Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն Ամիրյանի՞, թե՞ Սմբատյանի գաղափարն է

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն Ամիրյանի՞, թե՞ Սմբատյանի գաղափարն է

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախօրեին հյուրընկալվելով նախագահի նստավայրում, ներկայացրել է նախարարության գործունեության գերակա ուղղությունները եւ, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը նախատեսվում է իրականացնել Երեւանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետեւ նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի հայաշատ քաղաքներում: Այս գաղափարը դրական արձագանք է գտել նախագահի կողմից, որն իր հերթին ընդգծել է, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին։ 



Թե որքանով է նպատակահարմար նոր նվագախումբ ձեւավորել, երբ արդեն կան կայացած նվագախմբեր, հետաքրքրվեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից։ Նա նշեց, որ մեր երկրում իրականանում են մշակութային բավականին մեծ ծրագրեր, եւ եթե այդ ծրագրերից մեկն էլ սա է դառնալու, ապա դրա մեջ իմաստ կա. «Քանի որ դա նույն ուղղության վրա չէ, ինչ Հայաստանում գործող նվագախմբերը, որովհետեւ ֆիլհարմոնիկ նվագախումբն իր հասուն, անհատական գործունեությունն ունի՝ իր ուրբաթօրյա մշտական համերգներով, փառատոներով, ծրագրերով, օպերային թատրոնի նվագախումբն ունի իր միսիան եւ սիմֆոնիկ նվագախումբ չէ, Երիտասարդական նվագախումբն էլ ունի իր միսիան։ Ինչ վերաբերում է կոնկրետ համահայկական նվագախումբ ստեղծելուն, ես մտածում եմ, որ դա նաեւ միավորում է դրսում եղած մեր երաժիշտներին, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ տարբեր երկրներում են գտնվում, եւ կարծում եմ, որ միասին երաժշտություն նվագելով՝ կարելի է նույնիսկ ամենադժվար հարցերը լուծել։ Դրա իմաստը նաեւ այն է, որ հայ կոմպոզիտորների են ներկայացնելու. եթե դրա նպատակը զուտ հայկական երաժշտություն ներկայացնելն է, հայ կոմպոզիտորներին ճանաչելի դարձնելը, ինչու չէ, թող լինի, կարծում եմ՝ հետաքրքիր գաղափար է»։



Մյուս կողմից, եթե այդ նվագախմբում ընդգրկվելու են պրոֆեսիոնալ երաժիշտներ, ենթադրվում է, որ այդ նրանց զբաղվածությունը կամ շատ մեծ է լինելու, կամ նրանք ազատ ժամանակ չեն ունենալու համերգաշարի մասնակցելու համար։ Այս հարցում Ռուզաննա Սիրունյանը համաձայն է, բայց չի կարծում, որ եթե առիթն ստեղծվի, ու հարկավոր լինի տարին 3-4 անգամ մի քանի օրով բացակայել, խնդիր առաջանա. «Երաժշտության հետ կապ ունեցող ցանկացած գաղափար ինձ համար միշտ ողջունելի է, պետք է ուղղակի սպասենք եւ տեսնենք, թե երբ կիրականանա եւ ինչպես»։ Թե նման նվագախմբի ստեղծումը ֆինանսական ինչ ծախս է ենթադրում, Սիրունյանը չի կարող ասել, բայց մտածում է, եթե որեւէ հայ երաժշտի ասվի, որ պետք է Հայաստան գալ ու նվագել, ապա եթե բանակցություններն այնպես վարեն, որ լինի միայն ճանապարհածախսի խնդիր, շատ մեծ գումարների անհրաժեշտություն չի լինի։



Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համաձայն չէ, որ սա ավելորդ ռեսուրսների վատնում կլինի, ասում է՝ մշակույթում անընդհատ նոր գաղափարների կարիք կա։ Նա հիշեցնում է, որ 2015թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ «24.04» համաշխարհային նվագախմբի համերգը, ինչը, ըստ նրա, եւս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստն ամենակարեւորն է մեր կյանքում եւ ավելորդ բառը կիրառելի չէ այս դեպքում. «Եթե կա ցանկություն, միտում, նաեւ դրական արձագանք, կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, եւ շատ ուրախ կլինեմ, որ ուղղակի դա ճիշտ ընկալեն»։



Այդուհանդերձ, եթե այդ սիմֆոնիկ նվագախումբը չի դառնալու գործող, այլ սահմանափակվելու է 1-2 համերգով՝ կոնկրետ միջոցառման շրջանակում, ի՞նչ իմաստ ունի այդքան գումար ներդնել մի բանի վրա, որը երկար կյանք չի ունենալու։ «Գիտեք, ընդհանրապես, տարբեր ձեւերով կարելի է նայել ամեն ինչին, որովհետեւ ամեն ինչ չէ, որ ստեղծվում է դարերի համար։ Եթե նվագախումբը կարող է ինչ-որ չափով միավորել դրսում ապրող երաժիշտներին, ու նրանք գան Հայաստան, ելույթ ունենան, ու դա լինի շարունակական՝ շատ լավ է։ Ուրիշ խոսք, թե ֆորմատը եւ պրոյեկտը ոնց եք դուք պատկերացնում, բայց ես գիտեմ այն գաղափարը, որ ես ներկայացրել էի՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս հայ երաժիշտներն այնքան շատ են, ու այնքան մեծ կարիք ու ցանկություն կա, որ իրենք բոլորն իրար ճանաչեն, իրար հետ աշխատեն, ու ստեղծենք համահայկական նվագախումբ։ Դա փաստ է, ուրիշ հարց, թե ինչ ֆորմատով եւ ինչ ժամանակահատվածում, ինչի համար։ Բայց էականն այս պրոյեկտի այն է, որ հայ երաժիշտները համախմբվեն եւ լինեն միասին, դա միանշանակ է, եւ, կարծում եմ, ավելի մեծ, ավելի դրական եւ ավելի կարեւոր բան դժվար է պատկերացնել։ Ես հիմա չգիտեմ, թե ինչպես են մարդիկ դա մեկնաբանում եւ պատկերացնում, բայց ընդհանուր գաղափարը եւ առաքելությունը շատ մեծ է, չեմ կարծում, որ հիմա ինչ-որ մեկը պատրաստ է ասել, թե ամբողջ պրոյեկտը եւ նվագախումբն ինչպես է գործելու, բայց հուսով եմ՝ տարվա սկիզբ արդեն ինչ-որ հստակեցումներ կլինեն»,-նշեց Սերգեյ Սմբատյանը։



Փաստորեն, նախարար Ամիրյանի նախաձեռնության հիմքում ընկած է Սերգեյ Սմբատյանի ցանկությունը՝ ունենալ համահայկական նվագախումբ, ավելին՝ երաժշտական աշխարհում գրեթե արդեն չեն կասկածում, թե ով է ղեկավարելու այդ նորաստեղծ նվագախումբը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ