ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի սահմանադրական բողոքի հիմքում է

ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը  Կոնգրես-ՀԺԿ դաշինքի սահմանադրական բողոքի հիմքում է

Ապրիլի 14-ի երեկոյան համացանցը պայթեցրեց ՍԱՍ-ի Արտակը՝ «ՍԱՍ գրուպի» սեփականատեր, պատգամավոր Արտակ Սարգսյանը, որն իր ընկերությունը կնքել է սեփական անունով՝ Սարգսյան Արտակ Սամվելի։ Ընտրությունից առաջ արված ձայնագրության գլխավոր հռետորն Արտակ Սամվելովիչի մոտիկներից է, ամենայն հավանականությամբ՝ «ՍԱՍ գրուպի» ղեկավարներից, որը բարձրաձայնում է, թե «Գրուպի տված բարիքներից» օգտվողներից ով քանի ձայն է բերելու, գովում է շատ ձայն բերողներին, իսկ «զրո» բերողներին ստորացնում, ասելով՝ բա դու զրոյի տղա՞ ես, հազար ամոթ քեզ։ Կամ՝ շլյապայով աղջիկ, շլյապադ դրել ես, գիտես չե՞ս երեւում, եւ այլն։ Շատերը, ովքեր լսել են ՍԱՍ-ի Արտակի եղբոր՝ Արամ Սարգսյանի ձայնը, այդ թվում՝ մենք, վստահեցնում են, որ այն շատ նման է ձայնագրվողի ձայնին։



Արամ եւ Արտակ Սարգսյանները երեկ ողջ օրվա ընթացքում անհասանելի էին։ Զանգահարեցինք «Գրուպի» կենտրոնական գրասենյակ, ասացինք՝ «Սյուզին է, ուզում եմ Փարիզիս տոմսը վերցնել»։ Այնտեղից մի աղջիկ նախ պատասխանեց՝ «մի րոպե», հետո փոխանցեց մեկ ուրիշ աղջկա, որը, լսելով հարցը, պատասխանեց․ «Բայց Դուք զանգել եք ՍԱՍ-ի գրասենյակ»։ Իսկ երբ հարցրի, թե ինչ վիճակ է խանութում, արդյոք համացանց մտե՞լ է, ներկա եղե՞լ է «գառների» ժողովին, ասաց՝ «ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին, խիստ զբաղված եմ», ու անջատեց հեռախոսը։ Այնպես չէ, որ շատ զարմանալի էր այս ժողովը։ Նման հավաքների մասին նախընտրական շրջանում ու ընտրություններից հետո մի 100 անգամ լսել ենք։ Ապացույցներ էլ կան համացանցում, դիցուք՝ 114 կրթօջախների տնօրենների ձայնագրությունը։ Բայց 40 րոպեանոց ելույթ, որի ամեն մի նախադասություն հանցագործության առնվազն մեկից ավելի ապացույց է պարունակում, հանրությանը մատուցվեց առաջին անգամ։ Ո՞ւմ կողմից։ Հռետորի ձայնը լավ է լսվում, իսկ դահլիճի մարդկանց խոսքը՝ ոչ, ինչից հետեւում է, որ ձայնագրողը ՍԱՍ-ի Արտակի մարդկանցից է։ Նա ծափ չի տալիս կամ անտեսանելի տեղում է եւ դինամիկներից է ձայնագրում, կամ էլ, իրոք, ելույթ ունեցողի կողքին է նստած։ Հռետորի խոսքը հենց սկզբից է ձայնագրված, ինչից կարելի է ենթադրել, որ ձայնագրությունը նախապես էր ծրագրված եղել։



Երեկ արդեն խոսակցություններ էին տարածվում, որ ձայնագրությունն արվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի մարդկանց միջոցով։ Արթուր Գեւորգյանը, ինչպես հայտնի է, եւս առաջադրվել էր Արաբկիրում եւ ՍԱՍ-ի Արտակի հիմնական մրցակիցն էր։ Այս կարծիքի ջատագովները հիմնավորում են, որ ձայնագրությունը ջրի, այսինքն՝ համացանցի երես դուրս է եկել այն ժամանակ, երբ վերջնականապես պարզվեց, որ Արտակ Սարգսյանը խորհրդարան է գնալու, եւ Սերժ Սարգսյանը նրան որպես «կեղտոտված» օլիգարխի չի պատրաստվում հետ պահել այդ մտքից։ Ամեն դեպքում, այն մաքուր սրտով կամ հանուն արդարության չի արված, հակառակ դեպքում կհրապարակվեր ձայնագրվելուց անմիջապես հետո կամ գոնե ընտրությունից առաջ։ Արթուր Գեւորգյանը հորդորեց իրեն այդ տհաճ պատմության հետ չկապել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես հերքեց ոստիկանությանն արատավորող կասկածները․ «Համացանցի որոշ օգտատերեր, նաեւ որոշ լրատվամիջոցներ վերլուծություններ են անում ԱԺ ընտրություններին վերաբերող ինչ-որ ձայնագրությունների շուրջ՝ փորձելով դրանք վերագրել ոստիկանությանը: Այդ «վերլուծությունները» մեր հետաքրքրությանը չէին արժանանա, եթե հերթական անգամ դրանք ոստիկանությանն ու ոստիկանության պետին առնչելու փորձ չարվեր: Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքն իր հետեւողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»։



Մեր աղբյուրները վկայում են, որ ձայնագրությունը դուրս է եկել ոչ թե երեկ, այլ ավելի շուտ, առնվազն մեկ շաբաթ առաջ։ Իրավապաշտպան շրջանակում այս նյութը վաղուց են քննարկում։ Այն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի սահմանադրական բողոքում ներկայացրած փաստերից մեկն է: Բողոքը ապրիլի 14-ի երեկոյան մուտք արվեց ՍԴ:  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այս մասին խոսել է երեկվա բրիֆինգի ժամանակ։



ՍԱՍ-ի գրասենյակի հավաքը նախաբան է ունեցել, եւ չի բացառվում, որ ձայն բերելու պարտադրանքին ծպտյալ ընդդիմացող է եղել, որը միացրած ձայնագրիչով է մտել դահլիճ։ Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ում շահերից էր բխում ձայնագրությունը, արդյոք բարի՞ մտադրության արդյունք էր, թ՞ե ինտրիգի, այն արձանագրել է փաստեր եւ վկայում է իրավախախտումների մասին։ Մինչ ՖԲ օգտատերերը երեկ կոչեր էին անում ՍԱՍ-ից առեւտուր չանել, եւ «կայֆեր» էին բռնում խայտառակված Արտակ Սարգսյանի վրա, դատախազությունը հայտնեց, որ կուսումնասիրի ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունը, ուսումնասիրում է նաեւ ՀՀԿ-ն։ Չնայած ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են հրապարակ նետել իրենց վարկածը՝ որ Արտակ Սարգսյանը չի իմացել այս «քրեական» ժողովի մասին։ ՀՀ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկվա բրիֆինգում ասել է․ «Կարծում եմ, պետք է ուսումնասիրվի՝ արդյոք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել այդ ամենից»։ Այնպես որ, կարելի է կանխատեսել նաեւ, թե ինչ պատճառաբանությամբ իշխանությունները կմաքրեն Արտակ Սարգսյանին․ կհիմնավորեն, որ նա ընդհանրապես տեղյակ չի եղել հավաքից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ