Մամայիս սարքած պասուցի համն էր գալիս..․Նազենի Հովհաննիսյանն Ամանորը դիմավորել է ԱՄՆ–ում

Մամայիս սարքած պասուցի համն էր գալիս..․Նազենի Հովհաննիսյանն Ամանորը դիմավորել է ԱՄՆ–ում

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում պատմել է ամանորյա հուշերի մասին՝ հրապարակելով ԱՄՆ–ից լուսանկար, որտեղ էլ դիմավորել է Ամանորը։
«Մանկությանս ամենավառ հիշողություններից էր ամանորյա գիշերը, երբ ծնողներիս հետ՝ ոտքով, մի քանի կանգառ հեռավորության վրա գտնվող մեր ազգականներին էինք այցի գնում՝ հենց գիշերով. ձյունն եմ հիշում՝ խիտ, ու ճռճռոցը, ու մի տեսակ մազերիս կպած սառն օդի հոտը, որն ամենուր հետս հյուր էր գալիս ու արագ հեռանում՝ փախչելով տների տաք բույրերից։ Հիշում եմ, որ երեխայական քիմքս հստակ հիշում էր՝ ում տանն ամենահամեղն ինչն էր ու այդպես էլ սնվում էի․ մորաքրոջս տանը եթերային բլինիչկին էր, մյուսի տանը՝ տոլման, երրորդում համեղ մեղրովը կամ պարզ մանդարինը։ Հետո քայլելով գնում էինք Նորքի բարձունք՝ այն ժամանակ դեռ ամայի տարածքներով, ու նայում էինք վառվող աստղերին՝ Հրապարակից պայթող հրավառաության տեսքով: Ամանորն ինձ համար վաղուց կարոտի մասին է... շատ մեծ ու անփարատ կարոտի՝ առանց ծնողներիս: Երևանն առհասարակ կարոտի քաղաք է։ Հրեշտակների քաղաք...(բոլորովին այդպես չի իհարկե)), բայց դե: Տարեմուտին որոշեցի խախտել Լոս Անջելեսյան «համակարգն» ու գիշերով, չնայած մեծ հեռավորություններին, այցելեցի լրիվ տարբեր ծայրերում գտնվող ընկերներիս, ընտանիքներով նշեցինք տարեմուտն ու վերջապես կարոտը մասնատեցինք. ամենքիս բաժինը դարձավ մի փոքր կտոր. մասունքի նման ու մեր ունեցած մեղքի չափով... տանելի։ Մանկության Տարեմուտն իր համն ուներ. Մամայիս սարքած պասուցի համով էր գալիս...այնտեղ իր սերն էր՝ ամեն հատիկի մեջ առանձին-առանձին , մաքրված սիսեռի, թեթև խաշած ոսպի ու բոլորին իրար միացնող բլղուրի մեջ: Մայրս էլ բոլորին իրար էր միացնում՝ պասուցի բլղուրի նման։ Սուրբ Ծննդյան անհամբեր սպասումով պիտի շարունակեմ տներով այցը, գրկեմ ընկերներիս, շփվեմ,ու մեր սրտերին ծանրացած կարոտը՝ մասնատենք, որ տանելի դառնա՝ «մեր ունեցած մեղքի չափով գոնե»»։