Սոչիում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի սահմանների որոշակիացման հանձնաժողով․ քաղաքագետ

Սոչիում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի սահմանների որոշակիացման հանձնաժողով․ քաղաքագետ

Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն կարծում է, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կստեղծվի սահմանների որոշակիացման հանձնաժողով։ Այս մասին նա ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին «լայվին», քաղաքագետը նշել է, որ այն ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, հիմնականում հասցեագրված է Հայաստանի ներքին լսարանին, ինչպես նաեւ պարունակում է մեսիջներ Մոսկվայի համար։

Շահինօղլուն նշել է, որ իր կարծիքով անտրամաբանական է այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դա չվերաբերի Ղարաբաղին, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչելու են մեկմեկու տարածքային ամբողջականությունը։

Շահինօղլուն նաեւ ներկայացրել է ադրբեջանական մոտեցումը ռազմավարական բարձունքներում հսկողության ամրապնդման ուղղությամբ, եւ շեշտել, որ Բաքուն ամեն պարագայում, ցանկանում է Երեւանի հետ երկխոսել եւ ընդլայնել այդ երկխոսությունը։ Ադրբեջանցի քաղաքագետը նկատում է, որ հիմա օրակարգում հիմնական հարցը համարվում է «Զանգեզուրյան միջանցքը» եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Շահինօղլուն կարծում է, որ երկու պարագաներում էլ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա եւ եթե այդ ճնշումը մեծանա, գործընթացը կարող է ավելի արագանալ։

Ընդ որում, Շահինօղլին ընդգծել է, որ եթե օրինակ համաձայնություն չկայանա «Զանգեզուրյան միջանցքի» բացման հետ կապված, ապա Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի Լաչինի միջանցքը փակվի։