ՀՀ կառավարությունը՝ ինչպես ծույլիկ աշակերտ

ՀՀ կառավարությունը՝ ինչպես ծույլիկ աշակերտ

Բոլոր դասարաններում էլ կան ծույլիկ եւ անգրագետ աշակերտներ: Նրանք թեեւ դասը չեն սովորում, սակայն դասագրքերի փողն ամենաառաջինն են տալիս, բոլոր գիրք-տետրերը գնում են ու դնում դարակը: Հայաստանն ընդունենք որպես աշխարհի մեծ դպրոցում ծույլիկ աշակերտ, որը միջազգային բազմաթիվ պարտավորությունները, երկրում բազմաթիվ փոփոխություններ անելու խոստումները չի կատարել, բայց նույն ծույլիկ աշակերտի պես, անդամավճարներն ամենաշուտն է վճարում՝ կլինի ՄԱԿ, կլինի Եվրադատարան, թե այլ կառույց: 



Հայաստանը վերջին երեք տարիներին արդեն երկրորդ անգամ հայտնվեց ՄԱԿ-ի պատվո ցանկում, բայց ընդամենը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Անգամ կես-կես չենք վճարել, այլ՝ ամբողջությամբ, այն դեպքում, երբ վճարը կարող էր տալ շատ ավելի ուշ: ԱՄՆ-ն կամ մյուս երկրները, որ միլիոնավոր պարտքեր ունեն, չեն անհանգստանում, իսկ մենք, հավանաբար, վարկ ենք վերցրել, ինչ է թե 151,338 դոլար փոխանցենք:



Միայն մենք չենք պատվո ցանկում, նաեւ Անգոլան, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանը եւ Ուկրաինան: Պատվո ցանկում ընդգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել են ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 9-ը: 2016-ին էլ էինք նույն ցանկում՝ 150 039 դոլարով: Այդ ժամանակ էլ 27 երկիր էր այդ ցանկում: Մյուս երկրներում վիճակը վատանում է, ուշացնում են վճարները, մեր երկրում՝ ոչ մի դեպքում:
Իսկ ի՞նչ է տալիս մեզ այդ պատվո ցանկի առաջին տեղում հայտնվելը. գուցե նախագահի կամ արտգործնախարարի ելույթը գագաթնաժողովի ժամանակ առա՞ջ են գցում: Բնականաբար՝ ոչինչ չի տալիս: Իսկ ի՞նչ ենք մենք տալիս ՄԱԿ-ին:



Հայաստանի վերաբերյալ 2016 թվականին հրապարակվեցին 40-ից ավելի միջազգային զեկույցներ, որոնց մի մասը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն էր, պարենի կազմակերպությունը եւ այլն: ՄԱԿ-ի՝ կանանց իրավունքների վերաբերյալ, ըստ որի՝ կանանց աշխատավարձը 35,9 տոկոսով ցածր է տղամարդկանց աշխատավարձից: Հայաստանում կանանց նկատմամբ աշխատանքային սահմանափակումը ՀՆԱ-ի վրա արժենում է 50-60 միլիոն դոլար, այսինքն` Հայաստանն այդքան գումար չի ստանում: Կանայք Հայաստանում ներգրավված են հիմնականում այն աշխատանքներում, որոնք միջինից ցածր են վարձատրվում կամ մրցունակ ոլորտներ չեն:



ՄԱԿ-ի՝ երջանիկ երկրների վարկանիշում մենք բավականին հետ ենք՝ 121-րդ տեղում: Զեկույցում հաշվի են առնվում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եւ լիակատար առողջ ապրած տարիների թիվը։ Հետազոտությունը նաեւ գնահատում է անհաջողությունների ժամանակ աջակցություն ստանալու հնարավորությունը եւ կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը։
ՄԱԿ-ի հաջորդ զեկույցի համաձայն, Հայաստանում տնային տնտեսությունների 28%-ը, որեւէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին՝ 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։



Մեկ այլ զեկույցի համաձայն՝ Հայաստանը 71 երկրներից 57-րդ տեղն է միջին աշխատավարձի ցուցանիշով:
Հայաստանը կարո՞ղ էր կատարել ստանձնած միջազգային պարտավորություններ եւ նշված զեկույցներում ձգտել առաջընթացի: Իհարկե՝ կարող էր, բայց ամեն տարի մեկից ավելի կետերով նահանջում ենք:



Այ, հենց սա է ուշագրավ. նրանք բազմաթիվ զեկույցներ են հրապարակել, նշել խնդիրների լուծման ուղիները, ՀՀ իշխանությունները որեւէ քայլ չեն կատարել դրանք կարգավորելու ուղղղությամբ, անդամավճարներն ակտիվ փոխանցում ենք, որ մեր խնդիրներն ուսումնասիրելու եւ բարձրաձայնելու փող ունենան: Իհարկե, շատ լավ է, երբ պետությունը կատարում է պարտավորությունները, սակայն շատ ավելի լավ կլինի, որ միջազգային պարտավորություններից առաջ կատարեր նաեւ պարտավորությունները սեփական քաղաքացիների նկատմամբ:



Եվ հարց է առաջանում․ եթե ծույլիկ աշակերտի պես չես կատարում կառույցների նկատմամբ պարտավորությունները, բանի տեղ չես դնում, էլ ինչո՞ւ ես անդամակցում դրանց:



Ի դեպ, ՄԱԿ-ը Հայաստանին ավելի շատ օգնություն է տրամադրում՝ զանազան ճանապարհներով, քան մեր վճարած անդամավճարն է:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ