Մանիպուլյացիաներ եւ հանցավոր վարքագիծ. Տիգրան Ավինյանը ծառերի սպանդից հետո փորձաքննություն է նշանակում

Մանիպուլյացիաներ եւ հանցավոր վարքագիծ. Տիգրան Ավինյանը ծառերի սպանդից հետո փորձաքննություն է նշանակում

Որքան էլ զարմանալի է, հողերի հանձնումը, կամ Արցախի ճակատագիրն այդքան չի վրդովվեցնում երևանցուն, որքան ծառերի սպանդը, որը քաղաքապետարանը հետևողականորեն իրականացնում է վերջին տարիներին։ Ապրիլի 3–ին առավոտից մարդիկ հավաքվել էին  քաղաքապետարանի մոտ ու պահանջում էին դադարեցնել հաստաբուն ծառերի ոչնչացումը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը իջավ, փորձեց լսել մարդկանց՝ լավության կարգով։ Բայց լսելը  նրա մոտ, ինչպես և քաղաքապետին վայել կեցվածք պահելը՝ չստացվեց։ Զրույցի կեսից նա անցավ քուչի «սլենգի», ասելով՝ «Ապէէէ, հանգստացի, մի հատ շունչ քաշի», «Էս տոների մեջ մի խոսա հետս», կամ ռուսներին, որոնք եկել էին պաշտպանելու մեր քաղաքի ֆլորան, հարցեր էր տալիս՝ թե ինչքա՞ն ժամանակ են ապրում Երևանում։ Ավինյանը կրկնում էր կանաչապատման ՀՈԱԿ տնօրեն, նախկինում բուքմեյքեր Արմեն Բեգոյանի մաշած պատճառաբանությունները, թե` միայն «հիվանդ»  թեղիներն են հանվում, ծառահատումն արվում է գիտնականների «դաբրոյով», որ անձը, որը 5 տարի առաջ ասում էր, թե թեղիները պետք է կտրվեն, այսօր դարձել է դրանց պաշտպան։ Ավինյանը նկատի ուներ ավագանու անդամ բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանին «Ազգային առաջընթաց» խմբակցությանունից, որը Հայկ Մարությանի օրոք զբաղեցրել է նույն կանաչապատման ՀՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը։ 

Քրիստինա Վարդանյանը, իրոք, բազմիցս հայտարարել է, որ թեղիները պետք է փոխարինվեն այլ ծառերով, սակայն մանիպուլացնում են նրա ասածները, նա նշել է, որ թեղիների փոխարինումը պետք է տեղի ունենա աստիճանաբար։ 

«Ես ծառերի արանքում տնկել եմ ծառեր, ոչ մի ծառ չեմ հատել։ Ծառերը հատելու համար պետք է լինեն գործիքային հետազոտություններ, բայց մենք այդ գործիքները չունենք, որոնք պետք է գնենք։ Ես ներկայացրել եմ 3 տարվա պիլոտային ծրագիր՝ քաղաքային տնկարանից պետք է հանել ծառերը, տեղադրել, կտրելով ամեն երրորդ թեղին և դրա փոխարեն հացենի տեղադրելով, որը Երևանի պայմաններին հարմար՝ չորադիմացկուն, մեծ սաղարթով ծառեր են, որոնց վրա կարողանում են նստել թռչունները, որովհետև դա բարձր է և իրենց համար վտանգավոր չի։ Դեռ ոչ մի ծառ չկտրած, մենք քննարկումներ ենք ունեցել մասնագետների, բուսաբանության ինստիտուտի հետ։ Ծառերը չէինք կտրելու, հանրային լսումներ էինք անելու, մարդկանց ցույց էինք տալու, որ մենք 3 տարի է ծառերը բուժում ենք, առել ենք սրսկման համար տեխնիկան, մեխանիկական  մաքրում ենք կատարել, հեռացնելով ծառերի վրա տոննայով կուտակված կիրը, որի մեջ միջատները ձմեռում էին։ Մենք արգելել էինք խոր էտը, որովհետև չի կարելի ծառերը տրավմայի ենթարկել, պետք է պահել այնքան ժամանակ, որքան որ ծառը կապրի՝ 5, 10, թե 50 տարի», - հակադարձում է Քրիստինա Վարդանյանը։ 

-Մանիպուլյացիա համար 2. չկան գիտնականներ, որոնք կհերքեն ավինյանական գիտնականների՝ Ժիրայր Վարդանյան, Արծվին Գրիգորյան, Հասմիկ Խուրշուդյան, կարծիքը։ Ի՞նչ անել:

-Չկան՝ միջազգային հանրությանը դիմեք։ Ես գնացի հասա Մոսկվա, դիմեցի միակ մասնագետին` Սերգեյ Պալչիկովին, ով եվրոպական արբորիստների միության անդամ է, պետական սերտիֆիկացման հանձնաժողովի նախագահն է, որը միակն է ԱՊՀ-ում, որի տված սերտիֆիկատով դուք Գերմանիայում կարող եք ծառ կտրել։ Նա իմ նամակին 4 էջ պատասխանել է՝ որ ակնադիտական եղանակով չի կարելի որոշել, ծառը կենսունակ է, թե ոչ, պետք է հետազոտություն անել, որ հարավային քաղաքում չի կարելի զանգվածաբար կտրել ծառերը, անգամ խնդիր ունեցողները։ Եթե դուք հյուսիսային քաղաքում դա կարող եք անել, ապա հարավային քաղաքում՝ ոչ, որովհետև խնդիրն ահռելի է լինելու։ Բացի դա՝ տարեց ծառերը պետք է  լինեն, որ երիտասարդները կպչեն նրանց ստվերի պայմաններում, որովհետև նրանց էլ է պետք պաշտպանել։ Հիմա այդ եվրոպական տնկանյութը բերելու են, թողնեն մեր 50 աստիճան արևի տա՞կ։ Ախր, սա ապուշություն է։ Ես տարել եմ այդ եզրակացությունը Ավինյանին, ու խնդրել եմ, որ նա բնապահպանական խորհուրդ ստեղծի քաղաքապետին կից, իր անունից հրավեր ուղարկի միջազգային փորձագետներին ու որ նրանք միանան ԶՈՒՄ հարթակում բնապահպանական խորհրդի նիստին, ընդհանուր քննարկենք, հասկանանք։ Իսկ նա ասում է. Կրիստինան ասել է` ծառերը պետք է կտրել։ 

-Մանիպուլյացիա 3. ասում է, որ  միայն թեղիներն են հանվում ու չի ասում, որ այլ ծառեր էլ են կտրել, ու նաև՝ թե ինչով են փոխարինելու թեղիները՝ թփուտներով, որոնք չունեն ոչ սաղարթ, ոչ ստվեր են ապահովելու։  

-Բա Մոսկովյանում հացեցիներն ինչո՞ւ կտրեցին։ Ինչ վերաբերում է իրենց ասած ծառերին՝ դրանք սովետում էլ են տնկել, բայց այգիներում ու պուրակներում, որովհետև դրանք դեկորատիվ էֆեկտ ունեն։ Միակ բանը, որ ճիշտ ընտրություն են արել՝ Բագրատունյաց փողոցում սաֆորաներ տնկելն էր։ Մնացածը, ինչ արել են, հիմարություն է։ Երևանի կենտրոնը դառնալու է եռացող թավա։ Ես այս ազարտը չեմ հասկանում։ Թող ամեն երրորդ ծառը կտրեին, Ալեք Մանուկյանում թող երեք ծառ կտրեին` երեքը թողնեին, թող այլ ծառատեսակներ դնեին, համ ծառատեսակների քանակը կավելանար, ավելի կայուն կլիներ միջավայրը, և կմնային լայնասաղարթ ծառերը։ 3-4 տարվա ընթացքում անընդհատ կարելի էր վերադառնալ այդ փողոցին, ծառերի փոխարինումը այսպես չեն անում։ 

-Մանիպուլյացիա 4՝ թեղիների վրա միջատներ են, որոնց դեմ անզոր ենք պայքարել, բնակիչը բողոքում է։ 

-Կաղնիների հետ կապված էլ ունենք նման խնդիր, ամբողջ երևանի կաղնիները վարակված են, հետո կաղնինե՞րն ենք կտրելու։ Կան բոլոր ֆոտոները, թե ինչպես էինք մենք մշակում, ու միջատները ալյուրի նման, հազարներով ընկած էին գետնին` սրսկումից 2 ժամ անց։ Եթե գրագետ սրսկում չես անում, 360 հազար տնկի ես առնում, որը Երևանին պետք չի, բայց չես առնում 50 հազարով մի հատ էլ տրակտոր։ 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրում տրակտորը մնում է 3-4 օր, ու ստացվում է, որ վերջինին 50 օր անց է հասնում, իսկ այդ 50 օրն այն ժամանակն է, որը բավական է միջատին կրկին տարածվելու համար։ Սրսկումը պետք է անել ամբողջ քաղաքում, զանգվածաբար ու  միաժամանակ։ Եւ ի վերջո, թողած քաղաքի փոսերը, ընկել են ծառերի հետևից։ Ե՞րբ են փոսերը վերացնելու, ավտոբուսները ընկնում են փոսերի մեջ։ Առաջնահերթը ծառերը կտրե՞լն էր։ 

ՀԳ Ծառերը կտրելուց հետո, երբ մարդիկ փողոց դուրս եկան, Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառերի հունձը եւ փորձաքննություն նշանակել։ Այսինքն, փորձաքննություն չեն արել եւ միայն աղմուկից հետո հարկ համարեցին անել` երբ ծառերի հանցավոր սպանդը մասամբ իրականացվել է: «Չնայած Թումանյան, Ալեք Մանուկյան և այլ փողոցներում արդեն մոտ 400 ծառ է հատվել, քաղաքի այլ հատվածներում ստացվեց 2500 ծառ փրկել», - ի մի բերեց պայքարողներից մեկը՝ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը` «Ազգային առաջընթաց» խմբակցությունից։ Արժե արդյո՞ք հավատալ Ավինյանին, որը մի քանի անգամ ինքնագոհ կրկնեց, որ այս տարի ինչ պետք է կտրեին` արդեն կտրել են ու կրկնեց՝ ընդամենը մի  փողոց է մնացել, կառավարության շենքի հետնամասում։ Սա Երևանի ֆլորայի երկրորդ մաշտաբային  ոչնչացումն էր` «մութ ու ցուրտ» տարիներից հետո, բայց այն ժամանակ ոչ թե պետությունն էր դահիճը, այլ քաղաքի բնակիչները, որոնք պարզ գոյատեւելու խնդիր էին լուծում եւ այդ սպանդի հետեւանքները դեռ երեւում են մեր բնության եւ էկոլոգիայի վրա: Հիմա որեւէ արդարացում չկա։