Քաղաքական հաշվարկ՝ զոհերի հաշվին․ ի՞նչ են զեկուցելու Էրդողանին

Քաղաքական հաշվարկ՝ զոհերի հաշվին․ ի՞նչ են զեկուցելու Էրդողանին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում հայտարարված համընդհանուր ընտրություններից առաջ իրավիճակի գնահատման խորհրդակցություններ կանցկացնի և արդյունքների մասին կզեկուցի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այդ մասին գրում է Milliyet թերթը։

«Հայտնի է դարձել, որ իշխող կուսակցության ընտրությունների հարցերով գրասենյակը ընտրություններից առաջ ամեն չորեքշաբթի գնահատման խորհրդակցություններ է անցկացնելու՝ տեղում աշխատանքը քննարկելու համար, իսկ հանդիպման արդյունքները պարբերաբար կներկայացվեն նախագահ Էրդողանին»,- ասվում է թուրքական պարբերականի հրապարկման մեջ։
Թեև Թուրքիայի նախագահը «դեռևս նոր հայտարարություն չի արել ընտրությունների վերաբերյալ, սակայն համոզմունք կա, որ դրանք կկայանան մայիսի 14-ին, գրում է թերթը։

Հավելենք,  որ Թուրքիայում համընդհանուր՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններն ի սկզբանե նախանշված էին հունիսի 14-ին, սակայն հետագայում Էրդողանը դրան ժամկետը վերանայեց և նշանակեց մայիսի 14-ին։ 

Բացի այդ, Թուրքիայում քննադատաբար են արձագանքում երկրում ավերիչ երկրաշարժից հետո ընտրությունների կազմակերպման գաղափարին, Էրդողանին մեղադրելով ողբերգության հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրության մեջ։