Միակ լուծումը 1980-90-ականների հուշարձան-շենքերի ցուցակի վերականգնումն է

Միակ լուծումը 1980-90-ականների հուշարձան-շենքերի ցուցակի վերականգնումն է

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակում, որը կլինի պահպանական գոտու նախագիծ՝ նպատակ ունենալով պահպանել նաեւ հուշարձանի միջավայրը՝ գծելով «անձեռնմխելիության» որոշակի սահմաններ։ Այդ օրինագծի դրույթներից մեկն էլ այն է լինելու, որ 100 տարին լրացած ցանկացած շենք դառնում է պատմամշակութային հուշարձան։ 



«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ ողջունելի է, որ վաղեմության չափանիշը կմտնի օրենքի նախագծի մեջ, բայց, ըստ նրա, դա ոչ մի զգալի արդյունքի չի բերի, քանի որ վաղեմությունը սահմանափակվում է 100 տարով. «Չարժե վաղեմությունը սահմանափակել կոնկրետ տարեթվով։ Այսօր Երեւանում վտանգված են հին, իրենցից արժեք ներկայացնող, բայց ոչ 100 տարին գլորած շենքեր։ Ինչ են լինելու այդ շենքերի ճակատագրերը՝ քանդվելո՞ւ են»։ Մարիամ Խաչատրյանն ընդգծում է՝ չափանիշները պետք է շատ լինեն հայաստանյան «վայրի» պայմաններում, գուցե ավելի շատ, քան քաղաքակիրթ երկրներում։ Այս կամ այն շենքը հուշարձան սահմանելիս պետք է գործեն շատ չափանիշներ եւ ոչ միայն ճարտարապետական արժեք լինելը։ Այդ չափանիշներից կարող են լինել շենքի հասակը, նրա եզակի ճարտարապետական կառույց լինելը, անվանի եւ ընդունված ճարտարապետի ստեղծագործություն լինելը, վառ քաղաքային ճարտարապետական օրինակ լինելը, քաղաքային միջավայր ստեղծելը, ճարտարապետական կամ քաղաքաշինական եզակի հոսանքներին պատկանելը, բնակիչների հարազատ վայրերը եւ այդպես շարունակ։



«Հուշարձանի տեղափոխումը կամ նրա ֆասադային մասը թողնելը պետք է իսպառ վերանա, մյուս կողմից՝ պահպանման եւ անձեռնմխելիության լծակները պետք է շատացվեն, օրենքը պետք է փոփոխվի կամ գրվի կապիտալիստական երկրի հարաբերություններին համապատասխան, այսինքն՝ դետալավորված, որտեղ պետության դերը շատ հստակ պետք է լինի, եւ մասնավոր սեկտորն էլ հստակ իմանա իր անելիքը։ Եվ ամենակարեւորը՝ պետք է ելնել հայաստանյան փորձից եւ պայմաններից»,-ասում է Մարիամը։



Ինչ վերաբերում է նախարարության կողմից հուշարձանի համար օրենքով սահմանված որոշակի «անձեռնմխելիության» սահմաններ գծելու փորձին, ապա նա նկատում է, որ պետք է փոքր մասշտաբով դա սահմանել, ասենք՝ շենքի. «Կարող է այդ շենքն այնքան միջավայրաստեղծ չլինի, բայց պատմի տվյալ ժամանակաշրջանի սոցիալական խավի ապրելակերպի մասին։ Անձեռնմխելիություն որ ասում ենք, դա միայն ֆիզիկական չպետք է լինի։ Կարող է օրենքում մի կետ լինի, որ, ասենք, այդ շենքը չի ներկայացնում իրենից բարձր արժեք՝ որպես քաղաքային միջավայր, բայց դա կարող է արժեք է ներկայացնում՝ այդ կենցաղային չափանիշներից ելնելով»։



Մարիամ Խաչատրյանը թերահավատ է, թե արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը որեւէ դրական արդյունք կտա, ըստ նրա՝ դա ուղղակի ժամանակի եւ միջոցների կորուստ է. «Պետք է ուսումնասիրել լոկալ համատեքստում եւ առաջ գնալ տեղական համատեքստից ելնելով։ Հայաստանը ոչ զարգացած երկիր է եւ ոչ էլ Արեւմուտքի մարդկանց մտածելակերպն ունի, դրա համար դա ոչ մի դրական արդյունք չի տա։ Հիմա միտումն այնպիսին է, որ շատ ավելի լոկալ փորձն են ուսումնասիրում։ Հետո՝ եթե զուգահեռներ ես գտնում, մեխանիկորեն չպետք է բերես-դնես, այլ կարողանաս տեղայնացնել՝ ելնելով մեր ֆինանսական, նաեւ քաղաքային պայմաններից, մարդկանց մտածելակերպից, ներդրողների չափից՝ նրանց մտածելակերպից, պետության ընդհանուր քաղաքականությունից, օրենսդրական դաշտից։ Դու հիմա Ճապոնիայի կամ Ամերիկայի փորձը չես կարող բերել-կիրառել, որովհետեւ դու ճապոնացի չես եւ ոչ էլ ամերիկացի»։
Թե ինչ պետք է անի պետությունը, որ ստիպի սեփականատիրոջը կամ ներդրողին պահպանել հուշարձանն ամբողջությամբ եւ ոչ թե միայն ֆասադը ձեւի համար, ապա. «Ամեն ինչ մեզ մոտ ձեւ է դարձել, այ, եթե ձեւի ձեւաչափից դուրս գանք, ամեն ինչ կընկնի տեղը։ Պետությունն ուզո՞ւմ է դա պահպանվի, ուզո՞ւմ է, որ ներդրողն էլ դա հասկանա ու պահպանի, ուրեմն պետք է իր պետական ռազմավարության մեջ հուշարձանների պահպանությունը դարձնի գերակա խնդիր, պետք է հասկանան, թե ինչու են պահպանում, իսկ պահպանում են ոչ թե նրա համար, որ դա 19-րդ դար է, մենք էլ հայ ենք ու Տիգրան Մեծ ենք ունեցել, այլ որ ինքը դրա մասնիկը պետք է դառնա։ Մենք կարող ենք մի քիչ էլ հայրենասիրության վրա խաղալ, բայց չեմ ասում, որ ամեն ինչ խաղ դառնա։ Ասում ենք՝ 3 հազար տարվա պատմություն ունենք, բայց նույնիսկ անցած դարի պատմությունը չունենք։ 19-20-րդ դարի շենքերը նորմալ չարժեւորվեցին, եթե ժամանակին արժեւորվեին, ապա չէին քանդվի, իսկ հիմա վտանգված է նաեւ 20-30-ականների շենքերը»։



Մարիամ Խաչատրյանն ընդգծում է, որ բոլոր բացառությունները պետք է օրենքում տարբեր ենթակետերով ամրագրել եւ չթողնել հանձնաժողովների վրա. «Իհարկե, այս ամենն անելու համար ժամանակ է պահանջվում, Հայաստանի տեմպերն իմանալով՝ կարելի է ասել՝ շատ ժամանակ, բայց շենք-հուշարձանները չեն կարող սպասել կամ շարունակական ձեւով ոչնչացվել, մինչեւ այդ գործառույթները հասարակության, պետության, մասնավորի գիտակցության մեջ մտնեն։ Այսօր միակ լուծումը 1980-90-ական թվականների հուշարձան-շենքերի ցուցակի վերականգնումն է եւ դրա համալրումը սահմանված չափանիշներին համապատասխան, քանի որ 2004-ին ընդունված ցուցակից բավականին հուշարձաններ են դուրս թողնվել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ