ԱՕԿՍ-ի շենքը յուրացնելու եւ երաժշտության դաշտը մոնոպոլիզացնելու մասին

ԱՕԿՍ-ի շենքը յուրացնելու եւ երաժշտության դաշտը մոնոպոլիզացնելու մասին

Երեկ տեղի ունեցավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը։ Ռեկտորի պաշտոնի համար, ինչպեսեւ 5 տարի առաջ, առաջադրվել էր մեկ անձ՝ գործող ռեկտոր Շահեն Շահինյանը։ Ինչպես նախօրեին արդեն գրել էինք, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ խմորումներ չեն եղել բուհում, ի սկզբանե բոլորի համար պարզ է եղել, որ միակ թեկնածուն Շահինյանն է, որը միաձայն՝ 23 կողմ ձայնով, վերընտրվեց ռեկտորի պաշտոնում։ Բայց մինչ այդ Շահեն Շահինյանը հակիրճ ներկայացրեց իր անցած եւ առաջիկա 5 տարիների անելիքները։ Ըստ այդմ՝ անցած տարիների ընթացքում ավելացել են մասնագիտությունների թիվը, պետպատվերի տեղերը, արձանագրել են որակի բարձրացում, այն է՝ անգլերենի դասընթացներ են կազմակերպվել դասախոսների համար, իսկ այն դասախոսները, որոնք եվրոպական գոնե մեկ լեզվի չեն տիրապետում, խիստ ատեստացիայի կենթարկվեն:



Խորհրդի անդամ Արամ Սուքիասյանի այն հարցին, թե օտար լեզվի իմացությունն սպառնալի՞ք է, չէ՞ որ հնարավոր է այդպես բուհը շատ բանիմաց դասախոսներ կորցնի, Շահինյանը պարզաբանեց․ «Չենք ասի՝ գնա մեր բուհից, բայց նա, ուրեմն, կունենա միայն հայալեզու ուսանողներ»։ Պարզվում է՝ անցած 5 տարիների ընթացքում 150 արտասահմանցի ուսանող է դիմել Կոնսերվատորիա։ Բայց դրանով չեն սահմանափակվել իր կառավարման տարիների հաջողությունները․ Կոնսերվատորիայի բյուջեին «չկպնելով»՝ կարողացել են համակարգիչներ եւ սեղան-աթոռներ ձեռք բերել, աշխատավարձի բյուջեն էլ են փոքր-ինչ բարելավել՝ 37 մլն.-ից հասցնելով 51 մլն.-ի։



Հաջորդիվ հարցեր հնչեցին, ելույթներով հանդես եկան խորհրդի անդամները։ Օրինակ՝ Ռոբերտ Ամիրխանյանին մտահոգում էր, թե ռեկտորն ինչ «ինովացիաներ» պետք է կիրառի դասախոսական կազմի մեջ եւ ինչ սկզբունքներով։ Շահինյանը կարճ կապեց, մոտավորապես այսպես՝ դասախոսի որակն իր ապրած կյանքն է եւ ուսանողի կարծիքն իր մասին։ Խորհրդում ներգրավված են նաեւ ուսանողներ, որոնցից մեկը Սմբատյանի հորդորից հետո որոշեց խոսք ասել ռեկտորի մասին՝ նրան դիմելով «Շահեն Հակոբիչ ջան»։ Այս դիմելաձեւը, հավանաբար, այնքան շոյեց Շահինյանին, որ ուսանողի արտաբերած «հանրակրթական ծրագիրը» հասկացավ «հանրապետական ծրագիր», ինչն էլ համընդհանուր ծիծաղի վերաճեց։ Ինչեւէ, փոխադարձ գովեստների մթնոլորտում անցավ ելույթների հատվածը, իսկ Ամիրխանյանի առաջարկը, թե մեկ թեկնածուի դեպքում բաց քվեարկություն անեն, չընդունվեց։ Բայց, կարելի է ասել, քվեարկությունն անցավ եւ փակ, եւ բաց ռեժիմով, որովհետեւ խորհրդի անդամներն իրենց տեղերում՝ եւ խոսելով, եւ ձեռքի հետ ռեկտոր ընտրելով՝ թղթիկները փոխանցում էին միմյանց կամ հաջողացնում անձամբ գցել արկղի մեջ։ Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանից հետաքրքրվեցի՝ նախապես նաեւ իր անունն էր շրջանառվում ռեկտորի թեկնածուի հավակնորդների մեջ։ «Ես նույնիսկ մեկ րոպե չէի մտածում դրա մասին, որովհետեւ գտնում եմ՝ այն քաղաքականությունը, որ ընտրել է պարոն Շահինյանը 5 տարի առաջ, եւ այն ծրագիրը, որ ինքն ունի, պետք է թողնել, որ հասցնի մինչեւ վերջ»։ Բաբախանյանը բացատրություն չուներ այն հարցին, թե ինչով է պայմանավորված այլ թեկնածու չլինելը, նշեց միայն, որ ինքը պատրաստ չէր եւ ռեկտոր դառնալու ցանկություն չուներ։ Մի քանի հարց ուղղեցինք խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանին, որի հովանավորյալն է Շահեն Հակոբիչը։



- Պարոն Սմբատյան, ինչո՞վ եք բացատրում, որ այլ դիմումներ չեն եղել ռեկտորի տեղի համար, սովորաբար մրցակցության բացակայությունը ճահճացման մասին է խոսում։



- Գիտեք, քանի որ մեր բնագավառը բավականին սեղմ է, ու բոլորն իրար ճանաչում են, դա է պատճառը, որ, ճանաչելով, հարգելով, գնահատելով՝ չեն եղել այլ թեկնածուներ։ Իհարկե, կարող էին լինել այլ թեկնածուներ, թող դնեին իրենց թեկնածությունները, եղե՞լ է մեկը, որ ուզեցել է դնել, մենք ասել ենք՝ մի դիր։ Չկա նման բան, անկեղծ եմ ասում։



- Բայցեւայնպես, երաժշտական աշխարհում ցանկացած ընտրություն, նշանակում Ձեզ է վերագրվում՝ լինի դա Օպերան, թե Կոնսերվատորիան։ Ավելին՝ անթաքույց դժգոհություններ կան, որ Սմբատյանները մոնոպոլիզացրել են երաժշտական դաշտը։ Ի՞նչ կասեք սրա մասին։



- Դրանով կարելի է միայն հպարտանալ, որովհետեւ շատ ակտիվ եմ այս դաշտում, ես շատ սիրում եմ այս դաշտը, իմ ամբողջ կյանքը նվիրել եմ երաժշտությանը եւ ամեն ինչ արել եմ, եւ եթե այսօր Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհին որեւէ բնագավառում, դա երաժշտությունն է։ Ես դա համարում եմ իմ հաղթանակներից մեկը եւ միշտ պետք է զբաղվեմ, որ մեր երաժշտությունը լինի առաջինը եւ ներկայացնի մեր երկիրը։



- Իսկ այն, որ ասում են՝ Դուք եք նշանակում այս կամ այն մարդուն...



- Դա մեծ պատիվ է ինձ համար, թող լինի այդպես, եթե հնարավորություն ունենայի՝ կնշանակեի։ Հետո, գիտեք, դա Արմեն Սմբատյանի կերպարն է, որը եղել է Կոնսերվատորիայի ռեկտոր, նախարար, երկար տարիներ եղել է դեսպան, ԱՊՀ երկրների ֆոնդի տնօրեն, հիմա էլ` նախագահի խորհրդական: Դա բերում է նրան, որ մեկը կա` տիրություն է անում. դա վատ բան չէ: Թե չէ` անտերություն որ լինի, ով ինչ ուզենա` անի, դա լա՞վ է։



- Խոսքը նաեւ Ձեր միջնորդությունների, հովանավորչության մասին է։



- Չկա նման բան, այ, այդ մեկը սուտ է, երբեք անտաղանդին, անորակին չեմ պաշտպանել։ Չի եղել նման բան։



- Ինչպե՞ս եք գնահատում Օպերայի ներկայիս վիճակը, հատկապես Կոնստանտին Օրբելյանի նշանակումից հետո։



- Շատ բարձր եմ գնահատում Կոնստանտին Օրբելյանին, նա դրսի հետ կապված մարդ է, մեծ հնարավորություններ ունի, բաց դաշտ ունի, պետք է գա-օգնի, տանի-բերի, պետք է մի քիչ բացվենք, թե չէ ճահճանում ենք, հնարավոր չէ այլեւս։



- Բայց հեռվից հեռու որքանո՞վ է արդյունավետ թատրոնի կառավարում իրականացնելը․ Օրբելյանը Հայաստանում գրեթե չի լինում։



- Ամբողջ աշխարհն այդպես է ապրում, չկա այնպիսի բան, որ մարդն առավոտը գա-նստի, գիշերը գնա։ Սա գործարան չէ։ Ինքը պետք է գնա-շփվի եւ գնում է Նյու Յորք, Ճապոնիա, Վիլնյուս՝ համերգ է տալիս։ Չէ՞ որ նա աշխարհի մարդ է, ուրիշ բան, որ պետք է կարողանա ավելի շատ լինել, ավելի ակտիվ լինել։ Ես վստահ եմ՝ եթե չհիասթափվի ու չհիասթափեցնեն, մենք կունենանք հաջողություն։



- Իսկ Արմեն Ամիրյանի հետ, որպես նոր մշակույթի նախարար, հասցրե՞լ եք շփվել, ի՞նչ սպասելիքներ կան։



- Արմեն Ամիրյանն իմ լավ բարեկամն է, շատ լավ նրան ճանաչում եմ եւ կարծում եմ՝ ամեն ինչ պետք է շատ լավ լինի։



- Վերջին ամիսներին շատ խոսվեց, շատ դժգոհություններ եղան, որ պետությունն անկախության 25-ամյակի միջոցառումների համար 100 մլն.-ից ավելի դրամ հատկացրեց «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին՝ այն դեպքում, որ Կոմպոզիտորների միությանը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար հատկացրել է ընդամենը 4 մլն.։ Որքանո՞վ են այդ հատկացումներն արդար ու իրավահավասար բաշխված։



- Բաշխվելու հարցը չէ, ճիշտ չեն ասում։ Ճիշտը նա է, որ եղել է մրցույթ, ներկայացվել են ծրագրեր, հաղթել է այս ծրագիրը՝ փայլուն ծրագիր, որը համախմբել է ամբողջ Հայաստանի երաժշտական դպրոցների լավագույն երաժիշտներին։ Դա ֆանտաստիկ ծրագիր էր, եւ այդպիսի բան չէր եղել, 6-7 ամիս աշխատեցին եւ հրավիրեցին լավագույններին։ Եվ այդ ծիծաղելի գումարով կարողացել են կազմակերպել այդպիսի միջոցառում։ Սա է։ Իսկ Ձեր ասածը, որ Կոմպոզիտորների միությանը տվել են 4 մլն., ես կարծում եմ, որ 1 մլն. էլ չպետք է տային։



- Ինչո՞ւ...



- Չգիտեմ, իսկ ի՞նչ են անում... ես տեսա, որ անկախության 25- ամյակին ամբողջ երկիրը հավաքվեց, եւ մեր հայ երաժիշտներն իրենց արվեստով ներկայացան աշխարհին։



- Շատ է խոսվել ու գրվել, որ Դուք եւ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը յուրացրել եք պետական հուշարձանը՝ ԱՕԿՍ-ի շենքը։ Ի՞նչ կասեք սրա մասին։



- Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի պահպանենք շենքը, մենք գումարներ ենք հայթայթել, վերականգնում ենք, հատակն ամբողջությամբ փայտ էր, որն ուղղակի փտում էր, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի վերականգնենք, եւ այդ գեղեցիկ շենքը պահպանվի։



- Բայց շենքի սեփականատերերը դուք եք, չէ՞...



- Մենք գումարներ ենք վերցրել կրեդիտներով, որ կարողանանք վերականգնել այդ գեղեցիկ շենքը, սեփականատերը ո՞րն է... ի՞նչ կապ ունի, թե ով է սեփականատերը, սեփականատերը մեր ժողովուրդն է... ինչպե՞ս կարող էինք կրեդիտներ վերցնել, ինչպե՞ս կարող էինք աշխատեցնել դա, մենք իրավունք չունեինք, մենք դրա համար ստեղծեցինք կազմակերպություն, որն իրավունք ունի կրեդիտ վերցնելու, գումարներ հայթայթելու։ Սա շատ բարդ բան է, եւ դեռ չենք վերջացրել, ահագին աշխատանք ունենք անելու, դա հին շենք էր, որն ամբողջությամբ ամրացրել ենք։



- Շենքը մնալու է որպես հուշարձա՞ն, թե՞ այլ նպատակներ կան։



- Ոչ մի բան, արդեն ամբողջն ամրացրել ենք, որպես հուշարձան է մնալու, եւ ազգովի հպարտանալու ենք այդ շենքով։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ