Գայանե Սահակյանը պնդում է, թե ԵՄ երկրները վերանայել են «Աստրազենեկա» չպատվաստելու իրենց որոշումը 

Գայանե Սահակյանը պնդում է, թե ԵՄ երկրները վերանայել են «Աստրազենեկա» չպատվաստելու իրենց որոշումը 

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ  Գայանե Սահակյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչու 1-ին փուլում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ներարկումների համար ընտրվեց «Աստրազենեկան», նշել էր, թե քանի որ հայաստանյան ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը չունի -70, -80 աստիճանի սառցարանային պահման պայմաններ, ապա ԱՆ-ն մերժել է սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներին կովիդի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում աջակցող Covak նախաձեռնության առաջարկը՝ ձեռք բերել «Պֆայզեր» ամերիկյան-գերմանական արտադրության պատվաստանյութը և առաջին փուլում ռիսկի խմբերի համար նախատեսված պատվաստանյութի շրջանակում կանգ է առել «Աստրազենեկայի» վրա։ Այն, ի տարբերություն վերոնշյալի, ջերմային պահման նման խիստ պահանջներ չունի․-2-ից - 8 աստիճան է պահանջվում, և բացի այդ, այն չունի կիրառման հատուկ հմտություններ, որոնք «Պֆայզերի» դեպքում պետք են։ Մասնավորապես, հատուկ ներարկիչներ, որոնք 0․3 մլգ պատվաստանյութ կարող են ներարկել։ «Աստրազենեկան» մեր սովորական ներարկիչներով ու միջմկանային ներարկում է, որի ներարկման հմտությունները բոլորն ունեն։

Գայանե Սահակյանին մեկ հակընդդեմ դիտարկում արեցինք` ինքը հղում է անում պահման պայմաններին և բուժանձնակազմի որակավորմանը, բայց չէ՞ որ «Աստրազենեկան» ժամանակավորապես արգելված է եվրոպական 17 երկրներում, այդ թվում՝  Գերմանիայում՝ թրոմբոզների բարձր ռիսկայնության կասկածով։

Գայանե Սահակյանն ի պատասխան ասաց․ «Ոչ, ինքը վերսկսեց, հենց մարտի 18-ին ԱՀԿ հայտարարությունից հետո իրենք վերսկսեցին։ Այս պահին եվրոպական բոլոր երկրները որոշում են կայացրել վերսկսել։ Իրենք մի պահ, ժամանակավոր էին դադարեցրել, երբ պարզեցին, որ թրոմբոէմբոլիաների միջև պատճառահետևանքային կապ չկա, և 20 միլիոն մարդկանց պատվաստումների ֆոնին գրանցված 18 դեպքը և 7-ը ուղեղի անոթների բարդությունների սովորական ռիսկային շեմը չեն գերազանցել»։ Այնուամենայնիվ, մարտի 16-ի դրությամբ նորից կարդում ենք ռուսաստանյան «Եվրոպական ճշմարտություն» պարբերականում, «Դոյչե Վելլեի» հղմամբ, որ Գերմանիայում կորոնավիրուսային իրավիճակի ու պատվաստման գործընթացի թիվ մեկ պատասխանատուն՝ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը, կրկին վերահաստատել է իր ավելի վաղ արված խորհրդատվությունը, որ անհրաժեշտ է դադարեցնել «Աստրազենեկայի» պատվաստումները, քանի որ այս պատվաստանյութի ներարկման հետ են համընկել կենտրոնական զարկերակների թրոմբոզից մահվան 7 դեպքերից 3-ը։

Հիշեցնենք, որ Վրաստանում մահացել էր 28-ամյա բուժքույր` «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց րոպեներ անց։ Գայանե Սահակյանն ի պատասխան նշեց, որ վրացի բուժաշխատողի մահվան պատճառը անաֆիլակտիկ շոկն է, որը կարող է լինել ամենատարբեր դեղամիջոցներից։ ««Պֆայզերից» չե՞ք հիշում՝ որքան մահեր եղան, միայն 23 մահ Նորվեգիան հրապարակեց, որ մահացել են։ Բայց դա նաև հերքվեց, չէ՞»։

Գայանե Սահակյանն ասում է, որ անաֆիլակսիան կառավարելի վիճակ է, մանավանդ, որ առաջին 30 րոպեն անձը, ով ստացել է պատվաստում, պետք է անցկացնի բժշկի մոտ։ 

«Մոսկվա 24»-ը նաև հաղորդում է, որ «Աստրազենեկա»-ի կողմից բարդությունների առաջացման մասին տեղեկատվության պատճառով ««Աստրազենեկան» որոշել են վերանվանել «Vaxzevria»։ 

Իսկ ինչո՞վ է Գայանե Սահակյանը վստահ, որ պոլիկլինիկաները կարողանալու են վերահսկել թե՛ անաֆիլակտիկ վիճակները, թե՛ այլ բարդացումներ։ «Բոլոր դեպքերում մենք ունենք հստակ ցուցումներ՝ որոնք են հակացուցումերը, որի դեպքում պետք է հաշվի առնվեն։ Շատ մանրամասն մշակվել է Check up, ցանկ, վիճակների հայտնաբերման, հարցումների միջոցով։ Առնվազն 4 թերթանի հարցում է, որովհետև, նորից եմ ասում՝ գործ ունենք ռիսկի խմբերի հետ։ Դրա համար բուժաշխատողի կողմից այդ հարցերը պետք է տրվեն, և եթե ինչ-որ մի բան լինի, դա տվյալ պահին կհամարվի հակացուցում, մինչև որ տվյալ հետազոտությունը չանցնի»։

Կան նաև հստակ հակացուցումեր, դրանք են՝ եթե առաջին դեղաչափից հետո ներարկվողն ունենում է ռեակցիա, երկրորդը չի ստանում, եթե առաջին դեղաչափից առաջանում է անաֆիլասիա, ապա երկրորդը չի ստանում։ Նաև խոսքը վերաբերում է ցանկացած սուր վիճակներին՝ տաքություն, հիվանդագին վիճակ, մինչև առողջական վիճակը գնահատվի նորմալ։