Կինոկենտրոնին զուգահեռ կաշխատի ֆիլմարտադրության հանձնակատարը

Կինոկենտրոնին զուգահեռ կաշխատի ֆիլմարտադրության հանձնակատարը

Դեռ տարեվերջյան իր ասուլիսի ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել էր, որ կինոյի ոլորտում փորձելու են կառավարման նոր ձեւաչափ որդեգրել՝ օգտագործելով դաշտի բոլոր կարող ուժերը։ Նոր կառույցն ստեղծվելու է կինոկենտրոնի բազայի հիման վրա, որտեղ դեկտեմբերից ֆինանսական աուդիտ է ընթանում։ 



Հայաստանում գտնվող կինոարտադրության ոլորտի փորձագետ, ամերիկահայ Արսեն Բաղդասարյանն օրեր առաջ մշակույթի նախարարությունում նախարարին է ներկայացրել ֆիլմարտադրության նոր հայեցակարգը։



Թե ինչ փուլում է գտնվում հայեցակարգը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն դեռ վերջնական չէ, եւ մշակման որոշակի աշխատանքներ պետք է արվեն. «Դեռ ժամանակ ունենք մինչեւ հաջորդ խորհրդարանի ձեւավորվելը, եւ սա լավագույն մոդելն է, որպեսզի կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ ֆիլմարտադրության համար։ Մենք ծրագրում ենք, որ պետք է լինի ֆիլմարտադրության հանձնակատարի ինստիտուտ, այսինքն՝ կինոկենտրոնին զուգահեռ պետք է աշխատի ֆիլմարտադրության հանձնակատարը։ Կինոկենտրոնի որոշ ֆունկցիաներ կթեթեւացվեն, ավելի կկրճատվեն, իսկ հանձնակատարը հիմնականում կզբաղվի ֆիլմարտադրության ամբողջ գործընթացով՝ սկզբից մինչեւ վերջ, ապահովելով արտասահմանյան կինոներդրողներին՝ ժամանումից մինչեւ մեկնում, մասնագետների եւ տեխնիկական սպասարկում, վայրերի, դերասանների, տիպաժների ընտրություն։



Հիմա դա քննարկման փուլում է, մենք կարծում ենք, որ նաեւ օրենքով (կինոյի մասին օրենքը) պետք է փոփոխություն անենք, այն օրենքը, որ կառավարությունում էր եւ չհասցրեց Ազգային ժողով գնալ։ Օրենքը հետ կկանչենք, հավանաբար, փոփոխություն կանենք հանձնակատարի մասով, նորից կուղարկենք եւ հաջորդ խորհրդարանում արդեն կունենանք ընդունված օրենք։ Ի դեպ, խոսակցություններն արդեն բերեցին նրան, որ մենք հիմա ԱՄՆ-ից ու Հայաստանից 2 առաջարկ ունենք՝ Հայաստանում ստեղծելու կինոարտադրության բազա՝ տաղավարներ եւ տեխնիկական այլ բաներ, այսինքն՝ մարդիկ պատրաստ են ներդրում անել՝ մոտ կես մլն. դոլար, 700 հազար դոլար սպասարկման ենթակառուցվածքներ ստեղծելու համար, կնշանակի, որ մարդիկ հավատում են»։



Արմեն Ամիրյանին հիշեցրինք, որ դեռ մի քանի ամիս առաջ՝ տարեվերջին, հայտարարեց, որ կինոկենտրոնը պետք է լուծարվի եւ դրա հիմքի վրա ստեղծվի նոր մոդել, դա այլեւս չի՞ լինի։ «Ես դժվարանում եմ ասել՝ դա լուծարմա՞ն տարբերակով կլինի, թե՞ վերակազմավորման, այնուամենայնիվ, դա կլինի այդ երկու ճանապարհներից մեկը։ Այս պարագայում կարեւոր չէ՝ կլուծարվի՞, թե՞ կվերակազմավորվի, կարեւորը, որ ստեղծվի հանձնակատարի ինստիտուտը»։



Ինչ վերաբերում է նրան, թե ով է համակարգելու այս ամբողջ գործընթացը, Ամիրյանը նշեց, որ հանձնակատարի գործառույթը, հավանաբար, կստանձնի ամերիկահայ Արսեն Բաղդասարյանը, իսկ կինոկենտրոնի գործառույթն ավելի կփոքրանա, ինչը նշանակում է, որ աշխատակազմն էլ ավելի կփոքրանա, դրան կհաջորդի այն, որ մրցութային կարգով կորոշվի, թե ով է լինելու կինոկենտրոնի նոր տնօրենը։



Մի քանի ամիս է արդեն՝ ֆինանսական աուդիտ է ընթանում նաեւ ազգային կինոկենտրոնում, գո՞հ է արդյունքներից. «Դեռ չի ավարտվել, ընթանում է, ուստի դժվարանում եմ գնահատել, որովհետեւ աշխատանք այն պահանջներով, որ եղել է, կարծես թե համապատասխանում է, չեմ ուզում ավելին ասել, որովհետեւ դեռ չի ավարտվել, եւ ոչ միայն աուդիտ, այլ նաեւ հարկային ստուգում է հիմա ընթանում, կառավարության վերահսկողությունն է ստուգում, բայց այդ ստուգումները որեւէ կերպ չեն առնչվում այսօրվա գործընթացի հետ։ Պարզապես մենք ուզում ենք հասկանալ եւ ռեալ գնահատել մեր ֆինանսական վիճակը եւ, ամենակարեւորը՝ չունենալ պարտավորություններ նախկին անցած քայլերի համար, դրա համար ուզում ենք մաքրել, զրոյացնել ու ստեղծել նոր ինստիտուտ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ