Որպես պարտաճանաչ իրավապահ` դուրս եկա ընտրատեղամասից. Մամիկոն Ասլանյանը`իր կատարած ընտրախախտումի մասին

Որպես պարտաճանաչ իրավապահ` դուրս եկա ընտրատեղամասից. Մամիկոն Ասլանյանը`իր կատարած ընտրախախտումի մասին

Վանաձորում ամենաշատ ձայներ հավաքած ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը խոստանում է, որ փորձելու են աշխատակազմով Վանաձոր քաղաքի խնդիրներին լուծումներ տալ: Խոսելով այնտեղ տեղի ունեցած ընտրախախտումների, ընտրակաշառքների դեպքերի մասին, Ասլանյանը նշեց, որ փաստացի ոչ մի կողմ չի արձանագրել ընտրակեղծիքներ, ինքն էլ կոնկրետ որևէ ընտրակեղծիքից տեղյակ չէ, որ արձանագրված լինի, իսկ ընտրության ընթացքում տեղի ունեցած թերությունները գրեթե միշտ լինում են և ցանկացած ընտրական գործընթացի ժամանակ եղել են  նույն այդ կուտակումները:



Պարոն Ասլանյան, մի ընտրախախտում էլ դուք եք արել, մտե՞լ եք ընտրատեղամաս. «Չէ, ասեմ. ուրեմն իմ մոտ ավագանու թեկնածուի վկայական կար, ինձ թվացել էր ազատ տեղաշարժի իրավունքն էլ հետը կա, ես շփոթել էի, որ թեկնածուները կարան միայն երեկոյան ժամին` ձայները հաշվարկելու ժամանակ, ներկա լինեն: Ուղղակի կնոջս ուղեկցել եմ ընտրատեղամաս, մտել եմ, բարևել, կինս մտել ա քվեարկել, ոչ մարդու եմ մոտեցել ոչ էլ, ուրիշ բան չի եղել: Ինձ ուղղակի մոտեցան ասացին, որ ձեզ շատ ենք հարգում, բայց ճիշտ չի ձեր այստեղ գտնվելը, քարոզչություն կդիտվի, ես էլ՝ որպես պարտաճանաչ իրավապահ, ՀՀ քաղաքացի, դուրս եկա ընտրատեղամասից 50 մետր հեռու»:



Ապագայում, երբ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնեք, ի՞նչ եք փոխելու քաղաքում. «Պլանների մասին հետո, որովհետև դա թիմային աշխատանք է, մենք այդ մասին կխոսենք, երբ որ արդեն կկազմավորվի ընդհանրապես աշխատակազմը, ավագանու նիստերը տեղի կունենան, ընտրություն կլինի և մեր հետագա գործունեության պլանները կլինեն, էդ ժամանակ մենք կարող ենք խոսել»:



Հ. Գ. Ըստ ամենայնի` պարտաճանաչ իրավապահ ասելով` Վանաձորի ապագա քաղաքապետը նկատի ուներ պարտաճանաչ, օրինապահ քաղաքացի լինելը, բայց մի քանի տառի տարբերությամբ լրիվ այլ կարգավիճակ իրեն շնորհեց: