Մուկուչյանը՝ Զուրաբյանին․ «Ձայնագրությունից երևո՞ւմ էր, հա՞, թե քանի մարդ էր այդ ժողովում»

Մուկուչյանը՝ Զուրաբյանին․ «Ձայնագրությունից երևո՞ւմ էր, հա՞, թե քանի մարդ էր այդ ժողովում»

Սահմանադրական դատարանում շարունակում են քննարկել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Այսօր պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր են ուղղում դիմող կողմի ներկայացուցիչները։ Առաջինը Լևոն Զուրաբյանն սկսեց հարցեր ուղղել։ Այսօր պատասխանում է հայցվոր կողմի հարցերին։



Զուրաբյան-Մուկուչյան հարցուպատասխանն ընթանում էր փոխադարձ սարկազմիկ գնահատականներով, որոնք տեղ-տեղ վերածվում էին բանավեճի։ Մուկուչյանը շատ հարցերի պատասխանում էր հակիրճ, մեկ-երկու բառով, երբեմն էլ կրկնում էր նույն պատասխանը, երբ տեսնում էր, որ Զուրաբյանի հարցերը կրկնվում են, որոնց ինքն արդեն պատասխանել էր։ Կամ առաջարկում էր իր հարցերի պատասխանները գտնել ԿԸՀ որոշումներում։



Օրինակ՝ Զուրաբյանը հարցրեց, թե դպրոցների ու մանկապարտեզների քանի տնօրեն է հարցաքննվել, Տիգրան Մուկուչյանի տված կարճ եւ անորոշ պատասխանը չբավարարեց Զուրաբյանին, ով փորձեց վիճել ԿԸՀ նախագահի հետ այդ հարցում՝ փորձելով ստանալ ավելի հստակ պատասխան։ Ի վերջո միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` ասելով, թե հարցուպատասխանը պետք է լինի կոնկրետ դիմումի շրջանակներում։ Այդուհանդերձ, հարցուպատասխանը շարունակվեց ընթանալ նույն ոճով։ Տիգրան Մուկուչյանն էլ, տեսնելով հարցերի կրկնությունը, որոշ դեպքերում հարցերի հրաժարվում էր պատասխանել` ասելով. «Ժամանակի ավելորդ վատնում եմ համարում»:



«Ինձ շատ գոհացնում են ձեր պատասխանները»,-հեգնեց Լեւոն Զուրաբյանը։
Ապա հետաքրքրվեց` Տիգրան Մուկուչյանն ինչպե՞ս կբացատրի առավոտյան ժամերին ընտրողների գերբնականակ ակտիվությունը։ «Ցուցակները հրապարակված են, հերթով հանդիպեք նրանց հետ, հարցրեք, թե ինչու էին այդքան ակտիվ»,-այստեղ էլ Զուրաբյանին հեգնեց Մուկուչյանը։



Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Սարգսյանի շտաբի աղմկահարույց ձայնագրությանը` նշելով, թե այնտեղ հավաքված հարյուրավոր մարդիկ են եղել, որոնք մասնակցել են այդ ժողովին։ Մուկուչյանը զարմացավ, թե որտեղի՞ց վերցրեց Զուրաբյանը այդ թիվը։ Զուրաբյանը սկզբում նշեց, թե ձայնագրությունից ինքը ենթադրելի էր, որ այնտեղ 200 մարդ է եղել, ապա ասաց՝ 400 մարդ։



«Ձայնագրությունից երևո՞ւմ էր, հա՞, թե քանի մարդ էր այդ ժողովում։ Հիմա 200, թե՞ 400 մարդ է եղել»,-դարձյալ հեգնեց ԿԸՀ նախագահը։



Դահլիճից պարբերաբար ռեպլիկներ էին հնչում, ինչին ի պատասխան Գագիկ Հարությունյանը խիստ նկատողություն արեց` հայտարարելով. «Այնպես չանեք, որ ձեզ հիշեցնեմ Սահմանադրության 50-րդ հոդվածը»:



Լևոն Զուրաբյանի հարցրեց նաև․ «Եթե պարզվեր, որ հանրակրթական բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին ՀՀԿ շտաբից հանձնարարություն է տրվել քարոզել սաներին, ցուցակագրումներ անել, դա հիմք կլինե՞ր ՀՀԿ-ի ցուցակը չեղյալ համարելու համար»։



Մուկուչյանը պատասխանեց․ «Եթե-ներով դատողություններ չեմ անում, կլիներ նման բան, կծանոթանայի իրավական իրողություններին՝ կասեի»:



Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ ՕՐՕ-ն եւ «Ելք» դաշինքը ներկայացրել է դիմումը, չե՞ք կարծում, որ ձեր պարտականությունների մեջ էր մտնում ստուգելը այդ վարկածը»: Նա սկսեց այդ վարույթից մանրամասներ ճշտել, հարցեր տալ: Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց, թե «վարույթն ուսումնասիրեիք մինչեւ ՍԴ գալը, Դուք այստեղ ելույթ եք ունենում»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ