Ինչու ընտրվեց «Աստրազենեկան» և ոչ՝ «Պֆայզերը»

Ինչու ընտրվեց «Աստրազենեկան» և ոչ՝ «Պֆայզերը»

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ կիրակի օրը 24 000 դեղաչափ «Աստրազենեկա» պատվաստանյութ է մտել Հայաստան։

«Հրապարակը» զրուցել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ  Գայանե Սահակյանի հետ` մի շարք խնդիրների մասին․ որտե՞ղ, ի՞նչ պայմաններում են արվելու պատվաստումները, արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են ունենալ պատվաստանյութերում ընտրություն կատարելու հնարավորություն, հնարավոր է պատվաստումները լինեն նաև վճարովի, օրինակ, մասնավոր ԲԿ-ներում։ Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, ԱՆ-ն կանգ առավ «Աստրազենեկայի» վրա, Գայանե Սահակյանը պատասխանեց․

«Տեղյակ եք, որ դեռ անցած տարի միացել էինք սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներին կովիդի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում աջակցող Covak նախաձեռնությանը։ Եվ այդ նախաձեռնության շրջանակներում մեզ առաջինն առաջարկվեց «Պֆայզեր» ամերիկյան-գերմանական արտադրության պատվաստանյութը, բայց քանի որ չունենք բավարար սառցարանային պայմաններ, որոնք կունենա -70, -80, մենք այդ պայմանները չէինք կարող բավարարել, որովհետև մեր ողջ հանրապետությունում ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը միայն ավանդական՝ -20 պայմաններ են, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք «Պֆայզերից»։ Հաջորդ պատվաստանյութը, որ երկրին առաջարկվեց, «Աստրազենեկան» էր, որը ջերմային նման խիստ պահանջներ չունի․-2-ից - 8 աստիճան։ Բայցի այդ, այն չունի կիրառման հատուկ հմտություններ, որոնք «Պֆայզերի» դեպքում պետք են։ Հատուկ ներարկիչներ, որոնք 0․3 մլգ պատվաստանյութ կարող են ներարկել։ Իսկ «Աստրազենեկան» մեր սովորական ներարկիչներով ու միջմկանային ներարկում է, որի ներարկման հմտությունները բոլորն ունեն»։

Գայանե Սահակյանի խոսքով, թեպետ առաջին խմբաքանակը արվում  է այս պատվաստանյութով, այնուամենայնիվ, չի նշանակում, որ Covak-ի շրջանակներում Հայաստանում կլինի միայն «Աստրազենեկա» պատվաստանյութը։ «Պարբերաբար հարթակը բանակցություններ է վարում պատվաստանյութ արտադրող բոլոր երկրների հետ, առաջիկայում «Jhonson and Jhonson»-ի հետ նախատեսվում է պայմանագիր, նշանակում է՝ «Նովավաքս»-ը նորից կառաջարկվի մեզ։ Բոլոր ընկերությունների հետ, որ բանակցում են, համահավասար դոզաները բաշխվում են երկրների մեջ, որոնք էդ հարթակից օգտվելու իրավունք ունեն»։

Առաջին փուլում եկող 24 000 պատվաստանյութը նախատեսվում է միայն ռիսկի խմբերի համար՝ որպես պետության կողմից երաշխավորված անվճար ծառայություն։