Կ Պոլսում պատրիարքական տեղապահ է ընտրվել Գարեգին արք Բեքչյանը

Կ Պոլսում պատրիարքական տեղապահ է ընտրվել Գարեգին արք Բեքչյանը

Ինչպես հայտնում է Արեւելք լրատվականը, այսօր Ստամբուլում տեղի է ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություններ: Պատրիարքական տեղապահ է ընտրվել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք Բեքչյանը:



Գարեգին արք Բեքյան կենսագրական



Գարեգին արք. Բեքչյանը (ավազանի անունը՝ Տիգրան) ծնվել է 1942թ. դեկտեմբերի 12-ին, Կ. Պոլսում: Նախակրթական եւ միջնակարգ ուսումը ստացել է Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյանների մոտ, այնուհետեւ ընդունվել է Սկյուտարի Ս. Խաչ դպրեվանք:
1960 թ. ստացել է դպրության աստիճան` ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի:
1962թ. ընդունվել է դպրեվանքի նոր բացված ընծայարանը` միաժամանակ ուսանելով Կ. Պոլսի համալսարանում՝ հաճախելով դասական լեզուների, սոցիոլոգիայի եւ պատմության դասընթացներին:
1963թ. ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1965 թ. Վարդավառի տոնին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին` ի պատիվ դպրեվանքի հիմնադիր Գարեգին պատրիարքի:
1968թ. մեկնել է Գերմանիա եւ ընդունվել Բոննի համալսարան, ապա մեկ տարի անց սկսել է ուսանել Բոխում քաղաքի համալսարանում: Ուսումնասիրել է մանկավարժություն եւ հոգեբանություն:
1970թ. ձեռամբ ամենապատիվ Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի, ստացել է վարդապետական 4 մասնավոր աստիճանները:
1973 թ. հովվական ծառայության է մեկնել Ֆրանսիայի Մարսել քաղաք` իբրեւ Ս. Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ:
1976-1994 թթ. հովվական ծառայության է կոչվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցում:
1991թ. Վազգեն Ա. Վեհափառի բարձր տնօրինությամբ` իբրեւ հոգեւոր հովիվ ծառայության է կոչվել Գերմանիայում: Ծավալել է կազմակերպչական լայն գործունեություն` Գերմանիայում թեմ ստեղծելու ուղղությամբ:
1992թ. հունվարի 30-ին նշանակվել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
1992 թ. մայիսի 17-ին ձեռամբ Կ. Պոլսո գերշ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1992թ. սեպտեմբերին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:
1998 թ. մարտի 28-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացել արքության պատիվ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ գրքույկների, հրատարակել է անձնանունների բառարան, Գերմանիայում հիմնել է 14 եկեղեցական համայնքներ: Նրա ջանքերով թեմն անդամակցել է Գերմանիայի միջեկեղեցական խորհրդին:



Ըստ Պոլսի Հայոց պատրիարքության ավանդույթի պատրիարքական տեղապահը առաջիկա վեց ամսվա ընթացքում կազմակերպելու է Հայ Առաքելական եկեղեցու չորրորդ նվիրապետական Աթոռի գահակալի` Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները: Առաջին քայլով արդեն իսկ պատրիարքական տեղապահ Գարեգին արք Բեքչյանը կազմավորելու է Նախաձեռնակ մարմին, որն էլ զբաղվելու է նրա հետ պատրիարքական ընտրությունների պատշաճ կազմակերպմամբ: Հիշեցնենք, որ Կ Պոլսի պատրիարք կարող է դառնալ Հայ Առաքելական եկեղեցու այն եկեղեցականը /եպիսկոպոս/ ով ծնվել է Թուրքիայում: Ըստ այդմ, պատրիարքական Աթոռի թեկնածուներ են` պատրիարքական տեղապահ Գարեգին արք Բեքչյանը, Արամ արք Աթեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք Չուլջյանը եւ Սահակ եպս Մաշալյանը: