Ստամբուլի նահանգապետարանի որոշման մեջ արդյոք Արամ արք, Աթեշյանի մատը խառը չէ

Ստամբուլի նահանգապետարանի որոշման մեջ արդյոք Արամ արք, Աթեշյանի մատը խառը չէ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքության տեղապահի ընտրություններ: Պատրիարքական տեղապահ է ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը: Այս մասին հայտնել էր “Արեւելք” լրատվականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին: Սակայն ժամեր անց “Հայ ձայնը” հրապարակել էր մի նյութ որտեղ վկայակոչելով Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությունը կրող հայտարարությունը, նշել է, որ Ստամբուլի նահանգապետը չեղյալ է հայտարարել պատրիարքական ընտրությունների` անցյալ ամիս ներկայացված հայցը եւ նշել, որ Արամ արք, Աթեշյանը շարունակում է պաշտոնավարել որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ: Փետրվարին Պոլսի պատրիարքությունում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից եւ Մայր Աթոռում կայացած դռնփակ հանդիպումներից ու դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, որոնք ամենեւին էլ նպաստավոր չէին Արամ արք. Աթեշյանի համար, ներկայիս զարգացումները, որոնք տեղի ունեցան հաշված ժամերի ընթացքում, ի դեմս Ստամբուլի նահանգապետի կողմից ընտրությունների չեղարկման հրահանգի, միայն այն մտքին են հանգեցնում, որ Արամ արք, Աթեշյանը` պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը պահպանելու համար սկսել է ինտրիգներ բանեցնել իր Եկեղեցու եւ ազգի հանդեպ եւ փորձում է այդ կերպ ճնշումներ բանեցնել պատրիարքարանի վրա: Արամ արք, Աթեշյանը նաեւ ըստ էության անպատվվում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, քանի որ այս քայլով կաթողիկոսի միջնորդությամբ կայացված որոշումը առ ոչինչ է դարձվում: Սակայն այս զարգացումը եթե շարունակվի նախ կարող է հարուցել համազգային լուրջ դժգոհություն ողջ աշխարհի հայության շրջանում եւ ապա արդեն հարցը դուրս բերել զուտ ներհամայնական հարթակից եւ դարձնել քաղաքական: Այս իրավիճակում, եթե Ստամբուլի նահանգապետարանը կամ Թուրքիայի ՆԳ նախարարությունը չճանաչեն Գարեգին արք, Բեքչյանի ընտրությունը որպես պատրիարքական տեղապահ եւ չարտոնեն Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները, հնարավոր է որ Մայր Աթոռըւ ստիպված լինի քաղաքական դիվանագիտական ճանապարհներով հարցը լուծել եւ ասենք դիմելով Մոսկվայի օգնությանը ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման այս հանգրվանում հարցին վերջնական լուծում տալ: Համանման մի նախադեպ եղավ տարիներ առաջ, երբ Իսրայելի իշխանությունները փորձեցին վնասել Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների ամբողջականությանը, Գարեգին Բ-ն Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների անձեռնմխելիությունն ու ամբողջականությունը պահպանելու համար հարցը լուծեց պետական-դիվանագիտական խողովակներին դիմելով:



Տիգրան Վահանե