Ամերիկյան շրջագայություններ. Կապիտոլ Հիլ

Ամերիկյան շրջագայություններ. Կապիտոլ Հիլ

Ո՞ւր է իմ Ամերիկան



Ըստ պրն. Ջոն Զոգբիի, որը միջազգային հռչակի տեր սոցիոլոգ է, Թրամփին սատարողներից զգալի մասի մոտիվացիան անցյալի կարոտախտն է` «Ո՞ւր է իմ Ամերիկան» տրամադրությունը եւ այն վերադարձնելու պատրանքը: Սակայն Զոգբիի մեկնաբանությունը լոկ հանրահայտ ու հաճախադեպ իրողության արձանագրումը չէր, որ մարդիկ հակում ունեն ռոմանտիզացնելու անցյալը եւ ձայն են տալիս այն թեկնածուին, ուժին, որին նույնացնում են անցյալի հետ: Ի վերջո, Ցիցերոնի O tempora! O mores! (Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր) բացականչությունը մարդկությունը կրկնում է արդեն 2 հազար տարի՝ որպես անցյալը ներկայից գերադասելու օրհներգ:



Պրն. Զոգբիի դիտարկումն ավելի առարկայական էր ու խորը: Անհնար է չընդունել, որ 1950-60-70-ականների Ամերիկայում ապրած եւ իբրեւ անհատ ձեւավորված մարդու համար ոչ միայն կենսական միջավայրը, ռիթմն է այսօրվա աշխարհում միանգամայն փոխվել, այլեւ անխախտ թվացող դրվածքներ են գլխիվայր շրջվել: Իր գերազանցության գիտակցությամբ ապրած սպիտակամորթ տղամարդու տեսակետից ինչպե՞ս կինը եւ տղամարդը քաղաքացիական նույն կարգավիճակում լինեն, սեւամորթները, իրենց երբեմնի ստրկությունը մոռացած, հավասար իրավունքներ պահանջեն ու ձեռք բերեն, ամեն ռասայի, գույնի ու կրոնի անհատներ երկիր ներգաղթեն, միասեռականների ամուսնություններն օրինականացվեն եւ հարսանյաց հանդեսներով տոնվեն… «Այս որտե՞ղ եմ հայտնվել, ո՞ւր է իմ Ամերիկան…»,- իրենց հարց են տալիս ամերիկացի տարեց պարոնայք, երբեմն նաեւ՝ տիկնայք եւ, որպես ընդվզում այսօրվա ժամանակների ու բարքերի դեմ, ձայնը տալիս են Դոնալդ Թրամփին:



Դենվերում, Կոլորադոյի երիտասարդ դեմոկրատների կառույցում, մոտ երեսնամյա մի կին, առանց Զոգբիի տարիքը, փորձն ու գիտելիքներն ունենալու, նույնիսկ ավելի պատկերավոր մեկնաբանեց իրադրությունը: Ըստ նրա՝ Make America great again (Ամերիկան կրկին դարձնենք մեծ) լոզունգը, որը Թրամփի ընտրարշավի կարգախոսն է, նրան սատարողներն ընկալում են Make us great again (Մեզ կրկին դարձնենք մեծ): Այսինքն՝ վերադառնանք այն ժամանակներին եւ դրվածքներին, որտեղ մենք գերազանցություն ունեինք եւ մեծություն էինք: Գոնե տարեց, հարուստ, կրթված, սպիտակամորթ ամերիկացի տղամարդկանց մոտիվացիան եւ Թրամփի հանդեպ համակրանքի ու աջակցության հիմքը դա է: Պատկերավոր բացատրություն էր:
Իմ կարծիքով, դժվար թե տարեց ջենթլմեններն ԱՄՆ-ն դեպի անցյալ վերադարձնեն, թերեւս, ավելի ճիշտ կվարվեն, եթե ընդունեն, որ ամեն հասարակական ռեֆորմացիա էլ մարդկային պատմության ընթացքում դրական ու բացասական հետեւանքներ է ունեցել, դրա համար էլ ճիշտ է պայքարել եւ բացասական հետեւանքները նվազեցնել, ոչ թե հիստերիա բարձրացնել, թե ո՜ւր է գլորվում մարդկությունը, վերադառնանք դեպի ետ: Այլ հարց, որ ինքս չեմ հավատում, թե Թրամփին սատարողներն ինչ-որ պրոակտիվ մարդիկ են` պատրաստ քայլերի, գործերի դիմելու: Նրանք, թերեւս, լիովին գոհ են, որ իրենց պես անցյալի կարոտով ապրող, չասելու համար՝ հենց «անցյալում ապրող» մեկին են ձայն տալիս եւ ուղղակի վրեժխնդիր են լինում ներկա ժամանակներից, բարքերից ու դրանց կրողներից: Թրամփի անձն այդտեղ դեր չունի. Դոնալդ Թրամփի փոխարեն Դոնալդ Դաքին էլ բերեին` Walt Dysney-ի մուլտֆիլմից, այդ ձայները կստանար:



Թրամփի ընտրազանգվածի հաջորդ մեծ սեգմենտի մոտիվացիան էլ հավատարմությունն է պահպանողական գաղափարախոսությանն ու արժեքներին, նույնիսկ երբ թեկնածուն կատարյալ թյուրիմացություն է: Այդ մտածելակերպն բացահայտեցի կամ ընկալեցի Կոլորադոյի քրիստոնեական համալսարանում, որը հանրապետական կոնսերվատիզմի միջնաբերդն էր նահանգում, բայց դրա մասին կպատմեմ Կոլորադոյի հատվածում:



Հայաստանի 25-ամյակը՝ Կապիտոլ Հիլում



Որքան էլ Պետքարտուղարության Foreign Press Centers-ը (Արտերկրի մամուլի կենտրոնները) հագեցած ու հետաքրքիր ծրագիր էր կազմել` միջազգային լրագրողների մեր խմբին հնարավորություն ընձեռելով երեք նահանգներում, տասնյակ համալսարաններում ու կառույցներում հանրապետական ու դեմոկրատ երիտասարդների հետ զրուցելու, նրանց մտածելակերպը, դիրքորոշումներն առաջիկա նախագահական, նաեւ հաջորդող` Կոնգրեսի, Սենատի ընտրությունների հանդեպ ընկալելու համար, եւ զրույցները հաճախ իրոք հետաքրքիր էին, միեւնույն է, երբ առաջին անգամ ես մի երկրում, այն էլ՝ ԱՄՆ-ում, ընտրությունների կարգի անցողիկ երեւույթից ավելի հետաքրքիր վայրեր, իրադարձություններ, թեմաներ կան:



Իհարկե, Վաշինգտոնում ամենից շատ կցանկանայի ժամանակ ունենալ եւ National Mall-ում մի կարգին զբոսնել․ դա Վաշինգտոնի զբոսաշրջային այցեքարտն է` 3 կմ երկարությամբ քաղաքային զբոսայգի, տարբեր հատվածներում 100-500 մ լայնությամբ, որտեղ ծառուղիներ են, կոթողներ, բայց ամենաէականը` այդտեղ են Smithsonian 11 ինստիտուտ-թանգարանները` Տիեզերքի ու մթնոլորտի թանգարանից մինչեւ ԱՄՆ ազգային պատկերասրահ: Սակայն… ժամանակ չգտնվեց գնալու: Միակ շինությունը National Mall-ում, որ կարողացա տեսնել, մի քիչ էլ այդ պատկերով զմայլվել, Կապիտոլն էր (Capitol Hill)` ԱՄՆ Կոնգրեսի` Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նստավայրը:
Ընդ որում՝ առաջին անգամ Կապիտոլը տեսա ուշ երեկոյան, գիշերային լուսավորման մեջ. մոգական էր: Կարելի է ասել՝ հռոմեական էր` իր հզորությամբ, վեհությամբ, շքեղությամբ:Ի դեպ, Capitol Hill անվանումը հենց Հռոմի Կապիտոլիումի անունից է (յոթ բլուրներից մեկի, որոնց վրա բարձրանում է Հռոմը): Կապիտոլը Վաշինգտոնի, գուցե ամբողջ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ ու գեղեցիկ շինությունն է, որովհետեւ այն հենց գծագրվել ու կառուցվել է որպես ամերիկյան ժողովրդի իդեալների ու ազատության խորհրդանիշ: Նույնիսկ Սպիտակ տունը Կապիտոլի հետ չէր կարող մրցել եւ չի մրցում։



Հետեւաբար, կարող եք պատկերացնել, թե որքան հաճելի էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակը 2016թ. սեպտեմբերի 21-ին նշվում էր Կապիտոլ Հիլի Այցելուների կենտրոնում: Անցյալ տարի` 2015թ. ապրիլի 24-ին, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Թուրքիայում էի, Պոլիսում, եւ որքան ապրում եմ, կհիշեմ Թաքսիմ հրապարակի ոգեկոչման արարողությունը: Այս տարի էլ, քանի որ զուգադիպեց այնպես, որ սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում էի, չէի կարող Կապիտոլ Հիլում կազմակերպված հանդիսությանը չմասնակցել: 



Իմիջիայլոց, Հայաստանի անկախության 25 տարիներին, պարզվում է՝ հայերն անկախության տոնը նշել են ԱՄՆ որ քաղաքում ասես, բացի Վաշինգտոնից: Բացատրությունն այն է, որ հայկական համայնքները հիմնականում Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում, մյուս մեծ քաղաքներում են: Բայց Հայաստանի անկախության տոնումն ԱՄՆ-ում հանրային հանդիսություն չէ, որ համայնքի ստվարությամբ պայմանավորվի, դա քաղաքական տարողության իրադարձություն է եւ արժեք ունի այնքանով, որքանով դրան Վաշինգտոնի քաղաքական-դիվանագիտական էսթաբլիշմենթն է մասնակցում: Ի պատիվ իրեն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այս տարի արդարացված հավակնություն եւ հեռատեսություն էր ցուցաբերել, եւ շատ հաջողված միջոցառում էր կազմակերպել Կապիտոլ Հիլում, որը վերնագրված էր «ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մեծարման երեկո»:



Կապիտոլ Հիլի միջոցառմանը Ներկայացուցիչների պալատից եւ Սենատից բազմաթիվ անձինք երկար կամ կարճ ժամանակով մասնակցեցին` Ռոբերտ Մենենդեզը, Անն Էշուին, Ֆրենք Փելոնը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Էդ Ռոյսը, Ջիմ Կոստան, Ջուդի Չուն, Բրեդ Շերմանը եւ ուրիշներ: Դեսպանատան նաեւ այն մտահղացումն էր շատ հաջողված, որ ոչ ոք ճառ չէր ասում, միայն կենացներ էին հնչում: Ամենից հետաքրքիրը, իհարկե, Հայկական հանձնախմբի նախագահ Ֆրենք Փելոնի պատմածն էր, թե ինչպես է համարյա 25 տարի առաջ տիկնոջ հետ առաջին անգամ եկել Հայաստան եւ Ղարաբաղ: Նա երկար մնաց սրահում եւ 25-ամյակի տորթն էլ դեսպանի հետ կտրեց:



Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կենացն էր հիշվող` Հայաստանի երեքհազարամյա պատմության համար. կարծում եմ, պետք էր լրացնել` նաեւ երեքհազարամյա ապագայի: Դե, Ադամ Շիֆը, ինչպես դեսպան Հովհաննիսյանն ասաց, հայերի համար ամենաճանաչելի ոչ հայն է աշխարհում, եւ իր այդ կարգավիճակը հաստատելով՝ Շիֆը մի կարճ միջադեպ պատմեց: Օրեր առաջ Կալիֆորնիայում իր ընտրատարածքում էր եղել, մի սրճարանում․ մատուցողը քաղցրավենիք էր բերել, որ ինքը չէր պատվիրել, եւ այն ուղեկցող երկտող էր ունեցել. «Պրն. Շիֆ, շնորհակալություն այն ամենի համար, ինչ Դուք անում եք հանուն հայության»: Ով էր եղել երկտողն ու աղանդերն ուղարկողը, Շիֆն այդպես էլ չի իմացել։ Կարծում եմ՝ ամեն հայ դա կաներ:



Դեսպանից ու սենատորներ-կոնգրեսականներից բացի, հարկ է նշել Ամերիկայի հայկական համագումարի եւ Ազգային կոմիտեի (ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի) մասնակցությունը միջոցառմանը, քանի որ հենց նրանք են հայկական ամենաազդեցիկ լոբբիստական կառույցներն ԱՄՆ-ում, որոնց պետք է շնորհակալ լինենք բազմաթիվ հայանպաստ քայլեր նախաձեռնելու եւ հետամուտ լինելու համար: Ելույթներ ունեցան եւ Բրայան Արդունին, եւ Արամ Համփարյանը:



Միջոցառման կենացները որքան էլ կարճ էին, դրանցում նաեւ գործնական նոտաներ էին հնչում: Մի քանի անգամ հիշատակվեց, որ կարծես հայ-ամերիկյան համագործակցությունը եւ առեւտուրը որոշակի հարկերից ազատելու լոբբինգ է տարվում, անգամ Երեւան-Լոս Անջելես ուղիղ ավիաչվերթի ծրագրեր են կազմված: Եթե նման չվերթ հաստաստվի, դա ոչ միայն հաղորդակցային բեկում կլինի, այլեւ քաղաքական երանգ կունենա, քանի որ, օրինակ, United Airlines-ի կարգի հզորագույն ավիաընկերությունը Վիեննայից, Մյունխենից ու Ֆրանկֆուրտից արեւելք չվերթներ չի իրականացնում (ինչ-որ ժամանակ թռիչքներ եղել են դեպի Մոսկվա, հիմա դրանք չվացուցակից հանված են): Պատկերացրեք՝ Գերմանիայից հետո ամբողջ Արեւելյան Եվրոպան շրջանցելով՝ դեպի Հայաստան լինեն ուղիղ չվերթներ: Դա համեմատելի կլինի իր մեծությամբ, կարծեմ, աշխարհում երկրորդ ԱՄՆ դեսպանատան` Հայաստանում գտնվելու հանգամանքի հետ:
Դատելով այն անկեղծությունից եւ նպատակասլացությունից, որով ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամները հետեւում են հայկական հարցերի կենսագործմանը, թվում է՝ հարկերից մասնակի ազատումն էլ, Լոս Անջելեսի հետ ուղիղ չվերթն էլ իրագործելի գաղափարներ են: Կան եւ շատ ավելի բարդ հարցեր, բայց հանդիսությունները ձեռքբերումներ հիշելու եւ նախանշելու համար են, լուծելի եւ անլուծելի հարցերով կարելի է զբաղվել նաեւ տարվա մյուս օրերին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ