Ինչո՞ւ են վաղ տարիքում սպիտակում մեր մազերը. պարզաբանում է մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը

Ինչո՞ւ են վաղ տարիքում սպիտակում մեր մազերը. պարզաբանում է մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը

Ինչո՞ւ են վաղ տարիքում սպիտակում մեր մազերը. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը:



-Ի՞նչ անեն այն մարդիկ, որոնց մազերը 25-30 տարեկանում սպիտակում են և ինչո՞ւ է դա տեղի ունենում:



- Այս խնդրի վերաբերյալ տեսակետները շատ են, սակայն հանգամանորեն պիգմենտների ոչնչացման մեխանիզմն այսօր դեռևս վերջնականապես ուսումնասիրված չէ: Սովորաբար առաջին սպիտակ մազերը պետք է հայտնվեն 30 տարեկանից հետո, որոնց թիվը պետք է բազմապատկվի 45 տարեկանին մոտ հասակում: Վաղ ճերմակումը հայտնում է արդեն իսկ 20-27 տարեկանում՝ տղամարդկանց մոտ արտահայտվելով մորուքի հատվածում, կանանց մոտ՝ քունքերի ու ծոծրակի շրջանում: Մազի գույնի փոփոխությունը կախված է հատուկ պիգմենտից՝ մելանինից, որն արտադրվում է մազարմատներում գտնվող մելանոցիտների կողմից: Սա բավականին բարդ մեխանիզմ է և պարունակում է մի շարք գործոններ. սովորաբար դա համարվում է մելանին պիգմենտի սինթեզի խանգարման հետևանք, ինչը ապահավում է մեր մազերի գույնը: Այն արտադրում են հատուկ բջիջները` մելանոցիտները, որոնք գտնվում են մազերի հիմքում: Տվյալ պիգմենտի արտադրման դադարի գործընթացը կարող է փոխկապակցված լինել մի քանի պատճառներով: Մելանոցիտներում տարիքին զուգընթաց ջրածնի պերօքսիդը քայքայող ֆերմենտները, կուտակելով մեծ քանակությամբ ջրածնի պերօքսիդ վնասում են տիրոզինազա ֆերմենտը, որը պատասխանատու է մելանինի սինթեզի համար՝ արդյունքում վնասվում են նաև սպիտակուցները, որոնք պատասխանատու են մելանոցիտներից կերատինոցիտներին մելանինի փոխանցման համար: Այս ամենը նպաստում է մելանոցիտների աստիճանաբար ոչնչացմանը, իսկ ցողունային բջիջները, որոնցից նրանք ձևավորվում են, տարիքի հետ ավելի դանդաղ են բաժանվում և չեն լրացնում դրանց կորուստը, ինչի արդյունքում էլ սպիտակում են մազերը: Վաղ տարիքում մազերի սպիտակելը հիմնականում ունենում է գենետիկ նախատրամադրվածություն, ինչպես նաև կարող է լինել մի շարք գործոնների հետևանք՝ այդ թվում նաև ստրեսների, աուտոիմուն հիվանդությունների, հորմոնալ խանգարումների և այլն:



- Հնարավո՞ր չէ արդյոք խուսափել դրանից:



- Առայժմ ոչ: Այս խնդրով տառապող մարդիկ հիմնականում մի շարք ժողովրդական միջոցներ փորձելուց հետո համոզվում են, որ իրականում երկու ելք կա՝ համակերպվել սպիտակ մազերի հետ, կամ ներկել մազերը:



- Իսկ ի՞նչ կասեք հղիության շրջանի մասին՝ ինչո՞ւ են թափվում մազերը:



- Հղիության շրջանում մազերի որակը լավանում է, քանի որ այդ շրջանում ընկերք է առաջանում, և էստրոգենների քանակը մի քանի անգամ մեծանում է: 20-րդ շաբաթից սկսած՝ մազերը լավանում են և դառնում այնպիսին, ինչպիսին եղել էին դեռահասության շրջանում: Երբ սկսվում է ծննդաբերությունը, էստրոգենի մակարդակն իջնում է, մեծանում է պրոլակտինը և 2-3 ամիս անց սկսվում է հետծննդաբերական մազաթափությունը: Ինչը նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, եթե չկան գործոններ որոնք այն խորացնում են, օրինակ, անքնությունը, հետծննդաբերական դեպրեսիան, երկաթի անբավարարությունը, վահանձև գեղձի ֆունկցիայի շեղումները և այլն: Այդ դեպքերում մազաթափությունը կրում է ախտաբանական բնույթ: Միևնույն ժամանակ կարող է նաև փոխվել մազի կառուցվածքը, մազերը կարող են դառնալ ավելի ալիքաձև, կամ հակառակը՝ ուղիղ:



-Հետո ամեն ինչ վերականգնվո՞ւմ է:



-Ցավոք ոչ միշտ, սակայն, իհարկե լինում են դեպքեր, երբ գանգուրները ծննդաբերությունից մեկ - մեկուկես տարի անց վերականգնվում են:



- Ճի՞շտ է արդյոք, որ մեկ սպիտակ մազ պոկելուց նրաննց թիվը կարող է շատանալ:



- Իհարկե ոչ, քանի որ մեր օրգանիզմը չի ավելացնում մազի ֆոլիկուլների քանակը, հետևաբար, մի սպիտակ մազ պոկելը չի կարող նպաստել նորերի հայտնվելուն: