Երբ լսում ես Կոմիտաս, քո գենի մեջ արթանանում է հիշողությունը (լուսանկարներ)

Երբ լսում ես Կոմիտաս, քո գենի մեջ արթանանում է հիշողությունը (լուսանկարներ)

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Նաիրյան վոկալ անսամբլի համերգը, որի ժամանակ հնչեցին ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ։ Համերգի ընթացքում ներկայացվեց 32 կատարում, ելույթ ունեցան նաև հրավիրված քանոնահարներ՝ քանոնահար Շուշանիկ Սաղաթելյանի ղեկավարությամբ։ Անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը Նաիրա Մուղդուսյանն է, ով պատմեց, որ նման անսամբ ունենալու միտք ունցել է դեռ 2 տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով միայն մեկ տարի առաջ կարողացավ այն կյանքի կոչել։ Նաիրյան վոկալ անսամբլը ստեղծվել է 2015 թվականին՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում․ «Մեկ տարի է արդեն ինչ մենք երիտասարդներով հավաքվել ու փորձում ենք ունկնդրին մատուցել բարձրորակ երաժշտություն, լինի դա ժողովրդական, դասական, արտասահմանյան, թե ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ամեն դեպքում մենք հավատում ենք, որ պահանջարկը չէ, որ ծնում է առաջարկ, այլ հակառակը՝ ինչ առաջարկես, այն էլ պետք է լսեն։ Ու քանի որ այսօր թե եթերից, թե տարբեր առիթների դեպքում ականատեսն ենք լինում, թե ինչպես է աղավաղվում երգն ու երաժշտությունը, որոշեցինք մենք էլ մեր միջոցներով մասնակիցը դառնալ մշակութային կյանքին՝ ներկայացնելով բարձրորակ երաժշտություն։ Հայկական երգն ունի մի առանձնահատկություն, դրանք կարճ են եւ մեղեդին անընդհատ կրկնվելու սկզբունքի վրա շարունակվում է եւ որպեսզի ձանձրալի չլինի, մենք այսօր կարճ կարճ համարներով ներկայացրեցինք կոմիտասյան ժողովրդական երգերի շարքի մեծ մասը։ Իսկ երբ լսում ես Կոմիտաս քո գենի մեջ արթանանում է հիշողությունը։ Երգացանկում ունենք նաեւ հոգեւոր երգեր եւ առաջիկայում նախատեսում ենք եվրոպական ծրագիր ներկայացնել»։ Համերգն ավարտվեց քոչարիով, որը Նաիրայի խոսքով միայն վերջին օրն են որոշել եւ իրականացրել։  



Համույթում ընդգրկված են 5 երգչուհիներ, նրանցից երկուսն ունեն դասական կրթություն, մեկը խմբավար է, մնացած երկուսն էլ ջազային եւ էստրադային երգչուհիներ են։ Թատերական կրթությունից բացի Նաիրան մասնագիտակցել է նաեւ դասկան վոկալ եւ խմբավարական արվեստում, իսկ այս տարի պատրաստվում է դիմել Կոնսերվատորիա։ Համույթի հիմնադիր ղեկավարը նշում է, որ իր համար կարեւոր է, որպեսզի խմբում ոչ միայն իր խոսքն անցնի, այլ խմբի յուրաքանչյուր անդամ ունենա ստեղծագործելու ազատ հնարավորություն․ «Երաժշտությունն առհասարակ զգացողության վրա ապրող բան է, յուրաքանչյուր ոք իր ներսի միջով է գալիս դրան»։ Երգում են հիմնականում խմբերգեր՝ գրված 4 եւ ավելի ձայների համար․ «Մենք փորձում ենք մեր բոլոր ձայներն օգտագործել, մեր երգացանկում չեք հանդիպի երկձայն երգերի, իսկ եռաձայն երգերն էլ շատ քիչ են։ Այսինքն կապ չունի որ ազգի եւ որ ստեղծագործողի երգերը կվերցնենք, դրանք պարտադիր պետք է լինեն բազմաձայն։ Երգերի ընտրության հարցում էլ նայում եմ, թե առաջին հերթին մեր աղջիկները որքանով կկարողանան դա իրագործել, որքանով իրենց հոգեհարզատ կլինի, ես ինչպես եմ ինձ զգում այդ երգի մեջ»,-ասում է Նաիրան ու ավելացնում, որ ունենալով տարբեր երաժշտական նախասիրություններ, կարողացել են ստեղծել անսամբլ, որը հեշտ չի տրվել։



Համույթն այս պահին առաջնահերթ կարիք ունի ներկայանալու, որպեսզի հնարավորություն ունենան ավելի հաճախ հանդես գալու բեմերից, մասնակցելու տարբեր համերգների ու փառատոնների․ «Սա ինձ համար քննության նման մի բան էր՝ առաջին բեմելը պրոֆեսինոլ բեմում՝ չհաշված թանգարանային մեր ելույթները, տարեցների տուն ինտերնատում համերգը, փողոցում անցկացրած ֆլեշ մոբերը»,-ասում է Նաիրան ու նկատում, որ խումբը չի վարձատրվում, եւ թեկուզ փոքր ինչ ֆինանսավորման դեպքում կկարողանային լուծել թե կենցաղային եւ թե ստեղծագործական հարցեր, խումբը նաեւ բաց է տարբեր առաջարկների ու համագործակցությունների համար։