Երեւանն ի վիճակի՞ է վճարել հակառուսական ընթացքի գինը

Երեւանն ի վիճակի՞ է վճարել հակառուսական ընթացքի գինը

Վերջին 10-15 օրվա ընթացքում Ռուսաստանից 2 հաղորդագրություն տարածվեց, որոնք, չգիտես ինչու, աննկատ մնացին։ Առաջինը վերաբերում էր նրան, որ Ռուսաստանը կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ անդամ երկրներին՝ միության շրջանակներում փոխադարձ առեւտրի սահմանափակումների մասին։ Այս առնչությամբ, ըստ հայտարարության, ՌԴ դաշնային կառավարությունը նախագիծ է մշակել, որտեղ փոխադարձ առեւտրի սահմանափակման համար հիմքերն են նշվել, ի շարս այլ գործոնների, նաեւ՝ ազգային անվտանգության դեմ սպառնալիքները: Թեեւ նշվում է նաեւ, որ սահմանափակումները չպետք է հանդիսանան քողարկված սանկցիաներ։

Մյուսը ՌԴ Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունն է, թե ՌԴ ԿԲ-ն հնարավոր է ծայրահեղ միջոցներ կիրառի բոլոր նրանց դեմ, ովքեր սահմանափակում են ռուսական «Միր» վճարումային քարտերի սպասարկումը։ Այդ «մեսիջի» հասցեատերերից մեկն էլ, եթե չասենք՝ գլխավորը, Հայաստանն է։ Բազմաթիվ անգամներ ասվել է, որ Ռուսաստանի համբերության բաժակը կարող է լցվել, եւ Մոսկվան ընդգծված հակառուսական ընթացքի պատճառով կարող է անցնել պատժիչ գործողությունների։ Եվ Ռուսաստանը Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք համարում է չափազանց լուրջ խնդիր իր համար։

Այսինքն՝ Երեւանի պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ գա մի պահ, երբ Ռուսաստանը Հայաստանի հակառուսական գործողությունները դիտարկի որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը եւ անցնի փոխադարձ առեւտրի սահմանափակումների։ Թե ինչ էֆեկտ կունենա դա Հայաստանի համար, մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը փաստացի չունի ԵԱՏՄ շուկային փոխարինող այլ շուկա` նման որոշմանը դիմակայելու համար։ Մյուս կողմից, եթե դիտարկենք ՌԴ ԿԲ հայտարարությունը, ապա այն կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի բանկային համակարգին եւ Հայաստանի ֆինանսաբանկային կայունությանը։ Եթե հավելենք նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները հենց ԵԱՏՄ-ի շնորհիվ են ապահովվել, հարց է առաջանում` ի՞նչ է անելու պաշտոնական Երեւանը եւ ի վիճակի՞ է արդյոք վճարել այս հակառուսական ընթացքի բարձր գինը։