Ջրառատի միջադեպից վնասվածք ստացածներից մեկին վիրահատել են. նրանց տեղափոխել են հիվանդասենյակ

Ջրառատի միջադեպից վնասվածք ստացածներից մեկին վիրահատել են. նրանց տեղափոխել են հիվանդասենյակ

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Ջրառատում մեծ միջադեպ է տեղի ունեցել, որը ավարտվել է ծեծկռտուքով, կրակոցով: Վնասվածքներով Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 վիրավորներ՝ Արայիկ, Մելիք եւ Հակոբ Մելքոնյանները: 



«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեքի վիճակն էլ այս պահին բավարար է. «Առողջության հետ կապված այս պահին լուրջ խնդիրներ չկա: Մելքոնյան Արայիկի ձեռքն այսօր վիրահատել են, վիրահատությունն այսօր նորմալ է անցել, հիվանդասենյակում է, մյուս երկուսը համապատասխան դեղորայք են ստանում, իրենց վիճակն էլ բավարար ենք գնահատում: Երեքն էլ հիվանդասենյակում են, մեկ շաբաթվա ընթացքում բոլորն էլ դուրս կգրվեն»:



Արմավիր մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մարտի 12-ի քարոզարշավից հետո Լեւոն Երանոսյանի բարեկամների եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որն ավարտվել էր կրակոցներով: Միջադեպից հետո Լեւոն Երանոսյնաի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Սրանով Ջրառատում նախընտրական կրքերը չհանդարտվեցին. կրկին Երանոսյանների բարեկամների ու ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որը կրկին ավարտվել է կրակոցներով: Ինչի հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՕՐՕ դաշինքի համակիրները:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգքրի երեք հոդվածներով՝ խուլիգանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում ձերբակալավել է կրակոցներ արձակած անձը՝ Ջրառատի գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը: