Բարոյական դաշտից տեղափոխել ենք իրավական դաշտ

Բարոյական դաշտից տեղափոխել ենք իրավական դաշտ

Նախօրեին Քաղաքաշինության պետական կոմիտեում կայացել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի քննարկումը, որին մասնակցել են նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Լրամշակված եւ վերջնական խմբագրումներն անցած «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Համատեղ խորհրդակցությունը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, իսկ խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Երեւանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց տրանսպորտային հանգույցի կարգավորման վերաբերյալ առաջարկները։



Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ֆելիքս Փիրումյանը, արված առաջարկներն ուղղված են օրենքի բարելավմանը. «Շատ կարեւոր օրենք է, որը կարգավորում է ճարտարապետական գործունեությունը։ Այդտեղ մտնում է նոր հասկացողություն, որի կարիքը մենք շատ ունեինք, այն է՝ պետք է պարտադիր մշակվեն էթիկայի կանոններ, քանի որ այս բացասական երեւույթները շատ դեպքերում հենց այդ էթիկայի կանոնների խախտումների հետեւանքն են, որը տեսնում ենք քաղաքաշինական տեսանկյունից, օրինակ՝ անթույլատրելի շենք-շինություններ են հայտնվում ոչ այնտեղ, որտեղ պետք է լինեն, եւ այդպես շարունակ»։



Այլ կերպ ասած՝ էթիկայի հարցը բարոյական դաշտից տեղափոխվել է իրավական դաշտ, որտեղ կոնկրետ պատժամիջոց է հետեւելու կոնկրետ խախտմանը. «Այո, ճիշտ նկատեցիք, բարոյական դաշտից տեղափոխել ենք իրավական դաշտ։ Այդ էթիկայի կանոններն իրենք են գրելու, իրենց ընդհանուր ժողովում ընդունելու եւ իրենք են ապահովելու դրա վերահսկողությունը, ավելին ասեմ՝ խախտման դեպքում գործելու են պատժամիջոցներ, որի արդյունքում կարող են եւ լիցենզիայից զրկվեն, եւ պալատից հեռացվեն։ Երկրորդ. մենք այդ լիցենզավորված գործունեությունը տեղափոխում ենք եւ ճարտարապետական պալատին ենք տալիս, այսինքն ասում ենք՝ դուք ինքներդ որոշեք, թե ձեր համակարգում ով պետք է լինի այդ ճարտարապետը, որին դուք վստահում եք։ Այդ պալատը նաեւ խումբ է ստեղծում, որ եթե հետագայում ճարտարապետական գործունեության արդյունքում տեղի է ունենում վնաս, ապա բոլոր անդամներն իրենց անդամավճարներից պետք է հատուցեն ամբողջ վնասը։ Այսինքն՝ ինքնակառավարվող այդ կազմակերպությունը նաեւ պատասխանատվություն է վերցնում իր անդամ ճարտարապետների բացասական գործունեության համար»։



Օրենքում փոփոխություններ անելու մոտ 20 առաջարկ է հնչել, որոնք թե տեխնիկական բնույթի են եւ թե քաղաքային միջավայրի բարելավմանը միտված։ Առաջարկների թվում եղել են նաեւ խորհրդի գործունեությանը եւ անդամավճարի հետ կապված հարցեր։
Ինչ վերաբերում է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ (Բանվորի արձանի մոտից մինչեւ կրկես) տրանսպորտային հանգույցի կարգավորմանը, ապա այդ խնդիրը լուծելու տարբեր եղանակներ կան, այդ թվում՝ էստակադայի կառուցում։ «Այս առումով համամիտ եմ մեր ճարտարապետների հետ, որոնք կարծում են, որ էստակադայի միջոցով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորելը ոչ լավագույն տարբերակն է։ Բաղրամյան-Կիեւյան խաչմերուկում մենք կառուցած էստակադա ունենք, որը կարծես թե լուծում է տրանսպորտային երթեւեկության կանոնակարգման խնդիրը, բայց քաղաքաշինական տեսանկյունից ոչ հաճելի լուծում է»,-ասաց Փիրումյանն ու նշեց, որ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոցի համար փորձաքննություններ կիրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչքանով են համապատասխանում նորմերին, որից հետո կգան եզրակացության, թե որ տարբերակն ընտրել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ