Ստեղծված իրավիճակում «Ելքն» է վստահություն ներշնչում

Ստեղծված իրավիճակում «Ելքն» է վստահություն ներշնչում

Հարցազրույց երաժիշտ, հեղինակ-կատարող Լիլիթ Պիպոյանի հետ



- Տիկին Պիպոյան, մարտի 5-ից քարոզարշավը պաշտոնապես արդեն մեկնարկել է, որին մասնակցում են նաեւ տարբեր երգիչ-երգչուհիներ, հետեւո՞ւմ եք նախընտրական գործընթացներին եւ, ընդհանրապես՝ ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։



- Թե ինչ կարծիք ունեմ այս ամեն ինչի մասին, ավելի լավ է չասեմ..., իսկ երգիչ-երգչուհիների մասին չեմ ուզում խոսել, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում, իրենց ինչո՞ւ չեք հարցնում...



- Հարցնում ենք՝ ասում են, որ քարոզարշավին երգելը պետք չէ քաղաքականացնել, ով փող է տալիս, նվագում են, երգում եւ նույն հաջողությամբ ուրիշ կուսակցությունների համար կանեն։ Այս առումով որքանո՞վ է տրամաբանական երգել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակում եւ ասել՝ դա քաղաքականության հետ չխառնել։



- Ես դրան կատեգորիկ դեմ եմ, եթե իրենք երգում են նրանց կողքին կանգնած, նշանակում է՝ արդեն քաղաքականությամբ զբաղվում են, եւ դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ են։ Իրենք ուզում են եւ նրանց գումարն ստանալ, եւ ապագա հովանավորությունը, միշտ լինեն նրանց կողքին, որպեսզի իրենց կյանքը հարթ ու հանգիստ ընթանա։ Այնպես որ, այդ խոսքերն ինձ համար դատարկ ձայն են, ոչինչ չնշանակող, դա ճշմարտությունը չէ, նրանք ստում են եւ զբաղվում են քաղաքականությամբ։ Ինչ վերաբերում է ինձ, վերջերս եթերներից մեկում ինձ հարցրին՝ դուք քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եք, ես, իհարկե, քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ քաղաքացիական դիրքորոշում, որն ինձ թույլ չի տալիս ամեն մեկի կողքին կանգնել, հատկապես, որ զզվում եմ... ուրեմն ինչո՞ւ պետք է գնամ հարթակում իրենց կողքին կանգնեմ։



- Իսկ առաջարկներ եղե՞լ են՝ գնալ-կանգնելու կամ գոնե երգելու։



- Առաջարկներ կոնկրետ ինձ չեն եղել, վերջերս «Արմենիայով» ելույթ ունեցա, որին շատ զգուշորեն, կասկածամտությամբ էի գնում, բայց կարծես թե նետրալ հաղորդում էր, ուղղակի երգեցի, ոչ մի խոսք չեմ ասել ու հուսով եմ, որ դա չի գնահատվի որպես աջակցություն այդ հեռուստաընկերության տերերին, որովհետեւ իրականում ես բացարձակ ընդդիմադիր եմ։



- Ձեզ, որպես քաղաքացի, երաժիշտ, վերջին տարիներին շատ ենք տեսել Օպերայում՝ թե «Ժառանգության», թե Հիմնադիր խորհրդարանի կողքին, չնայած հիմա քաղաքական առումով շատ փոփոխություններ ու վերադասավորումներ եղան, բայց հնարավո՞ր է առաջիկայում Ձեզ տեսնենք այդ մարդկանցից որեւէ մեկի կողքին։



- Դուք ո՞ւմ նկատի ունեք, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրա կողքին չեմ լինի, Րաֆֆի Հովհաննիսյանի առումով ես մեծ հիասթափություն եմ կրել...։ Ուզում եմ նաեւ ասել, որ շատ եմ համակրում Զարուհուն Փոստանջյան, բայց նա էլ նոր է կուսակցություն հիմնում։ Որոշ չափով թեթեւակի համակրանք իմ կողմից վայելում են «Ազատ դեմոկրատները», բայց ես իմ ձայնը, միեւնույն է, իրենց չեմ տալու, այլ՝ «Ելքին»։ Ստեղծված իրավիճակում, ամեն դեպքում, «Ելքն» է գրավիչ ու նաեւ վստահություն ներշնչում։



- Դա պայմանավորված է մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անձո՞վ, թե՞ այն երիտասարդ ուժերով, որ համախմբվել են դաշինքի շուրջ։



- Ես կասեի՝ ավելի շատ Մարուքյանով, քան Փաշինյանով, չնայած ես Փաշինյանին էլ եմ հավատում՝ ի հակադրություն տարածված կարծիքների, ես չեմ գտնում, որ նա ծախված է, եւ հավատում եմ նրա ազնվությանը, Մարուքյանի ազնվությանն ու խելքին էլ եմ հավատում, Սարգսյանն էլ կարգին մարդ է, ու ինձ համար կարգին լինելն ավելի կարեւոր է, քան թե, ինչպես երբեմն ասում են՝ իրենք պրակտիկ չեն, սա չեն, նա չեն, տնտեսվար չեն՝ Բագրատյանի նման։ Ինձ թվում է՝ ազնվությունն է այս պարագայում ամենակարեւոր հարցը, դրա համար ես ավելի հակված եմ իրենց դաշինքին։



- Այս ընտրություններն ինչքանո՞վ եք կարեւորում մեր կյանքում, բացի նրանից, որ ընտրական մոդել է փոխվում։



- Այստեղ արդեն քաղաքագետի գնահատական է պետք, ես մասնագետ չեմ, բայց, համենայնդեպս, սա հերթական ընտրությունն է ինձ համար, որտեղ ամեն անգամ ես մասնակցել եմ ու ամեն անգամ փորձել եմ իմ ճշմարիտ ընտրությունն անել։ Այս անգամ էլ նույնն եմ անելու։



- Այս օրերին տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին տեսանք, որ երբեմն քաղաքացին բացահայտ փող է ուզում եւ սպասում է դրան, այս փաստը միանշանակ դատապարտո՞ւմ եք, թե՞ փորձում եք նաեւ ըմբռնումով մոտենալ։



- Ես դատապարտում եմ ու գտնում եմ, որ մեր ժողովուրդը լավ չի վարվում, երբ փող է վերցնում, չգիտեմ ինչու են այդպես անում, չե՞ն կողմնորոշվում, թե՞ նախընտրած մեկին չունեն կամ էլ ուղղակի անտարբեր են, թքած ունեն, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց դատապարտում եմ ու ահավոր ջղայնանում եմ դրանից։



- Երեւի տեղյակ եք, որ օրեր առաջ, ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի քարոզարշավին, ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմահարթակից շնորհակալություն հայտնեց նրան։ Ունե՞ք գնահատական սրան։



- Ես գտնում եմ, այդ խեղճ մայրերին, որ բերել են, ու նրանք էլ շնորհակալություն են հայտնում, ստորագույն քայլ է, որովհետեւ մինչ այդ, հավանաբար, ինչ-որ օգնություն են ցուցաբերել եւ հետո եկել, այդ օգնության դիմաց պահանջել են, որ շնորհակալություն հայտնեն։ Ինձ թվում է՝ դա ահավոր ստոր քայլ է, ու ոչ թե այդ խեղճ կինը պետք է գա շնորհակալություն հայտնի, այլ անվերջ իրեն շնորհակալություն պետք է հայտնվի, որովհետեւ անվերջ պարտքի մեջ ենք իր առաջ, ու իրեն բերել, այդտեղ կանգնեցնելը սարսափելի ստորություն էր, տգեղ, անշնորհք բան։ Մի բան արել են ու դիմացը դա են պահանջել, որովհետեւ, վստահ եմ, նա ինքնակամ չի եկել-ասել՝ գիտեք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։



- Այս ընտրություններին Սփյուռքն ուզում է անկախ դիտորդներ ուղարկել Հայաստան, որպեսզի վերջիններս վերահսկեն ընտրական գործընթացները՝ բացառելով կեղծիքները։ Որքանո՞վ դա կհաջողվի, եւ արդար Հայաստան ունենալու քաղաքացիական այդ կոչն ինչքանո՞վ տեղ կհասնի։



- Թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել, բայց շատ լավ է, որ անում են, ամեն քայլ, որ ուղղված է արդարությանը, ողջունելի է։ Ինչքան ավելի շատ անկախ դիտորդներ լինեն, այնքան երեւի ավելի դժվար կլինի ընտրությունները կեղծելը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ