Ադրբեջանական խնձորի մեջ վնասակար նյութեր չե՞ն հայտնաբերվել

Ադրբեջանական խնձորի մեջ վնասակար նյութեր չե՞ն հայտնաբերվել

ԱԱԾ-ն օրերս հույժ կարեւոր հայտարարություն արեց՝ հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը ներկրվել է անօրինական եղանակով, եւ որ ինքը միջոցներ է ձեռնարկում «առնչակից» անձանց բացահայտելու ուղղությամբ։ «Սասնա ծռերի», պետական հեղաշրջման համար մեղադրվող Արթուր Վարդանյանի ու խմբի մասին արդեն երկար ամիսներ այս մարմինը ոչ մի ձայն չի հանում, եւ լրագրողներն արդեն հույսը կտրել են, որ ԱԱԾ-ն կխախտի լռության ուխտը։ Բայց ադրբեջանական խնձորի մասին՝ խնդրեմ։ Հետամուտ է մաքսանենգ խնձորի թեմային հատկապես ամենաազատ համարվող ԶԼՄ-ն՝ «Ազատություն» ռադիոկայանը, որը կառավարվում է Եվրոպայի կենտրոնից՝ Պրահայից, ու կոչված է դեմոկրատական արժեքներ տարածել ավելի հետամնաց երկրներում, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Բավական է «ազատություն» բառը դնել «ադրբեջանական խնձոր» բառերի կողքին, որ աբսուրդը բացահայտվի։ Հենց այս ԶԼՄ-ին է ցնցող պարզաբանումներ տվել «առնչակից» անձանց հետքի վրա ընկած ԱԱԾ-ն։ «Ազատության» մեր սիրելի գործընկերը, ազգայնական համառությամբ ու գործընկերներին հերթ չտալով, հարցաքննում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին, տարբեր ձեւակերպումներով նրան նույն հարցն էր տալիս, թե ինչպես եղավ, որ ադրբեջանական խնձորը հայտնվեց հայկական շուկայում, ու իրենք չիմացան։ Իշխան Կարապետյանն էլ, որպես երդվյալ չինովնիկ, 20 անգամ իրավական տարբեր ակտեր էր կարդում ձայնագրիչների առաջ, 20 րոպե խուսափողաբար ջուր ծեծում, որ ընդամենը մի բան ասի՝ ներկրվել է մաքսանենգ ճանապարհով։ Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները շուկաներն ընկած՝ ոչնչացնում էին խնձորի խմբաքանակները՝ առանց համին կամ բաղադրությանը նայելու։ Առեւտրականների մեջ կային մարդիկ, որոնք անգամ չգիտեին, թե որ երկրից է խնձորը եկել, բայց պատասխան տվեցին մաքսայինի սխալի համար։ 



«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը կանաչ մի խնձոր ձեռքին եկել էր ասուլիսի ու ֆոկուսներ էր անում լրագրողների համար, ազգի դավաճան անվանեց բոլոր այն առեւտրականներին, որոնք պոկում էին ադրբեջանական պիտակը եւ, տույժերից խուսափելու համար, առանց դրա էին վաճառում խնձորը։ «Հայու գենի» տարբեր կալիբրի պաշտպաններն ու «ոչ մի թիզ հողականները» ստատուսաողբ բարձրացրին, սուլոցներով լցրեցին Ֆեյսբուքը։ Քաղաքագետներ, վերլուծաբաններ, «Կացին ախպեր» հեքիաթի հերոսների նման, ընկան խնձորի հետեւից, որ վառեն։ Գյումրեցի, ԲՀԿ-ամերձ վերլուծաբան Գագիկ Ամբարյանը, փաստեր համադրելով ու հակադրելով, հանճարեղ եզրահանգման եկավ՝ որ «ստահակ դավաճաններ» են նրանք, ովքեր խնձոր են բերել այն երկրից, որն «ընդամենը մեկ տարի առաջ հարձակվեց Արցախի վրա եւ դարձավ 100-ից ավել հայ զինծառայողների մահվան պատճառ, որը հայերին սպանողներին հռչակում է ազգային հերոս, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի՝ հայությանն իրեն»։ Բարդ մտավարժանքների արդյունքում Ամբարյանը բացառելու մեթոդով հասնում է հանճարեղ բացահայտման․ «ստահակ դավաճանները» խնձորը բերել են Վրաստանից։ ԶԼՄ-ներն էլ երեկ այս գրառումն ուրախ-ուրախ վերցնում ու տիրաժավորում էին։ ԶԼՄ-ներն ու ՖԲ օգտատերերը դատափետում են ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին, որը չի պարզաբանում, թե ադրբեջանական խնձորներն ինչպես են հասել մեր վաճառասեղաններին։



Գտե՞լ են արդյոք թունավոր նյութեր խնձորի մեջ։ Այս հարցին ՊԵԿ-ում չեն պատասխանում՝ խոստանալով, որ ավելի ուշ կհաղորդեն։ Երեւի, եթե գտած էլ չլինեն, ոչ ոք չի համարձակվի այս մասին հայտնել, ազգային վակխանալիայի ֆոնին։ Ի դեպ, «Հրապարակը» ստույգ աղբյուրից ստացված տեղեկություն ունի, որ ադրբեջանական խնձորն ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել։ «Ամբողջ Մոսկվայում այդ խնձորն է վաճառվում, շատ համեղ խնձոր է։ Ես զարմանում եմ ուղղակի, Թուրքիայից Վրաստանով կլոր տարին թուրքական միրգ ու բանջարեղեն է գալիս, ստուգվում է ու մտնում է շուկա, ու ոչինչ, ոչ մի աղմուկ չկա»,- ասաց պետական մարմնի մեր աղբյուրը։
ՀԳ․ Ադրբեջանական խնձորը լավ առիթ է մեր երկրում 20 տարի շարունակ, ընտրությունից ընտրություն կատարվող գլոբալ հանցագործությունից մարդկանց ուշադրությունը շեղելու, ազգերն իրար վրա «քսի տալու», ազգայնական տրամադրությունների ու կեղծ արժեքների ալիքը կրկին բորբոքելու համար։ Դավթաշենի կտրած ծառերը, որոնց մասին Հայաստանի նախագահը խոսեց, ադրբեջանական խնձորը՝ շարքը կարելի է շարունակել։ Բայց ծառերը կանաչեցին, ծառ կտրողը դարձավ ծառ էտող ու ազատվեց կալանքից, ու վստահ ենք, որ նույնը կլինի ադրբեջանական խնձորին «առնչակցվողների» հետ։ Կխոսեն, կխոսեն, կմոռանան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ