«Հին արքաները» բազմասերիանոց ֆիլմ է եւ օճառային սերիալների հետ կապ չունի

«Հին արքաները» բազմասերիանոց ֆիլմ է եւ օճառային սերիալների հետ կապ չունի

«Յու քոմ» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով հոկտեմբերի 31-ից եթեր կհեռարձակվի «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմը, որը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան Մեծը: Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են: Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը եւ այլ սիրված դերասաններ: Սցենարի հեղինակներն են Լեւոն Գալստյանն ու Հարութ Կբեյանը, իսկ ռեժիսորը՝ Հարություն Շատյանը: 



Սցենարի համահեղինակ Լեւոն Գալստյանը հիմնականում աշխատել է դիալոգների վրա, իսկ Կենտրոնական բանկի մամուլի պատասխանատու, նախկին վարչապետի խոսնակ Հարութ Կբեյանը գրել է ռեմարկները։ Հարցին՝ սցենարն ամբողջությամբ ավարտե՞լ են, թե՞ ֆիլմի նկարահանումներին ընթացիկ գրում են, ինչպես անում են մեր օրերում, ապա՝ ոչ. «Ինքն ամբողջական պատմություն է՝ 24 սերիայից բաղկացած, որ նախապես ամբողջ տեսարաններով մանրամասն թրծվել-եփվել է, ամբողջ նյութը պատրաստ է եղել, նոր սկսել ենք նկարահանումները, եւ ճիշտ կլինի, որ ֆիլմերն ընդհանրապես նման կերպ նկարահանեն»։



Թե որքանով է դժվար եղել պատմական հեռուստաֆիլմի դեպքում հայերենի կիրառությունը, հատկապես՝ մի քանի տեղ նշվել է արդեն, որ էկրանից գրական եւ գեղեցիկ հայերեն է հնչելու, ապա այստեղ միայն գրական լեզվի խնդիրը չէ, սա անհրաժեշտ, բայց դեռեւս ոչ բավարար պայման է. «Լեզուն պետք է նաեւ ոճավորել տվյալ պատմական դարաշրջանի համատեքստում, որը վերաբերում է, դիցուք, Քրիստոսից առաջ 95 թ.-ին, երբ Տիգրան արքան մահացավ։ Լեզուն պետք էր ոճավորել, ինչպես ժամանակին լավագույնս արել է Դերենիկ Դեմիրճյանն իր «Վարդանանք» վեպում, որն անհնար է գերազանցել կամ գոնե մոտենալ այդ մակարդակին։ Այդ ավանդույթը հաշվի առնելով՝ ես, այնուամենայնիվ, փորձել եմ մոտենալ կամ ստեղծել այդ ժամանակաշրջանի լեզվի պատկերը։ Այն լեզուն, որտեղ կան հնաբանություններ, դրա հետ իմպրովիզացիաներ անելը մի քիչ ռիսկային է, ես խնդրել էի պրոդյուսերին, որ նման բաներ չանեն, ինչը եւ նրանք կատարել են»։



Լեւոն Գալստյանը նշում է, որ սա ոչ թե հեռուստասերիալ է, այլ բազմասերիանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ եւ օճառային սերիալների հետ ոչ մի կապ չունի. «Սա ամբողջական պատում է, որի հիմքում պատմությունն է»։ Հիմնական իրադարձությունները զարգանում են Տիգրան Մեծի շո՞ւրջ, թե՞ սյուժետային տարբեր գծեր կան։ Ինտրիգը պահելու համար Գալստյանը չցանկացավ փակագծերը բացել, իսկ թե ինչպես են ծավալվելու դեպքերը, եւ ինչ դերակատարություն ունի Տիգրան Մեծը, պարզ կդառնա միայն ֆիմը դիտելիս։



Պատմական փաստերի մասով՝ ինչքանո՞վ են հավատարիմ մնացել դրանց եւ որքանո՞վ հեռացել։ Անշուշտ, գեղարվեստական հորինվածք կա, հատկապես բոլոր այն դեպքերում, երբ պատմությունը լռում է. «Դա մեզ իրավունք է տալիս լրացնելու, բայց ոչ շեղվելու արդեն ծավալված իրադարձությունների տրամաբանությունից։ Դրա իրավունքը մենք չունենք եւ պետք է պատմական հավաստիությունը անպայման պահպանենք։ Այդ հարցում մեզ շատ օգնեց Արտակ Մովսիսյանը՝ տաղանդավոր պատմաբան, որը ֆիլմի գիտական խորհրդատուն էր»։



Պատմական թեմաներին անդրադարձն այսօր որքանո՞վ կհետաքրքրի օճառային սերիալներին սովոր մեր հեռուստադիտողներին. ֆիլմի սցենարիստ Լեւոն Գալստյանը դժվարանում է այդ հարցին պատասխանել, փոխարենն այլ բան է ընդգծում. «Ինչո՞ւ ենք անդրադառնում պատմությանը, ուզում ենք մնանք անցյալո՞ւմ, անցյալը վերածենք թանգարանի ու դրանով հիանա՞նք, թե՞ այդ ամենն անում ենք այսօրվա ու վաղվա համար, ո՞րն է մեր թիրախը։ Մեր թիրախը մեր ժամանակաշրջանն է ու մեր ապագան, հետեւաբար, անցյալն այն զինանոցն է, որից պետք է օգտվենք, դասեր քաղենք եւ շարժվենք առաջ։ Եթե պատմական այդ իրադարձությունն ակտուալ չէ եւ այսօրվա մարդուն բան չի ասում, դա ինձ համար հետաքրքիր չէ։ Կարեւոր է, թե ինչ ուղերձներ կան, որոնք կենսունակ են նաեւ այսօր, որոնք օգնում են մեզ կամ խանգարում, իսկ դա ֆիլմը նայելու ընթացքում կտեսնենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ