Նոր գազատարի կառուցումը երկար եւ աշխատատար պրոցես է

Նոր գազատարի կառուցումը երկար եւ աշխատատար պրոցես է

Ադրբեջանը չի հրաժարվում ագրեսորի հայատյաց քաղաքականությունից, մինչդեռ Հայաստանում խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Մենք փաստորեն բանակցում ենք մի կողմի հետ, որն Արցախում ստեղծել է հումանիտար ճգնաժամ՝ փորձելով երկրից դուրս մղել բնիկ արցախցիներին, որպեսզի նրանք հուսահատվեն և լքեն հայրենի օրրանը։ Ադրբեջանը երեկ երեկոյան կրկին դադարեցրել է գազամատակարարումը Արցախի Հանրապետություն։ Այդ փոքրիկ հատվածում, որտեղ գազատարն անցնում է իր վերահսկողության տարածքով, գազի վրա փական են դրել եւ ցակացած պահի փակում են այդ փականը՝ շանտաժի ենթարկելով հայկական կողմին։ Սրան զուգահեռ աշխարհը, որը ամբողջ եռանդով Ուկրաինան եւ ուկրաինացիների իրավունքներն է պաշտպանում, չի նկատում այս բոլորը։ Ավելին՝ մարդասիրական սկզբունքներ հռչակած ՄԱԿ-ի ներկայացուցիչներն օրերս այցելել էին ադրբեջանական Շուշի։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Վալերի Խաչատրյանի հետ։

«Ադրբեջանի նախագահ Ալիևը իր բոլոր հարցազրույցներում չի մոռանում կրկնել, որ Արցախի հարց այլևս չկա։ Ոչ մի ջանք չի խնայում աշխարհին ապացուցելու, որ Արցախի հարցը լուծված է, և Արցախը Ադրբեջանի տարածք է։ Այդ նպատակով էլ և որոշել է համաշխարհային հնչեղություն ունեցող հանդիպումները անցկացնել Շուշի քաղաքում։ Շուշի քաղաքում կազմակերպվեց մի շարք երկրների դիվանագետների հետ հանդիպումը,  Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հայտնի հռչակագրի ստորագրումը, որով և ավելի է ամրապնդվում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական հարաբերությունների ընդլայնումը։ ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին ՄԱԿ ներկայացուցիչները ևս, կազմակերպվեց Շուշիում՝ նպատակ ունենալով նորից բարձրաձայնել, որ Շուշին ադրբեջանական քաղաք և տարածք է»,- մեզ հետ զրույցում ասաց Վալերի Խաչատրյանը։ 

Վալերի Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանը չի հրաժարվում Արցախը հայաթափելու մտադրությունից։ Այդ նպատակով էր վերջին ժամանակներս ակտիվացրել է սահմանային գյուղերի վրա տարբեր տրամաչափի զինատեսակներով հրետակոծությունը, բարձրախոսներով սպառնալիքներ էին հնչեցնում՝ կոչ անելով գյուղերի բնակչությանը լքել իրենց մշտական բնակավայրերը եւ այլն։ 

«Այո, այս բարոյահոգեբանական ճնշմանը հաջորդեց Արցախ մտնող գազամուղի պայթեցումը։ Արցախը շուրջ 11 օր զրկվեց կենսաապահովման կարևոր միջոցից։ Այսօր էլ Արցախում կրկին չկա գազ։ Ռուս խաղաղապահները առավոտվանից գնացել են ադրբեջանցիների հետ բանակցությունների։ Մինչ այս պահը չունենք դեռ ոչ մի նորություն։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ հայկական կողմից ոչ ոքի չթողեցին մասնակցել, մենք կասկած ունեինք, որ ինչ-որ բան են անելու, և ահա արդյունքը։ Հավանաբար, գազատարի վրա փական են դրել, որով էլ այսպիսի իրավիճակ են ստեղծել։ Թշնամին տեսնելով, որ նման ահաբեկչություններով չկարողացան կոտրել հայրենիքում հաստատապես ապրելու և արարելու համառությունը, ձեռնպահ մնաց ակտիվ գործողություններից։ Արդեն մի քանի օր է հարաբերական անդորր է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Նոր հեռախոսազրույց եմ ունեցել Խրամորթի համայնքի դեկավարի հետ։ Ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, գյուղը ժամանակավոր լքած կանայք և երեխաները վերադարձել են գյուղ և գյուղացիք ապրում են սովորական առօրյայով»,-ասաց Վալերի Խաչատրյանը։ 

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչու չի շտկվում և աշխատանքներ տարվում գազատար խողովակի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածը փոխարինելու՝ հայկական կողմ տեղափոխելու ուղղությամբ, Վալերի Խաչատրյանն ասաց․ «Գազատարը քանի որ շատ է հեռանում ճանապարհից, այդ տարածքը շատ է երկար։ Նորը կառուցելու համար նախ երկար ժամանակ է հարկավոր։ Լիսագորի մի հատված կա, որտեղից գազատար խողովակը բարձրանում է դեպի սարը, այսինքն՝ շատ է հեռանում՝ մի 10 կմ, ճանապարհից, ու արդեն, քանի որ այդ մասը անցնելը դժվար է, հիմա այդքանը, որ կտրեն ճանապարհի կողքով բերեն, դա երկար՝ երևի մի քանի կիլոմետր տարածք պիտի կարողանան անցկացնել։ Եվ հետո չգիտենք՝ թշնամին արդյոք կթողնի՞, թե՞ կխփեն։ Այսպիսի վտանգներ կան հետագայի համար։ Այդ պատճառով էլ նոր գազատարի կառուցումն այս պահին գտնում եմ, որ հնարավոր չէ։ Մեծ ֆինանսներ, իհարկե, պահանջվում են, բայց դե դժվարություններն իրենց հերթին են։ Գազատար խողովակները պետք է անցնեն անպայման ժայռերով, որը շատ դժվար գործընթաց է իրենից ներկայացնում»,-ասաց Վալերի Խաչատրյանը։