Ընտրություններից հետո՝ ընտրություններից առաջ

Ընտրություններից հետո՝ ընտրություններից առաջ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ «Հայազն» կուսակցությունները որոշել են միավորվել մեկ «մարմնում» եւ հանդես գալ մեկ դրոշի ներքո։ Երեկ՝ Աշխատավորների օրը, այս երկու կուսակցություններն իրենց համակիրներով հավաքվել էին «Անի պլազայում», որ նախ շնորհավորեին Մայիսի 1-ը, խոսեին Հայաստանում աշխատավորների իրավունքների ոտնահարման մասին, հրապարակեին իրենց մանիֆեստն ու վերջում էլ հայտարարեին, որ որոշել են միավորվել։ Միավորման նպատակն այդպես էլ հստակ պարզ չդարձավ, թե ընտրություններից հետո միավորվում են, որ ի՞նչ անեն, բայց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հենց այս կոնտեքստում հայտարարեց, որ սա աննախադեպ գործընթաց է։



«Հայաստանում առաջին անգամ քաղաքական կուսակցությունները միանում են իրար ոչ թե նախընտրական շրջանում՝ ընտրությունների մասնակցելու եւ հետագայում տուն գնալու նպատակով, այլ միանում են՝ նախեւառաջ ի մի բերելով մեկ գաղափարական եւ քաղաքական օրակարգ»,-ասաց նա՝ իր ելույթում հընթացս խայթելով նաեւ որոշ ընդդիմադիրների, «որոնց տուն կամ թոշակի գնալու ժամանակն է արդեն»։ Սրանով փաստացի դրվեց «Հայազն» կուսակցության լուծարման, ՍԴՀԿ-ին միաձուլվելու գործընթացի սկիզբը։ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն էլ, որին մարդիկ կհիշեն «Այո-ոչ»-ի քարոզարշավից, իր խոսքում հայտարարեց․ «Ես հրապարակավ խոստանում եմ, որ տարիներ հետո մեր աշխատանքի պտուղները տեսնելու եք»։



Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն ու «Հայազնն» ընտրություններից առաջ էլ էին միավորման գործընթաց նախաձեռնել, բայց ոչ թե իրար հետ, այլ «Ծառուկյան դաշինքի» շուրջ։ ՍԴՀԿ-ն բանակցում էր կոնկրետ Ծառուկյանի հետ, բայց վերջին պահին քաղաքական համագործակցությունը ձախողվեց՝ ինչ-ինչ պատճառներով։ Իսկ «Հայազնը» դա փորձում էր անել «Ծառուկյան դաշինքի» առանցքային ուժն ու լոկոմոտիվն այդպես էլ չդարձած «Միասնություն» շարժման կազմում, բայց երկուսի բանակցություններն էլ վերջնական նպատակին չհասան, եւ նրանք դուրս մնացին քաղաքական պրոցեսներից։ Եվ որքան էլ Նարեկ Գալստյանը փորձեց իրենց «աննախադեպ միավորումը» համարել ոչ թե նախընտրական, այլ հետընտրական, նրան եւ Արմեն Մկրտչյանին մի քանի հարց տալուց հետո պարզ դարձավ, որ հետընտրական այս միավորումը, իրականում, խորը նախընտրական է։



«Սրանով հող ենք նախապատրաստում երկրում գաղափարական մեծ քաղաքական միավոր ստեղծելու համար։ Բնականաբար, դա ենթադրում է նաեւ ընտրական գործընթացներ»,-աշխատավորների իրավունքների պաշտպանության մանիֆեստի քողի տակ իրենց քաղաքական միավորման նպատակը բացահայտեց Նարեկ Գալստյանը։ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն էլ այս մասին ավելի բաց ու թափանցիկ խոսեց՝ բացահայտ ասելով, թե որն է իրենց վերջնական նպատակը։ «Մեզ համար 2022 թ․ ընտրություններն արդեն իսկ սկսված են, եւ մենք, այսպես ասեմ, որպես առաջին փուլի վերջնական նպատակ՝ պատրաստվում ենք գնալ 2022 թ․ խորհրդարանական ընտրություններին, իսկ ընթացիկ գործընթացներում նախատեսում ենք մասնակցել աշնանը տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին։ Դրան զուգահեռ՝ նախատեսում ենք կազմակերպել Հայաստանում աշխատավորների եւ, ընդհանրապես, քաղաքացիների սոցիալական եւ բոլոր մնացյալ ոտնահարված իրավունքների պաշտպանության մեծ շարժում, որը կարող է զուգորդված լինել առաջին հերթին հենց փողոցային պայքարով։ Մենք՝ որպես երկու հեղափոխական կուսակցություններ, կարող ենք ֆիքսել, որ գնում ենք, այո, հեղափոխական փոփոխությունների, եւ մեր առաջ բարձրացրած լուծումները լինելու են հեղափոխական»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ