Հայաստանում քանի՞ աշակերտ է ԱՊՀ-ն համարել իր հայրենիքը

Հայաստանում քանի՞ աշակերտ է ԱՊՀ-ն համարել իր հայրենիքը

Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջում մի քանի շաբաթ առաջ հրապարակվեց մի հայտարարություն, ըստ որի՝ ռուսերենով ուսուցմամբ դպրոցների եւ դասարանների աշակերտների համար ԱՊՀ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվում է «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթ:



Հայտարարությունը բավականին մեծ աղմուկ առաջացրեց, որը պաշտոնապես պարզաբանեց նախարարությունը՝ նշելով, որ ««Ռուսսոտրուդնիչեստվո» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1.400 հանրակրթական դպրոցներից վերաբերում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարանում եւ դպրոցում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտի: Ինչ վերաբերում է մրցույթի վերնագրի ընտրությանը, ապա Լեւոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաեւ չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին: Թե դա ինչ պատճառաբանություն է, եւ կատարվածն ինչով է Լ. Մկրտչյանի անտեղյակությունն արդարացնում, դժվար է ասել։ Դրանից հետո նախարարի մակարդակով որոշվեց մրցույթի անվանումը փոխել եւ անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրի ներքո։



Թե ԱՊՀ համագործակցության մրցույթն ինչ արդյունքներ է գրանցել մեր դպրոցներում, փորձեցինք պարզել ռուսերեն ուսուցմամբ մի քանի դպրոցներից։ Գ. Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ ժամկետի հարցում ուշացրել են՝ միաժամանակ նկատելով, որ այդ մրցույթը ցանկալի է, բայց ոչ պարտադիր, հաջորդ տարի ավելի ուշադիր կլինեն ժամկետին եւ անպայման կմասնակցեն։ Նշեց նաեւ, որ դրա փոխարեն հիմա մասնակցում են ռուսական երգի հանրապետական 4-րդ փառատոնին՝ այս դեպքում նույնպես նկատելով, որ փառատոնին մասնակցությունը ցանկալի է եւ ոչ պարտադիր։
Մրցույթ հայտարարվե՞լ է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում, թե՞ ոչ, դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը հրաժարվեց պատասխանել։



Ս. Խանզադյանի անվանի 184-րդ ավագ դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանն էլ ասաց, որ մրցույթն ամփոփել են, մասնակցել է 45 երեխա, ուղղակի չկան ներկայացման արժանի աշխատանքներ։ Արդյունքները լավ չեն գրագիտությա՞ն առումով, թե՞ բովանդակային. տնօրենը նշում է բովանդակային մասը։ Այսինքն՝ երեխաները չե՞ն ըմբռնել թեման։ Ըստ տնօրենի, շատ պարզ են գրել. «Թեմային մոտեցել են, ուղղակի պարզ էր, անհարմար զգացինք ներկայացնել արդյունքները, որովհետեւ, եթե պիտի ներկայացնենք արդյունքները՝ պլյուս անելու համար, անհարմար է։ Ներկայացնելուց գոնե լավագույն բան պիտի ներկայացնես, որ ինքդ էլ վատ չզգաս»։ Հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունի «ուղղակի պարզ էր» ասելով, դպրոցականները չե՞ն պատկերացրել, որ ԱՊՀ-ն իրենց հայրենիքն է, թե՞ համոզիչ չեն գրել իրենց հայրենիքի մասին։ Ասաց, որ նման մանրամասների չի տիրապետում, ամեն դեպքում վստահեցրեց, որ հանձնաժողովն ամենայն ուշադրությամբ է կարդացել բոլոր շարադրությունները։



Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցի ղեկավար Գայանե Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթն անցկացրել են, եղել են շարադրություններ, որտեղ որոշակի հատվածներ են հավանել, բայց լավագույնը չեն ընտրել։ Դպրոցում այս օրերին մեկ այլ շարադրություն էլ են գրել՝ «Ռուսաստանն ու ռուսաց լեզուն՝ իմ կյանքում», դա էլ «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության եւ դարձյալ «Ռուս համագործակցություն» գործակալության հետ համատեղ։ Այդ շարադրությունը միայն ռուսական թեքումով դասարանի աշակերտներն են գրել, թե նաեւ հայախոսները՝ ապա տնօրենն այդ ինֆորմացիային չի տիրապետում։



ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ամփոփե՞լ են «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» շարադրությունների մրցույթը, քանի՞ դպրոց եւ աշակերտ են մասնակցել։ Բալասանյանը նշեց, որ մրցույթը նախարարությունը չի անցկացնում. «Այնտեղ կամփոփեն, կորոշեն, մեզնից ուզել են ընդամենը աջակցություն, որպեսզի մենք տեղեկացնենք, որ նման բան կա, եւ թեման արդեն փոխվել է ու դարձել «ԱՊՀ համագործակցության 25 տարին»։ Դպրոցները մրցույթին մասնակցում են վիրտուալ, եւ գրավորներն էլ այդ ճանապարհով են ուղարկում»։ Ըստ այդմ՝ նախարարությունը չի կարող ասել, թե Հայաստանում քանի դպրոց ու աշակերտ են մասնակցել մրցույթին։ Լիլյա Բալասանյանը հորդորեց քաղաքական ենթատեքստ չփնտրել այստեղ, քանի որ ի սկզբանե այն պարտադրանք չի կրել եւ նախատեսված է եղել հայկական դպրոցներում սովորող Ռուսաստանի քաղաքացիների երեխաների համար, հակառակ դեպքում «ձեռքը կջարդեր», բայց նման բան թույլ չէր տա։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ