Արվեստի բուհերը կհամագործակցեն իրար հետ

Արվեստի բուհերը կհամագործակցեն իրար հետ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նախօրեին համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչը նշանակում է, որ բոլոր 3 բուհերի ուսանողներն ընդգրկվելու են համատեղ ուսումնառության պրոցեսի մեջ՝ ստեղծելով կապեր մասնագիտական շփումների եւ ոչ մասնագիտական հաղորդակցության համար։ Այդ առիթով բուհերը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը համատեղ կներկայանան «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագրով, որի ընթացքում նախատեսված են թատերական ներկայացում, կինոդիտում, համերգային ծրագրեր, ցուցահանդես, քննարկումներ, ուսանողների փոխադարձ այցելություններ եւ մասնակցություն վարպետաց դասերի: Միջոցառման բացումը տեղի ունեցավ երեկ՝ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ՝ գլխավոր դերակատար եւ ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի մասնակցությամբ։ 



Մինչ այդ ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով ստորագրված հուշագրին, նշեց, որ դա կլինի փոխադարձ ուսուցում։ «Կոնսերվատորիայի ուսանողները կարող են մեզ մոտ անցնել դերասանի վարպետություն, ռեժիսուրա, մեր ուսանողները՝ բեմանկարիչները, կարող են Գեղարվեստի ակադեմիայում կատարելագործել իրենց հմտություններն ու գիտելիքները, մենք կարող ենք նույնիսկ անել համատեղ դիպլոմային նախագծեր, եւ այսպես, ամբողջ տարվա ընթացքում լինելու են փոխադարձ այցելություններ, վարպետաց դասեր, դասախոսների փոխանակություն։ Երիտասարդները, իրար հետ համագործակցելով, պետք է դառնան մեկ ընդհանուր մշակութային սերունդ»,-վստահեցրեց Մուրադյանը։



ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի կարծիքով էլ՝ այս որոշումը վաղուց էր հասունացել, եւ միմյանց լրացնելը չի կարող օգտակար չլինել, իսկ արդյունքները շատ շուտով կտեսնենք։ Մեր այն հարցին թե նախկինում ինչն էր խանգարում, որ արվեստի այս 3 բուհերը համագործակցեին միմյանց հետ, Իսաբեկյանն ասաց. «Ոչ մի բան չէր խանգարում, պարզապես երեւի ցանկությունը հիմա է հասունացել ղեկավարների կողմից, եւ կային ներքին խնդիրներ, որ պետք էր հաղթահարել՝ կապված նաեւ շինարարության հետ, եւ հիմա իսկը ժամանակն է։ Նույնիսկ ամոթ էր, որ դրսի հետ ավելի շատ համագործակցություն ունեինք, քան ներսի մեր արվեստի բուհերի միջեւ։ Մենք նաեւ մտածում ենք, որ մյուս տարվանից մեզ կմիանա ճարտարապետականը, որը նույնպես արվեստ է, եւ կարծում ենք՝ նրանց մասնակցությունը նույնպես օգտակար կլինի»։



ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանն էլ նշեց, որ նախաձեռնությունն իրենց կողմից էր, բայց ցանկությունը բոլորինն էր. «Մենք չենք պատրաստում մարդկանց միայն տեղական շուկայի համար, նրանք պետք է նաեւ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենան»։



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ
sona.adamyan@
hraparak.am