Նազենի Ղարիբյանը՝ Մակունցի սենյակում և մեքենայում

Նազենի Ղարիբյանը՝ Մակունցի սենյակում և մեքենայում
Նազենի Ղարիբյան

Մշակույթի փոխնախախար Նազենի Ղարիբյանը տեղափոխվել է իր նախկին նախարարի՝ Լիլիթ Մակունցի աշխատասենյակ, և նրան սպասարկում է նախարարի ծառայողական մեքենան։

Ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում ներկայացրեցին նախարարության հնաբնակները՝ նախարության 27-ամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ փոխնախարարը տեղափոխվում է նախարարի կաբինետ, ինչը, իհարկե, աշխատակազմը լավ չի ընկալել։ Մանավանդ որ, ինչպես վկայեցին՝ Մակունցի ու Ղարիբյանի հարաբերությունները վերջին շրջանում փայլուն չէին։

Երկքաղաքացի փոխնախարարից այլ դժգոհություններ էլ կան։ Մասնավորապես, որ նա, հակառակ վարչապետի կարգադրության, որ գործուղումները չպետք է 4 օրից ավելի տեւեն, մեկշաբաթյա և բավականին հաճախակի գործուղումների է մեկնում, երբեմն նաև՝ իր հաշվին։ Երբեմն էլ, ինչպես փոխանցեցին, մասնակցում է անկապ փառատոների։ Մասնավորապես, Իրաքում, այն դեպքում, երբ նույն նախարարությունը փող չունի Կոնստանտին Օրբելյանի «Գրեմմի»-ի համար։ Համաձայնեք, որ հայ արտիստը ամեն անգամ չէ, որ նման հեղինակավոր մրցանակի է արժանանում։

Մյուս տեղեկությունն էլ այն է, որ տիկին փոխնախարարը «Push» դրամաշնորհային ծրագրի գումարների մի մասն ուղղել է դստերն ու իր օգնականին։ Եվ վերջապես, հարցերի հարցը, թե ինչպե՞ս կարող է երկքաղաքացի Նազենի Ղարիբյանը լինի Մշակույթի նախարարի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ Երկքաղաքացիության մասին օրենքով՝ երկքաղաքացիներ չի թույլատրվում լինել պատգամավորներին, կառավարության անդամներին (կառավարության անդամ համարվում են նախարարները և վարչապետը), իսկ փոխնախարարներինը, թեպետ, համարվում է քաղաքական պաշտոն, բայց նրանց կարգավիճակը կարգավորվում է Հանրային ծառայությունների մասին օրենքով, որը թույլ է տալիս լինել փոխնախարար և երկքաղաքացի։ Ինչպես պնդեցին իրավաբանները՝ երկքաղաքացին չի կարող նշանակվել նախարարի պաշտոնակատար։

Այս հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք հենց Նազենի Ղարիբյանից։ Հարցին, թե ինչու՞ է տեղափոխվել Լիլիթ Մակունցի աշխատասենյակ, նախարարության փաստացի 1-ին դեմքը պարզաբանեց․ «Ես տեղափոխվել եմ Մակունցի աշխատասենյակ, որովհետև ես հիմա նախարարի պարտականությունները կատարողն եմ և որպեսզի կարողանամ ուղղակիորեն կապի մեջ լինել կառավարության անդամների հետ, կամ հենց նույն վարչապետի աշխատասենյակից են զանգահարում, ինձ այդպես ավելի հարմար է, տեղափոխվել եմ»։ Տիկին փոխնախարարը հետաքրքրվեց, թե ինչու չենք հարցնում՝ ի՞նչքան աշխատավարձ է ստանում ինքը։ Հարցրեցինք, պատասխանեց, որ երկու պաշտոնի գործ է անում, բայց ստանում է փոխնախարարի աշխատավարձ։

Անդրադառնալով իր կարգավիճակին՝ Նազենի Ղարիբյանը նշեց, որ հիմա թե՛ փոխնախարար է, թե՛ միաժամանակ կատարում է նախարարի պարտականությունները։ «Այդպես է ձևակերպված, և կա վարչապետի որոշում»,-ավելացրեց նա։

Սակայն ավելի ուշ՝ դիտարկմանը, թե պաշտոնակատարի դեպքում գործում է երկքաղաքացիության արգելքը, մշակույթի փոխնախարարը նկատեց․«Ես պաշտոնակատար չեմ, ես նախարարի պարտականությունները կատարող եմ։ Ես չեմ ստացել, ոնց են ասում․․․ հավաստագիր․․․ հրաման։ Ես նախարար չեմ»։ Նազենի Ղարիբյանը մեկնաբանեց, թե այս դեպքում էլ իր գործառույթները կարգավորվում են Հանրային ծառայությունների մասին օրենքով, որում գրված է միայն՝ պետք է լինի ՀՀ քաղաքացի, գրված չէ՝ չպետք է լինի  երկքաղաքացի։ Ամեն դեպքում, տարօրինակ է, որ զրույցի ժամանակ Նազենի Ղարիբյանը հիշատակում էր Փաշինյանի ինչ-որ որոշում, դրանից կես ժամ անց արդեն ասում, որ չունի  որևէ «հավաստագիր»։

Ինչ վերաբերում է հաճախակի և 3-4 օրը գերազանցող գործուղումներին, ապա, նախ ասաց՝ «ոչ, ոչ, չկա այդպիսի բան, ներողություն», ապա պարզաբանեց, որ կան երկրներ,որոնց դեպքում 3 օր է, գումարած՝ ճանապարհորդության ժամանակը՝ մի օր գնալը, մի օր գալը։ «Որովհետև Հայաստանը այնպիսի տեղ չէ, ուղիղ չվերթներ չկան, և շատ ավելի ժամանակ ես ծախսում, բայց այնպիսի երկրներ կան, որոնց դեպքում՝ 5 օր է։ Ես բացակայել եմ, իմ հաշվին արձակուրդ եմ վերցրել։ Ես 5 օրից ավել գործուղման մեջ չեմ եղել։ Ես որ վերցրել եմ շաբաթվա 5 աշխատանքային օրը, դա իմ վրա շատ թանկ է նստել, ես այդ հարցերում շատ զգույշ եմ և իմ մոտ շատ հստակ է․ անգամ մեկ օր էլ պետք էր, ես վերցնում էի իմ հաշվին, եթե չէի գնում նախարարության համար աշխատելու, այլ գնում էի գիտական գործունեություն ծավալելու։ Եվ իմ հաշվին վերցրածը, որ վերցրել եմ, գնացել եմ գիտաժողովների՝ մեկ շաբաթով, իմ հաշվին արձակուրդ եմ վերցրել»,-ասաց նա՝ ընգծելով, որ այդ ամենը եղել է նախարարի գիտությամբ։

Նաև ասեց, որ ամեն օր առավոտյան աշխատանքի է գնում 8․10 -ին և 8-ին տուն գնում։ Կոնստանտին Օրբելյանի մասով էլ մշակույթի փոխնախարարն ասաց․«Ի՞նչ է նշանակում՝ փող չէր հատկացվել, բայց ինքը ե՞րբ է մեզնից փող ուզել, որ չենք հատկացրել․․․ չէ, մենք հատկացրել ենք իր գործուղումը՝ Լիտվա, դա իրականացվել է իր՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեի հաշվին,իսկ Լոս Անջելես գործուղումը, գրված էր, որ Կոնստանտին Օրբելյանն իր հաշվին է իրականացնում։ Ես, ճիշտն ասած, ինչ եկել եմ, անընդհատ դա եմ լսում, որ Կոնստանտին Օրբելյանն իր հաշվին այս է անում, այն և ամեն անգամ ասում եմ՝ գիտեք ինչ, սիրելինե՛րս, լավ է, որ իր հաշվին, բայց սա պետական հիմնարկ է՝ ՊՈԱԿ, և ինչպե՞ս եք դա փաստաթղթավորում, երբ մարդն իր գրպանից հագուստները, տոմսերն է վճարում։ Սովորաբար, իր գրպանից Կոնստանտին Օրբելյանը վճարում է այն դեպքերում, երբ գնում է իր համար ինչ-որ բան անելու։ Բայց փոխարենը, չէ՞ որ այդ ընթացքում, որ գնում է իր համար ինչ-որ մի համերգի կամ․․․էդ գործուղման ընթացքում ինքը մնում է աշխատանքի մեջ։ Այսինքն՝ իր աշխատավարձը պահպանվում է։ Ես էլ նման հարց կարող եմ տալ։ Ինքը անցած տարի 11 անգամ գործուղման է գնացել՝ 3-15 օրով, 20 օրով»,-հանգամանալից բացատրեց փոխնախարարը։

«Անկապ» կինոփառատոների մասով էլ  ասաց, որ անկապ  չէր, այն նվիրված էր Հայաստանին ու Փարաջանովին և Քրդստան գնացել էր ամբողջությամբ իրենց հաշվին։ Ավելին՝ Նազենի Ղարիբյանն ասում է, որ խիզախաբար է գնացել, չնայած իրեն զգուշացրել են, որ վտանգավոր է, ու Էրբիլ գնալու համար նախ գնացել էր  Բաղդադ։

Հավելեց, թե եղել են նաև գործուղումներ, որոնց գնացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ու հավատացրեց, թե դրանք բավականին քիչ են եղել։ Ինչ վերաբերում է սեփական դստերը պատվերներ ուղղելուն, ապա Նազենի Ղարիբյանը հերքեց՝ ասելով, որ իր դուստրը գումար չի ստացել, որևէ նախագիծ չի իրականացնել ու ամեն ինչը արել է ձրի։ «Ես այդ շատ ուշ եմ իմացել, որ իմ դուստրը մասնակցել է Push -ին, ես չեմ իմացել, որ ինքը Push -ի հետ համագործակցել է և Push-ի ժողովրդին, երկու հոգի էին, ամռանն եմ հանդիպել, իրենց հետ խոսել եմ և չեմ էլ իմացել, որ հետո իրենք իմ աղջկան են դիմել»,- ասաց Նազենի Ղարիբյանը։

Ինչ վերաբերում է Մակունցի մեքենային, ապա Նազենի Ղարիբյանն  ասաց, թե իր ծառայողական մեքենան ուներ և ունի հսկայական խնդիրներ՝ 1000 դոլարից ավելի ծախսերի կարիք ունի։ Նաև յուղ է վառում։