«Ռուսներն են մեղավոր»

«Ռուսներն են մեղավոր»

«Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ շարունակում է դա անել: Թուրքիայի հետ դաշնակցած՝ Ռուսաստանը մասնատում է մեր երկիրը: Կամ առնվազն օժանդակում է Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանցիները զավթեն նորանոր տարածքներ մեր երկրից»․ այսպիսին է ռուսատյացների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ՌԴ քաղաքականության վերաբերյալ: Նախկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն մոռանում հիշատակել այդ երկրի ներքին խնդիրները մարդու իրավունքների առումով:

Եվ որպես այլընտրանք՝ մեր փրկությունը փորձում են գտնել Արեւմուտքում: Մեջբերենք արեւմտյան կողմնորոշումը հիմնավորող դրույթներից հիմնականը. «Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, մեզ պետք է օգներ, նույնիսկ եթե Նիկոլը պաշտոնապես չդիմեր Պուտինին»: Այդ դեպքում հաշվի չի առնվում, որ պետությունների միջեւ փոխհարաբերությունները երեւանյան «քուչի կռվի» տրամաբանությամբ չեն բնորոշվում: Բացի դրանից, Մինսկի խումբը դեռեւս չի լուծարվել, եւ ՌԴ-ն ինքնաբացարկ չի հայտնել համանախագահ երկրի կարգավիճակից: Իսկ դա որոշակի սահմանափակումներ է մտցնում մեզ օգնելու ռուսական ցանկության հարցում, եթե նույնիսկ լիներ նման ցանկություն: Ենթադրում եմ, որ ռուսատյաց գրագետները սա գիտակցում են, սակայն ով ասաց, որ մանիպուլյացիայի մեթոդը Նիկոլը սեփականաշնորհել է:

Ռուսատյացների կարծիքով՝ ԱՄՆ-ն, օրինակ, հաստատ օգնության ձեռք կմեկներ, եթե մենք լինեինք վերջինիս անվտանգության համակարգում՝ անկախ Նիկոլի հանգամանքից: Եվ դա կաներ հանուն արդարության, քաղաքակրթության եւ քրիստոնեական եղբայրության: Հետաքրքիր եռանդամ ձեւակերպում է, որով ենթադրվում է, որ Բաքուն, օրինակ, իր նավթով ու գազով դուրս է ժամանակակից քաղաքակրթությունից: Մոռացվում է, որ մեր ոխերիմ թշնամին արեւմտյան երկրներում առաջ է տանում արդարության իր տեսլականը եւ այնքան էլ վատ չի «վաճառում»՝ հաշվի առնելով նույն նավթը, գազը եւ դրանցից ստացվող կանաչ թղթադրամները:

Մնաց խեղճուկրակ քրիստոնեական եղբայրությունը, որի վերջին միջպետական դրսեւորումը, որքան գիտեմ, շուրջ հազար տարի առաջ իրականացված խաչակրաց արշավանքներն էին: Իսկ որպեսզի չգնանք պատմության խորքերը՝ վերհիշենք ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի դատողությունն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ: Հիշեցնեմ նրա ասածը. «Ամերիկյան զինվորը չպետք է կռվի ուրիշի համար, եթե նա ինքը չի կռվում»: Մի բան էլ՝ ԱՄՆ-ն մեկ անգամ հրաժարվել է մեզ հովանավոր լինելուց 100 տարի առաջ: Նույնը, ըստ վկայությունների, տեղի է ունեցել 20 տարի առաջ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ԱՄՆ այցի ժամանակ:

Վերադառնանք Ռուսաստանին: Որքան հասկանում եմ, մեզնից ոմանք չեն գիտակցում, որ ռուսական միջամտության շնորհիվ մենք պահպանեցինք Արցախի գոնե մի մասը: Թե՛ Ֆրանսիան եւ թե՛ ԱՄՆ-ն փորձեցին դա անել, սակայն չկարողացան: Ասում են, թե նույն ռուսներն են մեղավոր, կամ Նիկոլն է մեղավոր, բայց տվյալ դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե ով է մեղավոր կամ ինչու: Կարեւորը չկարողանալու հանգամանքն է: Ուրիշ հարց, որ Նիկոլը ցանկանում էր Իլհամին նվիրել ողջ Արցախը:

Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր դատարկվում Արցախը: Եվ չեք մոռացել, չէ՞, Արցախը հանձնելու հիմնավորումը. ամբողջը պահպանելու նպատակով դրա մասը տալու՝ նրա «հանճարեղ» դատողությունը ոչ պակաս «հանճարեղ» իր գրվածքում: Եվ մի քանի հազար զոհ տալով՝ առնվազն յոթ շրջանները թշնամուն հանձնելու գաղափարը՝ բարձրաձայնված 2019-ին լրագրողի ներկայությամբ: Նվիրելով ոչ միայն յոթ շրջանները, այլեւ ողջ Արցախը՝ Նիկոլն ազատվում էր ղարաբաղյան կարգավորման գլխացավանքից էլ, Արցախը որպես բեռ ունենալուց էլ եւ, վերջապես՝ հացի խնդրից էլ՝ ողջ մնան «սերգոջանները»: Բայց «նենգավուն» ռուսները տապալեցին նրա պլանները՝ Արցախի մի մասը պահպանեցին թե՛ մեզ եւ թե՛ իրենց համար:

Եվ տեղական ռուսատյացները փոխանակ գնահատեն այն, ինչ կատարել է մեզ համար Ռուսաստանը, շարունակում են մեղադրել ՌԴ նախագահին: Առաջին հայացքից կարելի է մտածել, որ նրանց թվում է, թե Հայաստանը պետք է լինի այդ երկրի ուշադրության կենտրոնում՝ որպես ռազմավարական գործընկեր: Բայց երեւի մոռանում են, որ այդ երկիրը եւս բախվել է բազմաթիվ խնդիրների Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանում թալիբների հաղթանակից հետո: Դրանց գումարվում է արեւմտյան երկրների ղեկավարների ագրեսիվ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ: Չմոռանանք նաեւ, որ մեզ համար ողբերգական լինելուց բացի, Փաշինյան Նիկոլի վարչապետությունն անվստահության աղբյուր է Ռուսաստանի համար: Իսկ անվստահության հանգամանքը, ի դեպ, միշտ է եղել լուրջ գործոն պետությունների միջեւ փոխհարաբերություններում ու մնացել է այդպիսին:

Այդ խնդիրը, օրինակ, բոլորի համար ընկալելի է, երբ խոսք է գնում կենցաղային մակարդակում դրա դրսեւորման մասին: Սակայն, չգիտես ինչու, վերածվում է ոչ ընկալելի երեւույթի, երբ նման հարց է ծագում միջպետական փոխհարաբերությունների առումով: Այդ ամենը գիտակցելու փոխարեն՝ իրենց ազգային ուժեր համարողներն իրականում ինչ-ինչ շահեր հետապնդելով՝ շարունակում են մեր խնդիրներում Նիկոլից հետո անընդհատ մեղավոր համարել, լավ թե վատ, մեր իրական դաշնակիցներին:  

Գանք կրկին Արեւմուտքին եւ հակառուս արեւմտամետներին: Լռելյայն համաձայնելով ղարաբաղյան կարգավորման ադրբեջանա-թուրքական տարբերակին՝ մեր խայտառակ պարտությունից հետո արեւմտյան պետական կամ քաղաքական գործիչները հնչեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափն ակտիվացնելու կոչեր: Եվ ռուսատյացները դրանից երջանկություն են զգում՝ մոռանալով, որ այսօր մեզ համար հրատապ է ոչ թե այդ, այլեւ ընդհանրապես մեր պետության գոյության խնդիրը: Իսկ այն, որ Նիկոլի իշխանությունը կառչել է նման բարձրաձայնումներից, բնական երեւույթ է. Նիկոլը փորձում է գլուխն ազատել մեր պետության լինել-չլինելու խնդրից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը դրա փոխատեղման լավագույն տարբերակն է: Չգիտես՝ գիտակցում են դա, թե ոչ, սակայն երեւութապես Նիկոլի դեմ արտահայտվող արեւմտամետները վերը նշված՝ արեւմտյան գծին առաջնային տեղ տալով՝ խաղում են Նիկոլի խաղը: Երեւութապես դեմ լինելով Նիկոլին՝ ջուր են լցնում նրա ջրաղացին: Մոռանալով, որ ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան թեւի պատասխանատուն ոչ թե մեզ բարեկամ Ֆրանսիան է, այլ մեզ թշնամի Թուրքիան: Իսկ Արեւմուտքն անվտանգության համակարգում հենց ՆԱՏՕ-ն է եւ ոչ թե ԵԱՀԿ-ն: Ի դեպ, Թուրքիան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որ միշտ փորձել է ակտիվ դեր այդ ձեւաչափում, սակայն անհաջողության է մատնվել: Մինչեւ այն «երջանիկ» պահը, երբ մենք իշխանության բերեցինք փողոցի առաջնորդ Նիկոլին: