Ֆիննախի հինգաստղանին հարմարեցվում է կուրսանտների կարիքների համար

Ֆիննախի հինգաստղանին հարմարեցվում է կուրսանտների կարիքների համար

Փետրվարին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «բարեփոխիչ» ելույթներից մեկում լսեցինք, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանը տեղափոխվում է Դիլիջան եւ տեղավորվելու է ֆինանսների նախարարության համար կառուցված շքեղ համալիրում։ Այն պաշտոնական փաստաթղթերում կոչվում էր ուսումնական կենտրոն, բայց ընդամենը 4 լսարան ունի, մնացածը լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտհրապարակներ ու բար-ռեստորաններ են։ Պաշտպանության նախարարը հիշյալ ելույթում համոզմունք էր հայտնել, որ սա «հրաշալի» կենտրոն է, որտեղ համաշխարհային մակարդակի ցանկացած ուսումնական հաստատություն կարող էր լինել։ «Այնտեղ ուսանելու են այն երեխաները, որոնք բարձր դասարաններում (10, 11, 12) արդեն դիտարկում են ռազմական կարիերայի հավանականությունը»,- ասել էր նախարարը։ Ի՞նչ փուլում են ռազմական ուսումնարանի տեղափոխման աշխատանքները։ Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ուսանողները դեռ չեն տեղափոխվել։ «Դեռ կազմակերպչական գործեր կան»։



Ուսանողների թվաքանակը եւս դեռ հայտնի չէ, քանի որ այժմ ուսումնարանում ընդունելության քննություններ են։ Այն հայտնի կլինի քննությունների ավարտից հետո։ Հունվարին որոշում էին կայացրել «Մոնթե Մելքոնյան» վարժարանին միացնել նաեւ «Փոքր Մհեր» կրթահամալիրը։ Եվ այժմ «փոքր մհերիկները» նույնպես քննություններ են հանձնում փոխադրման համար, քանի որ այս երկու ռազմական դպրոցների միջեւ ծրագրերի մեծ տարբերություն կա։ «Փոքր Մհերի» սաների մի մասը համաձայն չէր տեղափոխվել վարժարան, եւ նրանք ուսումը շարունակել են հանրակրթական դպրոցներում։ Հարցին, թե Դիլիջանի համալիրն արդյոք չի՞ հարմարեցվելու ռազմական ուսումնառության կարիքներին, Վիգեն Սարգսյանի խոսնակը պատասխանեց․ «Նվազագույն ինչ-որ գործեր կլինեն, բայց ոչ մեծ գործեր»։