Ճակատագրիս հետ ընկերություն անել գիտեմ (լուսանկարներ)

Ճակատագրիս հետ ընկերություն անել գիտեմ (լուսանկարներ)

Կոլաժ, կտավ, կավ, թատրոն, երգ․ սա ջազային երգչուհի Իլոնա Սագիեւայի աշխարհն է, որն այս օրերին ներկայացված է Նարեկացի արվեստի միությունում։ Իլոնան ինձ է ներկայացնում իր աշխատանքներն ու կատակում՝ ոչ նկարչուհի է, ոչ կոլաժիստ, ոչ կերամիստ, բայց փորձել է իր ասելիքը երգից բացի նաեւ այսպես տեղ հասցնել։ Մի քանի տասնյակ աշխատանքների միջից Իլոնան առանձնացնում է «Մարդկանց մարդիկ են պետք» գործը, որն էլ պատճառ հանդիսացավ ցուցահանդեսի համար, ավելին՝ կարող էր միայն այդ գործը ներկայացնել ու սրա շուրջ անվերջ խոսել։ «Մարդիկ ամենուր են, բացի ճիշտ տեղից, իսկ «ճիշտ տեղն» ամեն մեկը թող յուրովի գտնի։ Այս գործում մի ձեռք եմ ներկայացրել, որը մարդկանցով է հավաքված, այսինքն՝ եթե ամբողջ աշխարհի մարդիկ իրար սիրեն ու ներեն, կարծում եմ՝ ձեռքի շարունակությունը մենք կհավաքենք»,-ասում է Իլոնան ու նշում, որ այս եւ մյուս գործերն ապրիլի 20-ին մասնակցելու են Բրյուսելում իր ցուցահանդես-համերգին։



Իլոնայի համար կարեւոր չէ նյութը, կարեւորն ասելիքի մեջ է, իսկ դրա համար սովորական քարն էլ բավարար է, որի վրա կարող ես ասելիքդ փորագրել ու միտք արտահայտել։ «Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն ասելիքը»,- ասում է Իլոնան, ով իր բոլոր գործերի մեջ մարդու տեսանկյուններն է դրել՝ իր ձեւով թարգմանելով ու վերնագրելով իր ներսի տեսած մարդուն։ «Ես մի քիչ դեմ եմ այն մտքին, որ աշխատանքը պետք է թարգմանել, մարդու երեւակայությունը չեմ ուզում կողոպտել, ի վերջո, ամեն մարդ յուրովի է ընկալելու, ընդամենը իմ ասելիքը փորձել եմ կարճ վերնագրով բացատրել՝ ինչու, որովհետեւ շատ կարեւոր է, որ ինձ ճիշտ հասկանան, ու թե ինչ իմաստով եմ դա արել»։ Իլոնան ներկայացված գործերը չի բաժանում շրջափուլերի, իր համար կա ընդհանուր ասելիք՝ հավաքված հարց ու պատասխաններից։



Ցուցահանդեսի բացման օրը պատահականորեն, բայց ինչ-որ նախախնամությամբ համընկել է երջանկության միջազգային օրվա հետ, ինչը կրկնապատկել է իր ուրախությունը։ Ցուցահանդեսում Իլոնան ներկայացրել է նաեւ երջանկության մասին մի գործ՝ երկկողմանի մի ցուցանակ, որի մի փեղկին գրված է՝ ես երջանիկ եմ, մյուս փեղկին՝ վաճառում եմ երջանկություն. «Երջանկություն վաճառելը մի քիչ անհեթեթ բան է մարդու համար, որովհետեւ մարդն ի սկզբանե երջանիկ ծնվում է, բայց ինչ-որ մեկը որոշեց այդ գաղափարը բարձրացնել եւ երջանկություն վաճառել, այդ երջանկությունն առնում է այն մարդը, ով զրկվում է իր ամբողջ կարողությունից։ Մարդիկ ավելի հակված են իրերին հավատալու, քան ի վերուստ տրված երջանկությանը, որն ի ծնե ունեն, իսկ նման տրաֆարետներին ավելի մեծ արժեք են տալիս ու եթե դրան հավատում են, ուրեմն գոնե սա կփրկի իրենց, որ դառնան երջանիկ»։



Իլոնան ընդգծում է՝ ինչից որ ազդվել է, այդ թեմայով էլ ստեղծագործել է. «Ես կարծում եմ՝ ամեն մարդ պետք է հասկանա իր գոյությունն այս աշխարհում, ինչ խոսք, այս կյանքը նվեր է տրվում մեզ, բայց պետք է գնահատել ու գոնե մի լումա ներդնել, ես դա անվանում եմ ստեղծագործություն, դա կարող է լինել տանը ճաշ եփելու տեսքով, կարող է լինել երեխա ունենալու տեսքով, որն ավելի մեծ ստեղծագործություն եմ համարում, քան արվեստի գործերը»։



Երգչուհի-ստեղծագործող Իլոնան 10 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում, աշխատել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում։ Նա հիմա չի ուզում բարձրաձայնել, թե իր ասելիքը հաջորդիվ ինչ ֆորմատով կներկայացնի, բայց կարծում է, որ 2-րդ ցուցահանդեսն այլեւս այսպես չի անի. «Սա արդեն ինձ հագեցրեց, եւ իմ ասելիքի վերջակետը դնում եմ այստեղ, որովհետեւ այս գործում ես պրոֆեսիոնալ չեմ ու մի քիչ արդար եմ ուզում մոտենալ ինձ։ Ես պրոֆեսիոնալ եմ երգի մեջ ու մինչեւ վերջ երգելու եմ, դա միակ բանն է, որ չեմ թողնի։ Առանց երգել չեմ կարող ուղղակի, առաջին բեմս եղել է Երգի պետական թատրոնում, հետո՝ ջազ քոլեջ, Կոնսերվատորիա, հիմա երգում եմ ջազ ակումբներում»։



Բնությունից տարբեր շնորհներով օժտված Իլոնան հավատացած է, որ բոլորն են տաղանդավոր, ուղղակի մարդիկ պետք է մտածելու եւ գործելու համարձակություն ունենան, հասկանան, որ անհնարին բան չկա։ «Ես ամբողջ կյանքում անհնարինը փորձել եմ դարձնել հնարավոր ու հետո ծիծաղել եմ, թե ոնց էի ժամանակին սա համարում անհնարին։ Իմ մանկության բոլոր երազանքներն իրականացրել եմ, 2 տարի ստեպ եմ պարել, հիշում եմ, երբ գնացի Արթուր Գրիգորիչի մոտ, ասաց՝ երգելը թարգե՞լ ես, ասացի՝ ուղղակի հիմա ուրիշ երազանք եմ իրականացնում։ Հետո ընդունվեցի մյուզիքլ թատրոն, ի դեպ, Բրոդվեյից հրավեր ստացա, որ գնամ դերասանուհի աշխատեմ, բայց հրաժարվեցի ու չեմ ափսոսում։ Իրականում կապ չունի, թե որտեղ ես ապրում, կարեւորը՝ ապրես այն վիճակով, որ միշտ երազել ես, իսկ հանդիսատեսն ամեն տեղ նույնն է, գնահատականի էլ պետք չէ սպասել, եթե սպասեցիր՝ կկործանվես։ Ես գնահատականին երբեք արժեք չեմ տվել։ Ես գտնում եմ, որ մարդն ընդամենը հերթական ասելիքի փոխանցման մի խողովակ է, եւ այս ամենն իրեն չի պատկանում։ Հիմա ձայնս իմ սեփականությունն է, բայց էլի ինչ- որ չափով իմը չէ, որովհետեւ ի վերուստ է դա տրված, ինչքանով կմնա ինձ մոտ՝ չգիտեմ, բայց, ամեն դեպքում, ես շնորհակալ ձեւով վայելում ու օգտագործում եմ դա»։



Ի տարբերություն շատ ստեղծագործողների, Իլոնան չի դժգոհում ֆինանսների բացակայությունից կամ պետության վերաբերմունքից, նրա կարծիքով՝ դա թույլ մարդու ամենաիդեալական արդարացումն է. «Այդ մտածելակերպին ես ուղղակի շախ ու մատ կանեմ իմ ապրածով ու այն ամենով, ինչին հասել եմ։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց հավատացեք, որ անգամ փողոցում քարերից ու փայտից կարող ես ստեղծել քո ասելիքը, եթե հաստատ գիտես ինչ ես ուզում։ Ինչ խոսք, կյանքը դժվարացել է բոլորի համար, ու իմ ձայնը տաք տեղից չի գալիս։ Ու այն խոչընդոտներով ճանապարհը, որ ես եմ անցել, միայն ուրախ եմ դրա համար, ավելին ասեմ՝ ճակատագրիս հետ ընկերություն անել գիտեմ ու իր ձեռքը միշտ բռնում եմ՝ անգամ վատ ճանապարհներով ինձ անցկացնելիս, որովհետեւ եթե այդ ժամանակ շնորհակալ չեղար, քո երազանքին չես հասնի։ Եթե իմ ճանապարհը փակեն այս տան մեջ, ես ուրիշ տուն կփնտրեմ ինձ համար։ Փորձությունը հենց այնպես չի գալիս մարդու գլխին, ասում ենք՝ Աստված, ինձ համբերություն տուր, Նա համբերությունը տալիս է, բայց դրա հետ էլ պետք է տա փորձություն, այլապես ո՞նց ես իմանալու՝ համբերատա՞ր ես, թե՞ ոչ»։



Կյանքում Իլոնային մի բան է թեւաթափ անում՝ անտարբերությունը. «Դա միակ բանն է, ինչից կարող եմ քանդվել, չնայած այդտեղ էլ եմ ուժեղ, դրա պատասխանն էլ, հակադեղն էլ գիտեմ։ Բայց դա ահավոր բան է, ես կուզեի, որ մարդիկ անտարբեր չլինեին, անտարբերությունը մարդկանց դրդում է պատերազմների, եթե մարդիկ սկսեին իրար հասկանալ, պատերազմներ գուցե չլինեին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ