Ո՞վ է ուզում բոլոր գրողներին իր թրի տակով անցկացնել

Ո՞վ է ուզում բոլոր գրողներին իր թրի տակով անցկացնել

Մշակույթի նախարարությունը գրահրատարակչական գործը կազմակերպելու նոր մոտեցումներ է որդեգրել։ Նախ՝ կադրային փոփոխություն, ապա նաեւ՝ նոր քաղաքականության ձեւավորում։ Օրեր առաջ նախարարի հրամանով «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն նշանակվեց Վաչե Սարգսյանը, իսկ նախկին տնօրեն Էդվարդ Միլիտոնյանն այսուհետ կլինի տնօրենի խորհրդականի կարգավիճակում։ 



Ինչ վերաբերում է գրահրատարակչական ոլորտում նախարարության որդեգրած նոր քաղաքականությանը, ապա, ինչպես տեղեկանում ենք, հաջորդ տարի պետական պատվերով կհրատարակվեն դասական եւ հանրագիտարանային գրականություն, սահմանափակ կարողություններով մարդկանց համար գրքեր, Հայաստանի պատմությունը եւ հայ մշակույթը ներկայացնող ալբոմային եւ հանրամատչելի գրականություն։ Պետական աջակցությամբ հաջորդ տարի կհրատարակվեն տաղանդավոր հեղինակների առաջին գրքերը, սփյուռքահայ գրականություն, ազգային փոքրամասնությունների գրքեր։ Աջակցություն կլինի գրական հանդեսներին եւ գրական մամուլին։ Ըստ Արմեն Ամիրյանի՝ ցանկերը, ինչպես նախկինում, հաստատելու են համապատասխան հանձնաժողովները, պետական պատվերով սահմանափակ քանակությամբ գրքեր են հրատարակվելու, որոնք կտրվեն մարզային եւ համայնքային գրադարաններին, դպրոցներին, Սփյուռքի կառույցներին, մշակութային կենտրոններին։ Գրադարանների համար ձեռք բերվելիք գրքերի ցանկում առանձնահատուկ կարեւորվելու է մասնավորի հրատարակած ժամանակակից գրականությունը։



Ինչ վերաբերում է ժամանակակից գրողներին պետական աջակցությանը, մեջբերում ենք նախարարության նոր մոտեցումը. «Հրատարակչին գիրք չենք պատվիրելու, փոխարենն աջակցության այլ միջոցներ ենք առաջարկելու. շնորհանդեսների կազմակերպում, նրանց ստեղծագործությունների թարգմանություն, դրամաշնորհների տրամադրում՝ արտասահմանում հրատարակվելու համար, հեռուստառադիոհաղորդումներ՝ գրքի, գրականության եւ գրողների մասին։ Կազմակերպելու ենք նրանց ստեղծագործական հանգիստը, ընթերցողների եւ հրատարակիչների հետ գրողների հանդիպման ամենատարբեր հարթակներ ենք ապահովելու, որպեսզի, մի կողմից՝ ընթերցողն ավելի լավ ճանաչի նրա գրականությունը, մյուս կողմից՝ հրատարակչին հնարավորություն տրվի ավելի ճիշտ կողմնորոշվելու իր հրատարակելիք գրքերի ընտրության հարցում»։ Բայց տպավորություն է, թե այս մոտեցման տակ պետական միջոցների խնայողության փորձեր են արվում։



Պարզ է անհանգստությունը, բայց ուռճացնել պետք չէ



Մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաչե Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունները նոր են սկսվում, եւ շատ մեծ քայլեր պետք է արվեն՝ միտված գրողի եւ գրքի իրական արժեքի բարձրացմանը՝ համախմբելով բոլորի ջանքերը։ Նորանշանակ տնօրենը համաձայն չէ, որ այս փոփոխությունը ոչ թե կկանոնակարգի դաշտը, այլ կվերածի քաոսի։ Ըստ նրա, այսուհետ շատ ավելի թափանցիկ ու պարզ է լինելու դաշտը՝ օգտակար գրքի եւ գրողի համար՝ մատուցման, հանրային ճանաչման, գրողի խրախուսման, ինչպես նաեւ սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից. «Հիմա, անշուշտ, խոսակցություններ կպտտվեն ու կթեւածեն, պարզ է նաեւ մարդկանց անհանգստությունը, բայց այդպես ուռճացնել բոլորովին պետք չէ, շատ շուտով՝ առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում, հստակ կներկայացվի խնդիրը, եւ այս դաշտի բոլոր իրական գործող անձինք՝ գրող, հրատարակիչ, հասարակություն, ընթերցող, իրապես գոհ կլինեն եւ արդյունքներն էլ կտեսնեն»։



Վաչե Սարգսյանն այս մի քանի օրերի ընթացքում դեռ ծանոթանում է դաշտին ու ստեղծված իրավիճակին, բայց ասում է՝ նպատակն ու տեսանելի ուղիները հստակ են։ Այն հարցին, թե մտահոգություններ կան, որ ներկայիս պետպատվերի եւ պետաջակցման ծրագրի դեպքում ժամանակակից գրականությունն ու գրողները կհայտնվեն լուսանցքում, պատասխանում է. «Ընդհակառակը՝ ժամանակակից ազնիվ գրողները շատ ավելի ուշադրության կենտրոնում կլինեն՝ սկսած գրքերի նախապատրաստումից, նաեւ գովազդային ճանաչողական քայլեր կարվեն գրքի եւ գրողի նկատմամբ, տպագրությունից հետո էլ իրենց գրքերը լայնորեն կլուսաբանվեն, կներկայացվեն տարբեր տոնավաճառներով, իրացման խնդիրներին աջակցություն կլինի»։



Սարգսյանը կարծում է, որ նաեւ հրատարակիչները պետք է որոշակի ռիսկի գնան՝ տպագրելով ժամանակակից հայ հեղինակների գրքերը. «Բայց վստահ լինելով, որ արժանավոր գրողի են տպագրում, ընթերցողի համար էլ՝ որակյալ գիրք, որն էլ մենք օգնելու ենք լուսաբանել, կայացնել, ստեղծել մթնոլորտ գրքի եւ գրողի շուրջ, դրանից հետո դրամաշնորհներով, տարբեր խրախուսանքներով թե հրատարակչի, թե գրողի որոշակի ֆինանսական անհանգստությունները կթոթափենք»։



Այն, որ այս փոփոխության արդյունքում հնարավոր է գրահրատարակչական ոլորտը հայտնվի մի քանի հրատարակիչների ձեռքում՝ մրցակցությունից դուրս թողնելով ավելի փոքրերին, ապա իրենց խնդիրներից մեկն էլ հենց դա է լինելու, որ նման իրավիճակ չստեղծվի։ «Դրա համար բավականին լուծումներ, լծակներ եւ հնարավորություններ կան»,-ասում է Վաչե Սարգսյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունն ի զորու կլինի օգտագործել այդ լծակները՝ կամայականություններ թույլ չտալու համար։ «Նախարարի կողմից շատ մեծ մղում կա եւ ուշադրություն այս դաշտի հանդեպ»,-նշում է նա։
2017թ. ժամանակակից գրականությանը հատկացված գումարը կկրճատվի, թե կչեղարկվի՝ դեռ որեւէ հստակություն չկա, բայց Վաչե Սարգսյանը վստահեցնում է, որ կտրուկ քայլեր չեն լինի, որոնք վնասաբեր կլինեն ոլորտի համար։ Հստակեցման մեջ է նաեւ 2017թ. պետաջակցության ցուցակը, որն առաջիկայում կհրապարակվի։



Ո՞վ է երաշխավորելու, թե գրադարանը լավ գիրք է առնելու



«Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը երկար տարիներ ղեկավարած, արդեն նախկին տնօրեն, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ առաջիկայում Գրողների միությունում քննարկելու են գրահրատարակչական ոլորտի խնդիրները, ավելին՝ անելու են պլենում՝ նվիրված այդ հարցին։ Ուշացած չի՞ լինի արդյոք քննարկումը, երբ փոփոխությունների քաղաքականությունն արդեն ներկայացվել է։ «Որքանով տեղյակ եմ, «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագիրը չի հանվել, ուղղակի նախարարությունում որոշակի ուղղություններ են ուզում մտցնել այդ ծրագրին օժանդակող՝ դա կլինի ուղղված գրողների հանրահռչակմանը, տարածմանը, թարգմանությանը, ստեղծագործական հարցերի խթանմանը։ Չեմ կարծում թե հիմա այնպիսի մի ծրագիր կլինի, որ որեւէ գիրք պետք է չհրատարակվի»։



Մեր այն դիտարկմանը, թե գրողներից շատերն այն մտավախությունն ունեն, որ հրատարակիչը ռիսկի չի գնա եւ գումար չի ներդնի նոր անունների մեջ, եւ ըստ այդմ գրադարաններն էլ անծանոթ հեղինակների գրքերով չեն համալրի իրենց դարակները,ապա «ռիսկի գործոն այդտեղ կա»,- ասում է Միլիտոնյանն ու նկատում, որ գրողները ոչ միայն մեզ են զանգահարում եւ իրենց մտահոգությունները հայտնում, այլ նաեւ գնում են Գրողների միություն։ Միլիտոնյանը կարծում է, որ վերջին 15 տարում այն, ինչ արել են, դրական գործունեություն է եղել այս բնագավառի համար, եւ բոլոր գոհ եւ դժգոհ հրատարակիչները կայացել են հենց այդ տարիների ընթացքում։ Ինչ վերաբերում է ԱԺ ամբիոնից դժգոհող պատգամավորներին, ապա Միլիտոնյանը զարմանում է՝ ԱԺ-ն ինչի՞ դեմ է բողոքում, չէ՞ որ իրենք են հաստատել այդ ցուցակները. «Ինչո՞ւ են վախենում հրատարակիչները կամ գրողները, որովհետեւ փոքր հրատարակչությունները, որոնք մասնագիտացել են որոշակի գրականություն տպագրելու գործում, այդ խաղից դուրս են թռնելու։ Կարծում եմ՝ այն ծրագիրը, որը 2000-ից գործել է մինչ այժմ, որոշակի դրական դաշտ է ստեղծել հրատարակչական եւ գրական ասպարեզում։ Ես կուզեի շեշտել, որ այդ ընթացքում կայացել են հրատարակիչներ, եւ որեւէ մեկը նրանց չի խանգարել, որեւէ մոնոպոլիստ չի ճնշել ու դուրս բերել դաշտից։ Հիմա կուզենայի, որ այդ կայացած հրատարակիչները նաեւ հանդուրժեին մյուս հրատարակիչներին եւ չփորձեին ամբողջ դաշտը վերաձեւել իրենց վրայով։ Ինչ վերաբերում է գրադարաններին, ապա նրանք հիմա էլ գումարներ են ստանում՝ գրքեր ձեռք բերելու համար։ Ասեմ նաեւ, որ պետական աջակցությամբ եւ պետպատվերով հրատարակված գրքերն ամեն 3 տարին մեկ, եթե չեն վաճառվել կամ դեռեւս չեն բաշխվել, այդ գրքերը համալրում են հանրապետության եւ Արցախի գրադարանները, դրանք պահեստում չեն փտում, ինչպես ոմանք նշավակում են, եւ չեմ կարծում, որ այս ամբողջը կարելի է մակուլատուրա ու աղբ համարել, հատկապես որ տպագրական որակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան սովետական տարիների կամ մոտ անցյալի տպագրած գրքերինը»։



Հայաստանում ամեն տարի պետպատվերի եւ պետաջակցության շրջանակներում մոտ 130 գիրք է տպագրվել, դրանից մոտ 15-20 տոկոսը ժամանակակից հայ գրականության բոլոր ուղղություններով՝ արձակ, պոեզիա, մանկագրություն, դրամատուրգիա, գրականագիտություն, իսկ, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին գրահրատարակչության համար ամեն տարի հատկացվել է մոտ 140 մլն. դրամ։ Թե մինչ այս ինչն էր սխալ աշխատում գրահրատարակչական ոլորտում, որ նախարարը որոշեց փոխել քաղաքականությունը, ապա. «Այդ փոփոխությունների մասով կոնկրետ որեւէ բան դեռ չեմ կարդացել, բայց, ինչքան գիտեմ, նախարարը փորձում է դեպի գրողը, նրա հանրահռչակմանը, թարգմանությանը, գովազդին ուղղորդել բոլոր ջանքերը։ 2001-ից փորձել եմ կանոնակարգել այս ասպարեզը, որ ժամանակակից գրողները հնարավորություն ունենան տպագրվել թե պետպատվերի, թե պետաջակցության միջոցով։ Մենք պայքարել ենք, որ որեւէ մեկը մոնոպոլիստ չլինի այս ասպարեզում։ Հայաստանում անկախության տարիներին եթե մի դաշտ ձեւավորվել է եւ չի մոնոպոլիզացվել, դա գրահրատարակչության դաշտն է»։ Այն դիտարկմանը, որ նման մտավախություններ նույնպես կան, թե ժամանակակից գրականությունը կհայտնվի մի քանի հրատարակչի հույսին, ինչի հետեւանքով կաճի նրանց մենաշնորհային դիրքը, ապա. «Անշուշտ՝ կլինի, որովհետեւ գրողները տեսնում են, թե մեջտեղում ով է սուր ճոճում, ով է ուզում բոլոր գրողներին իր թրի տակով անցկացնել, ով է ուզում իր բոլոր տպագրած գրքերը գովազդել, ով է իր հրատարակած մի քանի գրողներին, որոնք կայացել են ՀԳՄ-ի հրատարակչության եւ ՀԳՄ-ի ջանքերով, նրանց պատրաստի անունները վերցնել եւ համարել իր գրողները՝ նրանց հակադրելով մյուս գրողներին»։



Միլիտոնյանը ցանկություն է հայտնում, որ հանգամանորեն ուսումնասիրվի, թե ինչ գրքեր են ձեռք բերում գրադարաններն իրենց հատկացված գումարների շրջանակում. «Գրադարաններին ստիպելով չէ, որ առեք մեր գրքերը, եթե ամբողջ գումարը տվեցին գրադարաններին, ո՞վ է երաշխավորելու, թե նրանք առնելու են լավագույն գրողների գրքերը։ Հիմա, եթե հանձնաժողով կար ու գործում էր մշակույթի նախարարությունում, հիմա վստահ չեմ, որ ամեն գրադարան նման մի խումբ ունենալու է, որ որոշի՝ այս տպագրված գիրքն առնի՞, թե՞ ոչ։ Լավ, իսկ եթե գրադարանը գումարը հրատարակչին տվեց ու տպագրված գիրքն առավ, գրողն ի՞նչ է շահելու։ Գրողը մի դեպքում կշահի, եթե նրան որոշակի աջակցություն տրվի՝ ստեղծագործական արձակուրդ կկոչվի, թե ուրիշ բան, այդ գումարով ինքը գիրք կտպագրի, թե ինչ, դա իր խնդիրը կլինի։ Սա էլ ձեւ է»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ