբյեկտը չի բարեհաճում դա անել, մամուլին մնում է իր աղբյուրներից ճշտել նրա քմահաճության պատճառը: Սա մամուլի գործն է, Հայաստանի անվտանգության հարգելի երաշխավորներ՝ Սեյրան Օհանյան և Արծրուն Հովհաննիսյան: Մենք մեր գործը անում ենք, դուք էլ բարի եղեք ձերն անել:



Էդիկ Անդրեասյան