Վանում 2800-ամյա ուրարտական ​ամրոց է հայտնաբերվել

Վանում 2800-ամյա ուրարտական ​ամրոց է հայտնաբերվել

Հնէաբանների խումբը Թուրքիայի արևելյան Վան նահանգում հայտնաբերել է ամրոց, որը թվագրվում է ուրարտական ​​դարաշրջանից։ 

Գրել է թուրքական «Հուրրիյեթ» թերթը։

Ամրոցի մնացորդները, որոնք թվագրվում են 2.800 տարի առաջ, հայտնաբերվել են Վան նահանգի Գյուրփընար (Հայոց Ձոր) շրջանում 2500 մետր բարձրության վրա գտնվող լեռան վրա։ Պեղման ծրագիրն անց է կացվել «Վան Յուզունջու Յըլ» համալսարանի հովանավորությամբ:

Ամրոցում հայտնաբերվել է 6,5 մ խորությամբ, 6,5 մ երկարությամբ և 2,5 մ տրամագծով մեծ ջրամբար, պատեր և կերամիկական մնացորդներ:

«Չնայած ենթադրվում է, որ այն Վանի ամրոցի պես թվագրվում է ուրարտական ​​դարաշրջանից, բայց մենք տեսնում ենք, որ այն հիմնականում օգտագործվել է միջնադարում», - թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանն է ասել պեղումների արշավախմբի ղեկավար, Վանի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն։

«Կերամիկական կտորներից, ջրամբարից և քաղաքի պատերից հասկանում ենք, որ այս տեղը կառուցվել է մոտ 2800 տարի առաջ», - ասել է Չավուշօղլուն:

Հնագետը հավելել է, որ հայտնաբերել են, որ տարածաշրջանում կրաքարային ժայռը և ավազաքարը օգտագործվել են պատերի կառուցման մեջ։ «Այս ամրոցը շատ կարևոր հայտնագործություն է մեզ համար», - ասել է պրոֆեսորը։

«Բացի այդ, նոր հայտնաբերված ամրոցը կնպաստի շրջանի պատմական հարստությանը», - ասել է Գյուրփընարի ղեկավար Հայրուլլահ Թանիսը:

«Համագործակցելով Վան Յուզունջու Յիլի համալսարանի հետ՝ մենք այստեղ մի կարևոր հայտնագործություն արեցինք: Մենք գտանք մի նոր ամրոց, որը ականատեսն է ուրարտական ​​ժամանակաշրջանի և միջնադարի: Այս հայտնագործությունը մեզ ոգևորեց զբոսաշրջության և մշակույթի տեսանկյունից», - հավելել է Թանիսը: