Փոխադարձ դիտողություններ․ Բագրատյանը՝ Արփինեին, Շարմազանովը՝ Բագրատյանին

Փոխադարձ դիտողություններ․ Բագրատյանը՝ Արփինեին, Շարմազանովը՝ Բագրատյանին

Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքիր դիալոգ ստացվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև։ Մեկը մյուսին «դասական» ձևով խայթեցին՝ ակնարկելով իրենց քաղաքական հնարավորությունների մասին։ 



Հրանտ Բագրատյանը քննարկվող նախագծի շուրջ ելույթի համար մոտեցավ ամբիոնին և հայտարարեց, որ մի քանի դիտողություններ ունի, որոնց մի մասը կոնցեպտուալ են, իսկ մի քանիսը՝ կոնկրետ: Նրա ելույթի ժամանակ սակայն, նիստին ներկա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կանգնած զրուցում էր,՝ պատգամավորների հետ, ինչը դուր չեկավ Բագրատյանին։ Նա որոշեց դիտողություն անել նախարարին։ «Նստեք և լսեք կամ էլ գնացեք»,-մատը մեկնելով երիտասարդ նախարարի ուղղությամբ՝ «հանձնարարեց» Բագրատյանը: 



Նրա այս դիտողությունն առաջացրեց պատգամավորների ծիծաղը, իսկ նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ փորձեց իրեն հատուկ ոճով նրբորեն դիտողություն անել նախկին վարչապետին. «Պարոն Բագրատյան, դեռ վարչապետ չեք դարձել»:



«Հանգստացիր, կդառնանք, ուզենանք՝ կդառնանք»,- հակադարձեց Բագրատյանը։ Ի պատասխան՝ Շարմազանովը ցույց տվեց իրենց քաղաքական ուժը՝ նշելով, որ իրենք էլ պետք է ցանկանան, որ Բագրատյանը վարչապետ դառնա։



«Վախենամ՝ շուտով այլ ելք չունենաք»,- տակ չմնաց նորից վարչապետության ձգտող նախկին վարչապետը։ Այնուհետև Էդուարդ Շարմազանովը քարտուղարությանը խնդրեց Հրանտ Բագրատյանի ժամանակը զրոյից դնել և չխանգարել նրան: Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին կատակեց. «Ժամանակս եք փոշիացնում»:



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ