Ամերիկյան շրջագայություններ. Շարլոտսվիլ

Ամերիկյան շրջագայություններ. Շարլոտսվիլ

Տարիներ առաջ մի ասույթ եմ լսել, որը չեմ մոռանում: Չինաստանի 20-րդ դարի ղեկավարներից մեկին, չգիտեմ` Չան Կայ-շիին, Մաո Ցզե-դունին, թե ուրիշ մեկին, հարցրել են` ի՞նչ կարծիք ունի 1789-ի Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին: Պատասխանը եղել է. «Դժվարանում եմ ասել. գնահատելու համար դեռ շատ կարճ ժամանակ է անցել»: Գուցե որոշ սեթեւեթանք կա պատասխանում, բայց բազմաթիվ ժողովուրդների դիտանկյունից, որոնք ունեն հազարամյակների պատմություն, իրոք, 150-200 տարին գրեթե ակնթարթ է: Այդպես է Յանգշաոյի քաղաքակրթությամբ ասպարեզ իջած չինացիների պարագայում, բայց ոչ միայն նրանց, այլեւ հնդիկների, ասորիների, հրեաների, հայերի, ղպտիների, հույների եւ այլն… այլեւս չասած Միջերկրականի տարբեր կղզիների մասին, որոնց բնակիչները հավատում են, թե իրենք ոչ միայն հազարամյակների պատմություն ունեն, այլեւ նախապատմական Ատլանտիդայի ժառանգորդն են:



Ամերիկայի նախագահների մայրը` Վիրջինիա



Մինչդեռ ԱՄՆ-ն երկիր է, որի ամբողջ պատմությունը հազիվ երկու-երեք հարյուր տարով է չափվում (ԱՄՆ Անկախության հռչակագիրն ընդունվել է ճիշտ 240 տարի առաջ` 1776-ին): Դրա համար էլ 1800-ականների մի իրադարձություն ԱՄՆ-ում ոչ թե երեկվա օր է, այլ խորը պատմություն, եւ Վիրջինիան էլ ԱՄՆ չափանիշներով հին ու հարուստ պատմություն ունեցող նահանգ է՝ նույնիսկ ամենահին ու հարուստ պատմություն ունեցող նահանգը, քանի որ ներկայիս Վիրջինիայի տարածքում է հիմնադրվել Անգլիայի առաջին գաղութային իշխանությունը մայրցամաքային Ամերիկայում, եւ այստեղ են խարիսխ նետել Ատլանտիկ օվկիանոսը հատած անգլիական նավերը` Եվրոպայից Ամերիկա բերվող առաջին կառավարիչներով ու ներգաղթյալներով: Ըստ վարկածներից մեկի, անգամ նահանգի Վիրջինիա անունն արտածվել է Էլիզաբեթ Առաջին թագուհու Virgin Queen տիտղոսից:



Իսկ պատմականորեն հավաստին այն է, որ անգլիացիների հիմնադրած առաջին բնակավայրը ներկայիս ԱՄՆ տարածքում, ընդհանրապես Ամերիկա մայրցամաքում, եղել է Ջեյմսթաունը: Քաղաքը հիմնադրվել է 1607-ին, Վիրջինիայում, եւ այդպես է կոչվել ի պատիվ Անգլիայի Ջեյմս Առաջին արքայի: Մի պատմաբան նույնիսկ ասել է. «Ջեյմսթաունից է սկսվում բրիտանական կայսրությունը…»: Իրոք, Վիրջինիայի դոմինիոնը Բրիտանական կայսրության առաջին գաղութն էր, որ շաղկապեց Հին ու Նոր աշխարհները:



Վիրջինիայի գաղութացումից սկսվեց մարդկային պատմության, թերեւս, ամենահզոր` Բրիտանական կայսրության տարեգրությունը, որի սահմանները Վիկտորյա թագուհու դարաշրջանում հատում էին երկրագնդի բոլոր մայրցամաքները` Ամերիկայից ու Աֆրիկայից մինչեւ Ասիա ու Ավստրալիա, եւ որի մասին ժամանակակիցներն ասում էին. «Բրիտանական կայսրությունում արեւը երբեք մայր չի մտնում»: Բրիտանական կայսրությունն իր արժեքով եւ ազդեցությամբ Հռոմեական կայսրություն չէր, սակայն քաղաքակրթական ուժով եւ դերակատարությամբ Բյուզանդական, Իսպանական կայսրությունների հարթությունում էր․ ի վերջո, Մեծ Բրիտանիայի նախկին գաղութների այսօրվա հզորությունը` ԱՄՆ-ից ու Կանադայից մինչեւ Նոր Զելանդիա ու Ավստրալիա, Միացյալ Թագավորության մեծության վկայությունն են:



Մինչդեռ Վիրջինիան որքան պատմական արժեք ունի Բրիտանական կայսրության առաջին դոմինիոնը լինելու հանգամանքով, այն էլ ավելի մեծ արժեք ունի Միացյալ Նահանգների պատմության մեջ իր հետագա դերակատարությամբ: Վիրջինիայից է սկսվել պետական հաստատությունների սկզբնավորումը բրիտանական Ամերիկայում. դեռ 1600-ականների սկզբին անգլիացի գաղութարարները Վիրջինիայում հիմնադրել են առաջին ներկայացուցչական օրենսդիր մարմինն Ամերիկայում, որի պատգամավորներն ընտրվում էին երկու տասնյակ ընտրատարածքներից: Վիրջինիայի նահանգային օրենսդիր մարմինը հիմնադրումից ի վեր տարբեր անվանումներով, բայց առանց ընդհատման գործել է եւ հասել մինչեւ մեր օրերը: 1776-ի ԱՄՆ անկախության հռչակագրի հիմքում դրվել են ավելի վաղ Վիրջինիայում գրված եւ ընդունված Իրավունքների հռչակագիրն ու սահմանադրությունը։ Վերջապես՝ Վիրջինիայում են ծնվել եւ ապրել ԱՄՆ առաջին, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ նախագահները` Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջեյմս Մեդիսոնը, Ջեյմս Մոնրոն, ինչի համար էլ Վիրջինիային տրվել է «նախագահների մայր» անվանումը: Բրիտանական առաջին դոմինիոնից մինչեւ ԱՄՆ առաջին նախագահների ծննդավայր ու քաղաքական գործունեության բեմահարթակ. ահա թե ինչ բացառիկ դերակատարություն ու ժառանգություն ունի Ատլանտյան օվկիանոսի ափին տարածվող փոքրիկ Վիրջինիա նահանգը, որը մեր շրջագայության երկրորդ վայրն էր` Վաշինգտոնից հետո:



Վիրջինիայի համալսարանը



Վաշինգտոնից Վիրջինիա ճանապարհորդությունն ավտոմեքենայով մոտ երկու ժամ էր: Ավելի ճիշտ` ոչ թե ճանապարհորդությունը Վիրջինիա, այլ Վիրջինիայի քաղաքներից մեկը՝ Շարլոտսվիլ: Այլապես Վաշինգտոն քաղաքն ինքնին (Washington Metropolitan Area) մասամբ Վիրջինիայի նահանգում է: Ասենք, Պենտագոնը Վաշինգտոն Դի Սի-ում է (District of Columbia), իսկ նրանից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Առլինգտոնի ազգային գերեզմանատունն արդեն Վիրջինիայի նահանգ է:



Շարլոտսվիլը հրաշք էր, ճիշտ Անգլիայի փոքր քաղաքներից էր, ինչպես Marlboro-ն, Salisbury-ն, Stratford-upon-Avon-ը (վերջինս, իմիջիայլոց, Շեքսպիրի ծննդավայրն է, նաեւ Շեքսպիրի շիրիմն է այդտեղ) եւ այլն: Սրանք այն քաղաքներն են, որոնցում երեք հարկանի շինությունը երկնաքեր կարող է համարվել, միահարկ-երկհարկանի տներ են, շենքեր` ծաղիկների, կանաչ թփերի մեջ կորած, քաղաքի մի ծայրից մյուսը կարող ես ոտքով անցնել… Շարլոտսվիլում ավտոբուսներ էլ կային, ընդամենը հինգ երթուղի, որոնք քաղաքի տարբեր ծայրամասերը կապում էին Downtown Mall-ի հետ:



Ես այս փոքր քաղաքները շատ եմ սիրում, գուցե այն պատճառով, որ դրանցում ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում, եւ նման քաղաքներն անպատճառ բացառիկ տեսարժան վայրեր են ունենում, երբեմն բնության, ավելի հաճախ` պատմական անցքերի ու անձերի առնչվող: Շարլոտսվիլն էլ բացառություն չէր․ այդտեղ էր գտնվում Թոմաս Ջեֆերսոնի տուն-թանգարանը` Monticello-ն, ԱՄՆ չորրորդ նախագահ Մեդիսոնի առանձնատունը` Montpelier-ը, որը հետագայում քիմիական արդյունաբերության մագնատ Դյու Պոնտների ընտանիքն է գնել, նաեւ Ash Lawn-Highland-ը, որը ԱՄՆ հինգերորդ նախագահի` Ջեյմս Մոնրոյի ընտանեկան դղյակն էր:



Ցավոք, սակայն, մեր ուղեւորության նպատականիշը Շարլոտսվիլում պատմական տեսարժան վայրերը չէին, այլ նույնքան պատմական, բայց ուսումնական մի հաստատություն` Վիրջինիայի համալսարանը, որը հիմնադրել է Թոմաս Ջեֆերսոնը՝ 1820-ականներին։ Թոմաս Ջեֆերսոնը, որն ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկն էր, որը հեղինակել էր ԱՄՆ անկախության հռչակագիրը եւ զբաղեցրել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, իր կյանքի եւ գործի արժանի եզրափակում է համարում համալսարանի հիմնադրումը, որտեղ երազել էր սովորել երիտասարդության տարիներին:



Հին Հունաստանի ակադեմիաների ոգով Ջեֆերսոնը ծրագրել էր մի հաստատություն, որտեղ ուսանողների եւ դասախոսների շփումը լինի չընդհատվող, եւ օրն ավելի շատ պարտեզում անցնի, քան շենքերում: Ջեֆերսոնի գծագրով, Հռոմի պանթեոնի նմանությամբ կառուցվում է համալսարանի գրադարանը՝ Ռոտունդան, իսկ դրան կից այգու երկու կողմում կառուցվում են երկհարկանի գողտրիկ հանրակացարաններ, որոնց երկրորդ հարկերը հատկացվում են դասախոսներին, առաջին հարկերը՝ ուսանողներին: Այնպես որ՝ եթե կեսգիշերն անց ֆիզիկայի բանաձեւ ես գտել ու կարծում ես, թե Նյուտոնին ես հավասարվել կամ էլ հանկարծ վերծանել ես լեզուն, որով ժամանակին շումերներն են խոսել, կարիք չունես սպասելու հաջորդ օրվան, թեկուզ կեսգիշերին, բարձրանում ես մի հարկ, թակում դասախոսի դուռը եւ նրան պատմում քո հայտնագործությունը: Ասել է թե՝ համալսարանում ոչ թե սովորում ես, այլ ապրում ես գիտակրթական աուրայով եւ միջավայրում: Սա է համալսարանական կրթության բուն էությունը, ոչ թե փոխանցվող գիտելիքները, որ Ջեֆերսոնը միանգամայն ընկալել էր եւ կյանքի կոչեց իր համալսարանում: Պատահական չէ, որ Վիրջինիայի համալսարանն այսօր էլ ԱՄՆ լավագույն համալսարանների քսանյակում է, իսկ հանրային համալսարանների թվում` առաջինը կամ երկրորդը 200 տարի շարունակ:



Մենք Վիրջինիայի համալսարանում մի շարք ծրագրված հանդիպումներ ունեինք, այդ թվում՝ Քաղաքագիտական կենտրոնում, որի ղեկավարը հանրահայտ Լարրի Սաբատոն է, համալսարանական թերթի` Cavalier Daily-ի խմբագրատանը, որի բոլոր աշխատակիցներն ուսանողներ էին, ոչ մեկը լրագրող չէր, բայց հարյուրամյա թերթի դրոշը բարձր էին պահում, ոչ միայն այսօրվա տեղեկատվական օվկիանոսում չէին կորչում, այլեւ քառասուն հազարանոց քաղաքում տասը հազար ընթերցող ունեին: Սակայն առավել հետաքրքրականն ու հիշվողը Վիրջինիայի համալսարանից ուսանող-հանրապետականների եւ ուսանող-դեմոկրատների հետ հանդիպումներն էին: Հանրապետական ուսանողներն աշխատում էին Սենատի հանրապետական թեկնածուի համար եւ չէին ցանկանում խոսել Թրամփի մասին: Մեր խմբից տրվող խաչաձեւ հարցերից էլ չշփոթվեցին՝ նորից ու նորից կրկնելով նույնը, որ իրենք Թրամփի համար չեն աշխատում եւ կարող են պատասխանել միայն Սենատի իրենց թեկնածուի ընտրարշավին վերաբերող հարցերին:



Դեմոկրատ ուսանողները, ընդհակառակը, մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ բացատրում ու համոզում էին, թե ինչու է Հիլարի Քլինթոնը լավագույն թեկնածու, եւ ինչու պետք է ընտրել նրան: Այդ երեխաների պոզիտիվիզմն իրոք վարակիչ էր: Կարծում եմ՝ հրաշալի կլիներ, եթե մեր փոխարեն կամ մեզ հետ Վիրջինիայի ուսանողներին հանդիպեին ընտրություններով զբաղված այն ՀԿ-ների, նախաձեռնությունների ներկայացուցիչները, որոնց առիթ ունեցանք լսելու Վաշինգտոնում, որոնք հավատացնում էին, թե millennial-ներն (1980թ. հետո ծնվածները) ապաքաղաքական են, հիասթափված են թեկնածուներից, ակտիվություն չեն ցուցաբերում ընտրություններում, եւ այլն:



Վիրջինիայի, նաեւ բոլոր մյուս համալսարանների ուսանողներն այդ նիհիլիստական տրամադրությունների կատարյալ բացասումն էին` իրենց աշխուժությամբ, նվիրումով ու կենսահաստատությամբ:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ