Պետությունը լավ մշակույթ չունի, որովհետեվ լավ պետությո՞ւն չէ, թե՞ հակառակը

Պետությունը լավ մշակույթ չունի, որովհետեվ լավ պետությո՞ւն չէ, թե՞ հակառակը

Նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախօրեին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել նախկին մշակույթի նախարարներին՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գեւորգ Գեւորգյան, Հովիկ Հովեյան եւ Հասմիկ Պողոսյան։ Ներկա չի եղել միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Ներկա եւ նախկին նախարարները քննարկել են երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ եւ որոշել մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարեւոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։



Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը հանդիպումից գոհ է, ասում է՝ նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծելու մեջ լավ բան է տեսնում, այն իմաստով, որ դա կարող է քաղաքականության անընդհատականության շարունակականության մոտիվ ապահովել. «Մի բան, որը մեզ մոտ գոյություն չունի, մի նախարար դուրս է գալիս, հաջորդը գալիս է ու չգիտի որտեղից կամ ինչից սկսի։ Այդ իմաստով շատ լավ բան է»։
Ցանկություններից բացի, հնչել են նաեւ առաջարկներ, Հակոբ Մովսեսի առաջարկը հետեւյալն է եղել. «Ամենակարեւոր հարցը ես այսօր համարում եմ հայկական մշակույթի գերատեսչական ղեկավարման սկզբունքները պարզելը, դա պետք է, թե պետք չէ, ինչքանով է պետք, ինչ ամբիցիայով կամ ինչ պաթոսով է պետք։ Կարծում եմ՝ սա մեր այսօրվա ամենակարեւոր հարցն է»։ Գերատեսչական ղեկավարման սկզբունքներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ մշակույթի նախարարության քաղաքականությո՞ւնը։ Ոչ միայն. «Թե ընդհանրապես պետությունն ինչքանով պետք է խառնվի մշակույթի գործերին, եթե նկատի չունենանք ֆինանսավորումը, որը պետությունը պարտավոր է անել։ Այսինքն՝ մշակույթն ինչքանով պետք է կախված լինի պետությունից՝ եւ պաթոսով, եւ պաթոսից բխող մյուս բաներով»։



Հակոբ Մովսեսը չցանկացավ գնահատել Արմեն Ամիրյանի այս 1-2 ամսվա գործունեության մեկնարկը, ըստ նրա՝ կոռեկտ չէ գնահատել մարդուն իր մեկ ամսվա աշխատանքով. «Ընդհանրապես, իրեն մենք վաղուց գիտենք, ինքը շատ բարյացակամ, կարգին, լավ մարդ է, հույս ունենք, որ այս որակներն իր գործունեության մեջ կարտահայտվեն»։



Ինչքան էլ նախանշված նպատակները բարձր ու ազնիվ լինեն, հնարավո՞ր է մշակութային բարձր առաջընթաց ապահովել, եթե երկրում մարդիկ աղքատ են, տնտեսությունն անկում է ապրում։ «Դիպուկ հարցադրում է, իհարկե՝ մեծ հաշվով, եթե պետությունը սոցիալական որեւէ վիճակի մեջ է, դա նշանակում է, որ ինքը մշակութաբանական այդ վիճակի մեջ է։ Այստեղ շատ կարեւոր հարց կա՝ պետությունը լավ մշակույթ չունի, որովհետեւ լավ պետությո՞ւն չէ, թե՞ լավ պետություն չէ, որովհետեւ լավ մշակույթ չունի, այսինքն՝ չունի պետություն ձեւավորող մշակույթ։ Այս իմաստով սրանք իրար հետ կապված են, բայց ես այն կարծիքին չեմ, որ մշակույթի քաղաքականությունը պետության կողմից ֆինանսական քաղաքականությունն է, այսինքն՝ եթե վաղն օպերային թատրոնին կամ Սունդուկյան թատրոնին տանք ամիսը 2 մլն. դոլար պետական աջակցություն, դա չի նշանակում, որ այնտեղ մակարդակը միանգամից կբարձրանա՝ այդ հատկացումներին համապատասխան։ Սա շատ խորունկ հարց է, եւ մենք մինչեւ չպատասխանենք այն հարցին, թե մեր պետությունն ու մշակույթն ինչ հարաբերությունների մեջ պետք է լինեն, ոչ մի քայլ առաջ չենք կարող գնալ։ Այսինքն՝ եթե ամբողջ մշակութային համակարգը պետության ղեկավարման ձեռքում է՝ իր տնօրեններով, գեղարվեստական ղեկավարներով, վաստակավորներով, անվաստակավորներով, ես կարծում եմ՝ հոգեբանորեն մենք լինելու ենք նույն վիճակում, ինչ վիճակում եղել ենք 40 տարի առաջ, երբ տվյալ պետության մեջ տվյալ մշակույթը տվյալ ֆորմայով կար, հիմա այդ պետությունը չկա, բայց էլի մնացել է տվյալ մշակույթը տվյալ ֆորմայում»։



Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ նշեց, որ միմյանց հետ հարաբերվելու, խոսելու, քննարկելու բազմաթիվ հարցեր ունեին եւ հաջորդ հանդիպումից սկսած՝ կոնկրետ խնդիրներով ու առաջարկներով են հանդիպելու. «Մեր ցանկությունները շատ են՝ քաղաքական հարցերից սկսած մինչեւ տնտեսական, մենք այնքան չլուծված խնդիրներ ունենք հատկապես մշակույթի բնագավառում։ Մենք երկրի մարդիկ ենք եւ երկրի խնդիրներին ծանոթ ենք, կփորձենք բոլոր կնճռոտ խնդիրները քննարկել եւ պատրաստակամություն ենք հայտնել բոլոր հարցերում՝ ով ինչով կարողանա, օգտակար լինի»։



Այս ձեւաչափով հանդիպում դեռ երբեւէ չի եղել, ինչը Գեւորգյանը շատ է կարեւորում, որովհետեւ հավաքված են մարդիկ, որոնք փորձ եւ լումա ունեն այս երկրի համար ներդրած, «արվեստագետներ են, որոնք կարող են շատ օգտակար լինել։ Լավ կլիներ, որ ուրիշ բնագավառներում էլ նման երեւույթ ստեղծվեր, բայց մեր բնագավառը լավ է այնքանով, որ բոլորն արվեստագետներ են, եւ իրար հետ հարաբերվելու խնդիրն ավելի հեշտ է, մնում է կարողանանք մեկս մյուսին օգտակար լինել։ Կարծում եմ՝ շատ լավ նախաձեռնություն է եւ իր դրական արդյունքը կունենա»։



Ըստ Գեւորգյանի՝ մշակութային քաղաքականություն կա, ուրիշ հարց, որ բավարար չէ, եւ բազում խնդիրներ կան բոլոր բնագավառներում։ Նա կարծում է, որ ներկա եւ նախկին նախարարների այս հավաքները կարող են էապես նպաստել տարբեր ոլորտներում մշակութային քաղաքականությունն ավելի բարենպաստ, հստակ ու արդյունավետ դարձնելուն։



Հանդիպմանը ներկա նախկին նախարարների մեծ մասը խուսափեց որեւէ մեկնաբանություն տալ հանդիպման հետ կապված, եթե Հովիկ Հովեյանն իր 60-ամյակի տոնակատարությանն էր պատրաստվում եւ չցանկացավ պատասխանել թեկուզեւ «անմեղ» մի քանի հարցի, ապա Ռոլանդ Շառոյանն ավելի կտրուկ էր եւ հորդորեց բավարարվել արդեն հրապարակված լրատվությամբ, որից հետո անջատեց հեռախոսը։ Ինչեւէ՝ հուսանք, որ նախկին նախարարների համագործակցությունը գոնե կստացվի միմյանց հետ եւ ձեւական բնույթ չի կրի։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ