Մի կաթիլն էլ բավական է

Մի կաթիլն էլ բավական է

«Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երրորդ հատորի խմբագրակազմը եւ հեղինակները, այդ թվում՝ ՀՀ ԳԱ երկու ակադեմիկոս, երեք թղթակից անդամ, պատմական գիտությունների հինգ դոկտոր, գիտությունների չորս թեկնածու եւ մեկ դասախոս, պատասխանել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրախոսությանը:



Չեմ փորձի «դատավոր լինել» կողմերի միջեւ: Բայց Դեմոյանի տեսակետները հերքող ծավալուն տեքստում աչքի զարնեց այս ձեւակերպումը. «Մենք պնդում ենք մեր տեսակետը, ըստ որի՝ հայոց նոր պատմությունն սկսվում է XVII դ. երկրորդ կեսերից, երբ ազգային-ազատագրական շարժումները նոր թափ էին ստանում. կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ 1667 թ. Էջմիածնում գումարված գաղտնի ժողովի որոշմամբ պատվիրակություններ են ուղարկվում եվրոպական երկրներ, իսկ հաջորդ դարում այդ պայքարը տալիս է իր առաջին պտուղները՝ Սյունիքում եւ Արցախում, ի թիվս մելիքությունների, կյանքի են կոչվում հայկական ինքնիշխան պետական կազմավորումներ» ( http://academhistory.am/images/Norutyunner/Patm.-inst.-patasxan-DEMOYANIN.pdf ):



Պետք չէ դատարկել ծովը, որպեսզի համոզվես՝ նրա ջուրն աղի է, մի կաթիլն էլ բավական է: Այս տեսակետից մեջբերված միտքը վկայում է, թե ինչ ոգով է գրված քննության առարկա հատորը: Ցավալի է: 1667թ. Էջմիածնում գումարված գաղտնի ժողովը միայն որոշել է պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ հուսալով աջակցություն ստանալ որեւէ երկրից: Ազգային-ազատագրական շարժումներ այդ ժամանակ չեն ծավալվել եւ, բնականաբար, չէին կարող «նոր թափ ստանալ»: Կաթողիկոս Ջուղայեցու մահվան պատճառով պատվիրակությունը 1680թ.-ին վերադառնում է Հայաստան: Դեպի Եվրոպա ճանապարհը շարունակում է միայն երիտասարդ Իսրայել Օրին: Ընդ որում՝ որեւէ երկրում կրթություն ստանալու նպատակով:



Ինչ վերաբերում է հաջորդ դարում Սյունիքում եւ Արցախում «հայկական ինքնիշխան պետական կազմավորումների կյանքի կոչմանը», ապա դա արդեն ոչ մի քննադատության չի դիմանում: Հայկական մելիքություններն անվանել «ինքնիշխան պետական կազմավորումներ»՝ ակնհայտ չափազանցություն է: Պատմությունը պետք է ուսումնասիրվի գիտականորեն, ոչ թե՝ ազգային-հայրենասիրական մղումներով: Նշված դարաշրջաններում՝ 17-18-րդ դարերում, Հայաստանը գտնվել է Պարսկաստանի կամ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: 1736թ.-ին, պատերազմում հաղթելով Թուրքիային, Պարսկաստանը վերահաստատել է իր տիրապետությունը: Նույն թվականին Արցախի մելիքություններն ստացել են որոշակի ներքին ինքնավարություն, որը պահպանվել է մինչեւ 1813թ., երբ Արցախը Գյուլիստանի պայմանագրով անցել է Ռուսաստանի տիրապետությանը: Մնացածը քնարական զեղում է, որ իրեն կարող էր թույլ տալ Րաֆֆին, երբ գրում էր «Խամսայի մելիքությունները»...



Վահրամ Աթանեսյան