Սմբատյանին խորհուրդ տվեցին չթքել այն աղբյուրի մեջ, որից ջուր է խմում

Սմբատյանին խորհուրդ տվեցին չթքել այն աղբյուրի մեջ, որից ջուր է խմում

Նոյեմբերի 18-ին, երբ Կոնսերվատորիան վերընտրեց նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին, ընտրությունից հետո մի քանի հարց ուղղեցինք խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանին՝ երաժշտական աշխարհում իր հովանավորչական դիրքի, իրեն վերագրվող նշանակումների, ԱՕԿՍ-ի շենքի սեփականացման մասին։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, թե որքանով են արդար ու համաչափ կատարվում ֆինանսական հատկացումները, երբ, օրինակ, անկախության 25-ամյակի միջոցառումների համար պետությունը 100 մլն.-ից ավելի դրամ հատկացրեց «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, իսկ Կոմպոզիտորների միությանը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ ընդամենը 4 մլն.։



Սմբատյանը պատասխանել էր. «Բաշխվելու հարցը չէ, ճիշտ չեն ասում։ Ճիշտը նա է, որ եղել է մրցույթ, ներկայացվել են ծրագրեր, հաղթել է այս ծրագիրը՝ փայլուն ծրագիր, որը համախմբել է ամբողջ Հայաստանի երաժշտական դպրոցների լավագույն երաժիշտներին։ Դա ֆանտաստիկ ծրագիր էր, եւ այդպիսի բան չէր եղել, 6-7 ամիս աշխատեցին եւ հրավիրեցին լավագույններին։ Եվ այդ ծիծաղելի գումարով կարողացել են կազմակերպել այդպիսի միջոցառում։ Սա է։ Իսկ Ձեր ասածը, որ Կոմպոզիտորների միությանը տվել են 4 մլն., ես կարծում եմ, որ 1 մլն. էլ չպետք է տային։ - Ինչո՞ւ... - Չգիտեմ, իսկ ի՞նչ են անում... ես տեսա, որ անկախության 25-ամյակին ամբողջ երկիրը հավաքվեց, եւ մեր հայ երաժիշտներն իրենց արվեստով ներկայացան աշխարհին»։



Այս հայտարարությունը դժգոհության ալիք էր բարձրացրել թե միության եւ թե, ընդհանրապես, կոմպոզիտորների շրջանում, այն աստիճան, որ միության անդամներից շատերը նախագահ Արամ Սաթյանից պահանջել էին վարչության նիստ հրավիրել եւ հեռացնել Սմբատյանին թե միությունից եւ թե կառավարման խորհրդի կազմից, որտեղ նա ընդգրկվել է հենց Սաթյանի հրավերով՝ վերջին 3 տարին։ Կոմպոզիտորներին հատկապես վրոդովվեցրել էր այն փաստը, որ, լինելով միության անդամ, Սմբատյանը խոսել է միության դեմ՝ զրոյացնելով իրենց աշխատանքն ու վարկաբեկելով միության անունը։ Երաժշտական շրջանակներում ընթացող խոսակցություններն ստիպել էին, որ Արմեն Սմբատյանը բացատրություն տա Արամ Սաթյանին, նշելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել՝ ինքը դա նկատի չի ունեցել։ Նույնը Արմեն Սմբատյանն ասաց նաեւ մեզ՝ խոսքերն իրենն են, բայց այդ խոսքերի տակ այլ բան է նկատի ունեցել։ Սակայն տարընթերցման խնդիր չի կարող լինել, քանի որ ձայնագրությունը կա, եւ ցանկության դեպքում կարող ենք այն հրապարակել։



Այդուհանդերձ, երեկ Կոմպոզիտորների միությունը վարչության նիստ էր հրավիրել, որին, սակայն, ներկա չէր Արմեն Սմբատյանը։ Միության նախագահ Արամ Սաթյանը ներկայացրեց այս եւ հաջորդ տարվա իրենց անելիքները, ապա նշեց, որ շտապել են եւ նախատեսվածից շուտ են տպել իրենց տարեկան հաշվետվությունը, որովհետեւ նախօրեին իրենց ուղղված մեղադրանք է հնչել, «թե ինչ ենք արել մենք»։ Քանի որ Արամ Սաթյանն իր ասելիքը կառուցում էր հիմնականում անանուն եւ անհասցե ձեւաչափով, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը չդիմացավ եւ հորդորեց չվախենալ ու բաց խոսել, թե որն է խնդիրը։



«Այս միության մեջ բախումներ շատ են եղել, բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ այդ բախումների ժամանակ վարկաբեկվեր միության անունը, նախորդ նախագահի դեմ էլ մենք խոսել ենք, բայց ոչ մեկիս մտքով չի անցել, որ ասենք՝ միությանը պետք չէ գումար տալ։ Ես դրա վրա շատ զարմացած եմ եւ գտնում եմ, որ դա անհամատեղելի է միության անդամի համար։ Եվ այստեղ պետք է ասվի, թե ինչի համար է դա ասվել՝ միայն նրա համար, որ իրեն մերժվեց Դիլիջանի վաճառքը, ինքն ուզում է տեր դառնալ Դիլիջանի տանը, բայց խորհրդի եւ նախորդ վարչության նիստի ժամանակ քվեարկության դրվեց, ու այս հարցը չանցավ։ Սա է ամբողջ բացատրությունը։ Մենք կոմպոզիտորներ ենք, արվեստագետներ, պետք է իրար հարգենք, հատկապես, եթե խոսքը գնում է կազմակերպության մասին, առավել եւս, որ դա մարդ է, որն ունի պաշտոնական դիրք»,- ասաց Լ. Չաուշյանը։



Արամ Սաթյանն էլ իր հերթին նշեց, որ ոչ մեկը ոչնչից չի վախենում, ուղղակի պետք է պատասխանատու լինենք թե մեր խոսքերին, թե մեր գործունեությանը, Արմեն Սմբատյանը խորհրդի անդամ է, եւ եթե մի բան այն չէ, ուրեմն մեղքը նաեւ իրենն է. «Եթե Կոմպոզիտորների միությունը մի բան չի արել, եւ այդպիսի առաջարկություն չենք լսել, էլի իրենն է, մենք բոլորս պատասխանատու ենք միության համար, հատկապես խորհրդի անդամները, խորհուրդը նշանակել եմ ես եւ առաջարկել եմ այն մարդկանց, որոնք պետք է գործունյա լինեն ու օգտակար լինեն Կոմպոզիտորների միության աշխատանքին։ Եվ եթե ինչ-որ մեկը խորհրդի անդամ է ու չի պատկերացնում այդ բանը իր օգտակարության վերաբերյալ, ես կարծում եմ՝ այդ մարդը կարող է նաեւ խորհրդի անդամ չլինել»։
Նիստի ավարտից հետո, սակայն, Արամ Սաթյանը նշեց, որ չի շտապում Սմբատյանին միությունից հեռացնելու հարց բարձրացնել. «Երբեք, եթե հեռացնելու հարց լինի, ապա շատ մարդ կա հեռացնելու։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք իրար վերաբերվենք սիրով, եւ շատ հաճախ այն, ինչ ասվում է ջղայնությամբ, պահի տակ, կուզենայի, որ յուրաքանչյուրը հասկանար, որ դա առաջին հերթին վերաբերում է իրեն, տվյալ դեպքում Սմբատյանի մասին ենք խոսում, որը մեր խորհրդի անդամ է ու իր վրա պետք է վերցներ պարտականություններ, եթե այդ պարտականություններն իր վրա վերցներ, երեւի այդ ֆրազան չէր լինի»։ Կոմպոզիտորների միության նախագահը ներողամտաբար է մոտենում Սմբատյանի արած արտահայտությանը. «Ես մարդկանց ներում եմ, ինչը շատերի համար կարող է թվալ թուլություն, բայց հակառակը, շնորհիվ դրա, ես կարծում եմ՝ հարաբերությունները կշարունակեն լավ լինել, մեր երաժշտությունը կշահի, այ, եթե դա կրկնվի, այդ ժամանակ խոսակցությունն այլ ձեւ կլինի, որովհետեւ չի կարելի թքել այն ջրի մեջ, որից ջուր ես խմում, իսկ սա մեր ընտանիքն է»։



Ինչ վերաբերում է միության Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի խոսակցություններին, ապա Սաթյանը նկատում է, որ այդպիսի առաջարկ եղել է մի կազմակերպության կողմից, որին սատարում է Արմեն Սմբատյանը։ «Եվ ոչ միայն մեկ, այլ մի քանի կազմակերպությունների կողմից, դրա համար մենք ուզում ենք դեմն առնել, որ այդպիսի բան չլինի»,-ասում է նա ու ընդգծում, որ անպայման մինչեւ տարեվերջ բաց նամակով կդիմեն վարչապետին՝ Դիլիջանի ստեղծագործական տունը պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում ներառելու համար, քանի որ այդտեղ հանգստացել են շատ մեծ արվեստագետներ՝ Շոստակովիչը, Շչեդրինը, Պլիսեցկայան, Ռոստրոպովիչը։ Ի դեպ, նման առաջարկի հեղինակը Լեւոն Չաուշյանն էր, որի կարծիքով՝ Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի հարցը դամոկլյան սրի պես կախված է միության գլխին։



Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար էլ առնվազն տարօրինակ են այդ խոսակցությունները, քանի որ Դիլիջանի տունը վաճառքի ենթակա չէ, ինչքան էլ որ գրավիչ առաջարկներ հնչեն. «Դիլիջանը պետք է պահպանել՝ առանց այն վաճառելու նախապայմանի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ