Ներկայացված նախագծում չկա գլխավորը, որն արտահայտում է Օղակաձեւ զբոսայգու գաղափարը

Ներկայացված նախագծում չկա գլխավորը, որն արտահայտում է Օղակաձեւ զբոսայգու գաղափարը

Օրեր առաջ քաղաքային իշխանությունը հայտարարեց Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչեւ Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին: Այդ նպատակով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում, որով տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվելու:

Ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Օղակաձեւ այգու տրամաբանությամբ, այդտեղ թենիսի կորտեր չպետք է լինեին: Այդ սխալն ուղղելու եւ որոշակի «տրամաբանություն» մտցնելու համար քաղաքային իշխանությունը որոշել է քանդել թենիսի կորտերը եւ նորովի վերակառուցել Օղակաձեւ զբոսայգին, որն իրականացնելու է առանց մրցույթի ընտրված մի կազմակերպություն՝ GreenRock Management Group-ը, որը 11 ամիս առաջ ստեղծված ընկերություն է եւ ընդամենը մի ծրագիր է իրականացրել-ավարտել` Դիլիջանի մարզահամալիրը: 

Որքանո՞վ է նպատակահարմար ու արդարացված այսպիսի ընտրողական մոտեցումն Օղակաձեւ այգու մի հատվածի նկատմամբ, որտեղ տեղակայված թենիսի կորտերը 70-ից ավելի տարվա պատմություն ունեն եւ արդեն քաղաքի պատմության ու նրա հիշողության անբաժանելի մասն են կազմում:
Ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանի համար այս խնդիրը 2 իրարամերժ կողմ ունի. «Մի կողմից հայտարարվել է, որ կապամոնտաժվեն երկրորդական ավելորդ կառույցները, որոնցով ուղղակի աղտոտված է ամբողջ Օղակաձեւ զբոսայգին` վերից վար: Այդ առումով դա դրական քայլ է, որովհետեւ պետք է դրանք ամբողջը մաքրել ու դուրս շպրտել: Սակայն դա ամբողջ զբոսայգու դեպքում պետք է իրականացվի, էլ չեմ ասում` կենտրոնով մեկ: Այդ ցուցակի մեջ պետք է մտնեն նաեւ անհասկանալի հուշարձանները, արձանները: 2-րդ կողմն այն է, որ դրա անվան տակ թենիսի կորտերն են քանդելու: Իսկ այն նախագիծը, որ տեսանք, մեղմ ասած, համոզիչ չէ: Չկա այն գլխավոր գաղափարը, որն արտահայտում է Օղակաձեւ զբոսայգու իմաստը: Ո՞րն է այդ իմաստը, այն, որ Օղակաձեւ զբոսայգին, ինչպես նախագծի սկզբում էին ասում, քաղաքի թոքերն են, այսինքն` մաքուր օդն ու կանաչ տարածքը, որն էկոլոգիական մեծ նշանակություն ունի: Ընդ որում չմոռանանք, որ մի մասով էլ Գետառն էր անցնում, որն ամբողջական միավոր էր բնության հետ միասին: Մեզ համար Օղակաձեւ զբոսայգին, որը ձեւավորվեց 60-ական թվականներին, այն ժամանակների համար չափազանց կարեւոր մի բան ուներ իր մեջ. ազատության շունչը եւ ազատ տարածքների ճարտարապետությունն էր դրա հիմքում դրված»:

Մինչդեռ, ըստ ճարտարապետի, քաղաքապետարանի առաջարկած՝ այգու վերակառուցման նախագծից երեւում է, որ ճիշտ հակառակ պատկերն ենք ստանալու. «Խտացված, իրար վրա հավաքված եւ ամենակարեւորը՝ որեւէ տրամաբանությունից զուրկ ինչ-որ կամարներ, շախմատի ֆիգուրներ, ինչը շատ լոկալ է, իսկ թենիսի կորտերը պետք են: Այո, թվում է, թե ինչու զբոսայգու մեջ կորտեր պետք է լինեն, բայց այդ կորտերը համալսարանի մի մասն էին: Համալսարանն էլ, որպես երկրի գլխավոր ուսումնական հաստատություն, մշտապես կապված է ազատության գաղափարի, ազատ մտածելակերպի հետ, որովհետեւ նոր մարդիկ նոր գիտելիքներ են ձեռք բերում, իսկ նորը միշտ շարժվում է դեպի առաջ եւ դեպի ազատություն: Ըստ այդմ, թենիսի կորտերն էլ այդ ազատության ֆիզիկական մի մասն էին, այդտեղ մարդիկ մարզվում էին, իսկ թենիսի խաղի այդ ազատ շարժումները փոխկապակցված էին իրար հետ եւ համալսարանի մի կարեւոր մասն էին կազմում: Ու հիմա դրա դիմաց հավաքել այդ քաղքենի ճարտարապետությունը, նշանակում է հակասել թե՛ Օղակաձեւ զբոսայգու գաղափարախոսությանը, թե՛ համալսարանի գաղափարին»: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես Օղակաձեւ զբոսայգուն, ապա, ըստ Կ. Բալյանի, երբ տարիների ընթացքում պետությունը հետ քաշվեց, ու մասնավոր կառույցները, դեմքերը սկսեցին ներխուժել քաղաքային տարածքներ, այգին ամբողջովին` վերից վար ողողվեց ոչ միայն երկրորդական կառույցներով` սրճարաններով, կիսաքանդ օբյեկտներով, փոքրիկ կրպակներով, խանութներով, մանկական հրապարակներով, որոնք չեն համապատասխանում մայրաքաղաքի գլխավոր տարածքին ու դրան հատվող տարածքներին, այլեւ դրանց կողքին ողողվեց նաեւ առանձին արձաններով. «Շատ մեծ քանակի արձաններ են հավաքված Օղակաձեւ զբոսայգում... ամեն մի փոքրիկ, լոկալ հատվածում ինչ-որ մի բան է դրված, մինչդեռ ի սկզբանե ամեն ինչ այլ կերպ էր մտածված. ամենավերեւում Իսահակյանի արձանն էր, հետո գալիս էր Նալբանդյանի արձանը, Չարենցի հրաշալի կոթողը, Արմեն Տիգրանյանի արձանը եւ վերջանում էր Գրիբոյեդովի արձանով ու գնում-անցնում էր «Ռոսիայի» տարածքի մեջ: Ու դրանցից ամեն մեկն իր հնչողությունն ուներ, իրենք իրենցով դոմինանտներ էին: Հապա հիմա նայեք՝ ինչ քանակի տարբեր արձաններ են` մեծ ու փոքր, ընդ որում մեծամասնությունը` շատ կասկածելի գեղարվեստական որակի: Մյուս կողմից էլ գաղափարախոսություն չկա այդ արձանների մեջ: Այդտեղ կան իրենց բովանդակությամբ շատ տարբեր արձաններ, որոնք ամենեւին չեն ամփոփում մեր քաղաքի եւ մշակույթի ամբողջականությունը, ընդհակառակը՝ իրենք իրենցով մի քաոս են ստեղծում` գցելով թե՛ իրենց, թե՛ եղած մյուս արձանների նշանակությունը»: 

Քաղաքային իշխանությունը, որպես հիմնավորում, բերում է աշխարհի փորձը, ըստ որի՝ թենիսի կորտեր չեն կարող լինել քաղաքի կենտրոնում, եւ մեր դեպքում դրանք հակասում են Օղակաձեւ այգու տրամաբանությանը։ «Այդ թենիսի կորտերը վաղուց արդեն դարձել են քաղաքային մշակույթի մաս, նաեւ համալսարանի անբաժանելի մասն են, եւ եթե այսօրվա տեսակետից նայում ես, դրանք կոպիտ կամ մեծ կառույց չեն, ընդհակառակը` ազատ հարթություններ են, ազատ շունչ, որտեղ շնչում է քաղաքը, եւ, ի վերջո, մի քանի տասնամյակ դրանք արդեն կան: Հետո՝ մենք ինչի՞ հետ ենք այն համեմատում, աշխարհում քանի՞ Օղակաձեւ զբոսայգի կա, մենք միշտ փորձել ենք ինքնուրույն ինչ-որ ճարտարապետություն ստեղծել, ոչ թե աչքներս գցել ենք դուրս, թե այստեղ-այնտեղ ինչպես է արված: Ես հակառակ օրինակը բերեմ․ մեր Օղակաձեւ զբոսայգին, լինելով միանգամայն տարբեր իր չափով, բովանդակությամբ, շատ նման է Վիեննայի «ռինգի»` կենտրոնի հետ: Ու ժամանակի այդ կայսերական մայրաքաղաքի կենտրոնում տրամվայն է շարժվում, իսկ մենք քաղքենաբար Երեւանին զրկեցինք այդ տրամվայից, մենք գետը դարձրինք ավտոկայան` մտցնելով թունելի մեջ, որի վրա ավտոկանգառներ են: Իսկ այսպիսի օրինակներ, իրոք, աշխարհում չկան, որ գետը դարձնես ավտոկանգառ կամ որ զրկես քաղաքն էկոլոգիական տեսանկյունից շատ կարեւոր բնական այդպիսի հատվածից, ինչպիսին որ Գետառն էր: Դրանք շատ լուրջ խնդիրներ են, եւ այսպիսի բաների մասին է պետք մտածել: Մենք այսօր համալսարանից մետրո հասնելու համար 3 անգամ պետք է իջնենք գետնի տակ, ինչը, մեղմ ասած, ընդունված տարբերակ չէ: Այնպես որ, երբ հայացք ենք նետում դուրս, տեսնենք ու հետեւենք ավելի կարեւոր օրինակների, որը մարդու, քաղաքի, էկոլոգիայի համար է»: