Հաղորդակցության ճանապարհների բացումը Հայաստանի պետականության վերջն է… 

Հաղորդակցության ճանապարհների բացումը Հայաստանի պետականության վերջն է… 

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը անհեռատեսորեն պնդում է, որ հաղորդակցության բոլոր ուղիները Ադրբեջանի համար անվերապահորեն բացվելու են…
Եթե օտարազգի որևէ մեկը չիմանա, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է, կողջունի նրա հետևողականությունը հօգուտ Ադրբեջանի….

44-օրյա դաժան պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը գլխիվեր շրջվեց, թեև դա հասունանում էր վերջին 30 տարիների ընթացքում, և դեռ կայծակնային արագությամբ փոխվելու են նույն այդ աշխարհաքաղաքական՝ ռազմական-ռազմավարական,տնտեսական, հետևաբար նաև քաղաքական իրավիճակն ու  դրանք իրականացնելու ճանապարհային քարտեզները…Մենք մեր դանդաղկոտության և քաղաքական անհեռատեսության պատճառով բաց թողեցինք այդ հեռանկարի իրական դառնալը կանխելու ճատրակային-շախմատային կանխարգելիչ քայլերը: 

Այսօր, մեր պարտությունը շահարկելով, նույն այդ պետությունները, որ 30 տարի շրջափակել էին Հայաստանը, ուժի զորով  Հայաստանից պահանջում են բացել հաղորդակցության ճանապարհները: Տարիներ առաջ իմ հոդվածներում քանիցս  գրել եմ, որ Լեռնային Ղարաբաղը՝ Մեղրու ազատ ճանապարհով  Թուրքիայի՛ն է պետք՝ուղիղ կապ ստեղծելու իր իսկ ծրագրով ստեղծված Ադրբեջանի հետ նախ՝ տիրելու նրա նավթագազային պաշարներին, ապա ելք ունենալու դեպի Ռուսաստանի թյուրքալեզու մարզեր և միջինասիական երկրներ: Այսօր թուրքերն ասում են՝ «Մեկ ազգ, երկու պետություն, վաղը կհայտարարեն. մեկ ազգ,մեկ պետություն»:

Բայց չէ՞ որ նույն իրողությունն էլ  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պարագայում էր՝ մեկ ազգ, երկու պետություն, իսկ ինչո՞ւ մե՛զ չէր կարելի…
90-ական թվականներին եթե չլիներ թուրքական օգնությունը Ադրբեջանին, նա երբեք չէր մտնի պատերազմի մեջ: Այս մասին պարտությունից հետո  քանիցս խոսել են նաև ադրբեջանցի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները՝ հաշվարկելով իրենց ահռելի վնասները:

90-ականներին նախկին ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումների սահմաններում տեղակայված հանրապետությունների միջև հաղորդակցությունը թուլացավ, որոշ դեպքերում նույնիսկ թշնամական բնույթ ստացավ: Արցախյան հակամարտության տարիներից սկսյալ և ապա մեր հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետության հաղորդակցության հնարավորությունները սահմանափակվեցին. մեզ հարևան դարձած երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, թշնամաբար շրջափակեցին Հայաստանի  հաղորդակցական ճանապարհները:

30 տարի ՀՀ իշխանությունները միջազգային ատյաններում ապարդյուն տրտնջում էին այդ շրջափակման դեմ՝ ոչ մի գործուն քայլ չկատարելով այն վերականգնելու համար, թեև մի բան պարզ էր, որ բացվելու դեպքում անգամ անհնար էր լինելու այդ ճանապարհներից անվտանգ օգտվելը: Դրա փաստերն ու փաստարկներն առկա են եղել դեռևս 1988-1992թթ.: Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունների դիմաց, որ իրականացվում էր հաղորդակցության՝ Նախիջևան –Երևան երկաթուղային ճանապարհին,  ՀՀ կառավարությունը պետք է ոչ միայն ժամանակ առ ժամանակ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցներ, այլ նաև շրջափակման համար ստույգ պատժամիջոցներ պահանջեր Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ միջազգային կազմակերպություններից:

Երկաթուղին երկրի արյունատար անոթն է։ Եթե երկիրն ունի քաղաքականապես գոնե չեզոք և տնտեսական փոխշահավետ սկզբունքներով առաջնորդվող հարևան պետություն, ապա երկաթուղին լիովին կարող է փոխարինել ծովին։ Արևելյան Հայաստանի Հանրապետության բախտն այս հարցում էլ չի բերել. ծով չունենք, չենք էլ փորձում օգտվել միջազգայնորեն ընդունված «Ծով չունեցող երկրների համաձայնագրի» տված հնարավորություններից։ Մեր չորս հարևաններից երկուսը լիովին շրջափակել են մեզ, երրորդը` Վրաստանը, առերես կամ պաշտոնապես չի շրջափակել, բայց հաճախ է փակում Վերին Լարսի ճանապարհը։ Արտաքին աշխարհի հետ ցամաքային միակ ճանապարհը Իրանի հետ սահմանն է, այստեղ էլ երկաթուղի չունենք։ Մինչդեռ անկախության տարիներին Հայաստանն առաջին հերթին այդ երկաթուղին պետք է կառուցեր։

Տնտեսական և քաղաքական տեսակետից նպատակահարմար և շահավետ չէ տնտեսական, ռազմա-քաղաքական և ընդհանրապես դաշնակցային հարաբերություններ զարգացնել այն պետության հետ, որն անմիջական սահման չունի քո երկրի հետ։ Երկու երկրների միջև եղած պետությունն էլ հաճախ կարող է լինել ոչ բարեկամ կամ անգամ թշնամի քո դաշնակից պետությանը։ Այսպիսի դեպքերում է, որ ասում են. «Բարեկամիդ թշնամին քո թշնամին է, կամ՝ թշնամուդ բարեկամը քո թշնամին է»: Հայաստանի տնտեսական կողմնորոշումը պետք է լինի Մերձավոր Արևելքը՝ Իրանով դեպի Արաբական երկրներ, որովհետև Հայաստանը և հայ ժողովուրդը քաղաքական որևէ լարված խնդիրներ չի ունեցել այդ պետությունների հետ և այսօր չունի: Վերջին 100 տարիների ընթացքում՝ հայոց եղեռնից հետո այդ երկրներում հանգրվանած հայերը քաղաքական, տնտեսական և մշակութային մեծ ներդրում են ունեցել այդ երկրների պատմության մեջ: Անգամ տարբեր կրոնները հակասություն չեն մտցրել հայերի ու արաբների միջև: Մեր անհեռատես ձգտումը դեպի հյուսիս արդարացված չէ հենց այդ նկատառումով, որ մենք անմիջական սահման չունեք այդ երկրի հետ:

Հիշում եմ, մայրս պատմում էր, որ 1937 թվին Աղասի Խանջյանին Բերիան Թբիլիսիում սպանել էր այն բանի համար, որ Խանջյանը պահանջել էր Հայաստանի համար ելք դեպի Սև ծով` Երևանը երկաթուղով ծովի հետ կապելու նպատակով։ Իսկական պետական գործիչն իր երկրի քաղաքական և տնտեսական ապագան կանխատեսում է այնպես, ինչպես ճատրակ (շախմատ) խաղացողն է մի քանի քայլ առաջ որոշում իր քայլերի նպատակահարմարությունը և կռահում թշնամու քայլերի վտանգավորությունը։ Աղասի Խանջյանը 85 տարի առաջ տեսնում էր ապագա Հայաստանի աշխարհաքաղաքական այս խնդիրները։ Խորհրդային իշխանությունը, տվյալ դեպքում քաղաքական վերնախավը, Միության վարչական միավորումներն իրար կապելու յուրատեսակ սկզբունք էր մշակել, որը թեև քաղաքական տեսակետից անխոցելի էր և արդարացված արհեստականորեն ստեղծված քաղաքական միությունը անխախտ և միմյանցից կախյալ պահելու համար, սակայն տնտեսագիտական` զուտ տեսականորեն և տնտեսական` շահավետության տեսակետից հաճախ արդարացված չի եղել։ Որպես ապացույց՝  մեկ օրինակ բերեմ, որն անմիջականորեն առնչվում էր Հայաստանին։ Խորհրդային Հայաստանի երկաթուղային կապը Ռուսաստանի հետ իրականացվում էր երկու ճանապարհով` ա) մարդատարը` Վրաստանով, բ) բեռնատարը` Ադրբեջանով։ 

Հայտնի է, որ երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհն ուղիղն է։ Ռուսաստանից եկող և Ռուսաստան գնացող բեռները մտնում էին Ադրբեջան` հսկայական շրջանցում անելով։ Խորհրդային տարիներին, թվում է, թե առանձնապես խնդիր չի եղել, թեև հաճախ Հայաստան եկող բեռնատար գնացքներն օրերով կանգնում էին փակուղիներում, և բեռները ժամանակին տեղ չէին հասնում։ 1988թ, երբ սկսվել էր հայ-ադրբեջանական հակամարտությունը, մինչև 1992թ.Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող բեռնատար երկաթուղին գործում էր, սակայն շարժակազմն ուղիղ Երևան չէր մտնում, այլ կանգնեցվում էր Նախիջևանի Նորաշեն կայարանում, հետո հայ մեքենավարներն էլեկտրաքարշով մեկնում էին Նորաշեն և այնտեղից բերում էին վագոնները` հիմնականում բեռնված հացահատիկով։

1988-92-ին ադրբեջանցիները թալանում կամ փչացնում էին հայաստանյան բեռները։ Ես չգիտեմ, արդյոք այդ տարիներին, մանավանդ խորհրդային իշխանության շրջանում, Հայաստանի իշխանությունները փորձե՞լ են բեռնատար փոխադրումների երկաթուղին տեղափոխել Վրաստանի տարածք և նոր ուղի բացել` Լենինական-Ախալքալաք-Ախալցխա-Բաթում-Սուխում-Ռուսաստան։ Եթե գեթ փորձ կատարվեր և Մոսկվայի միջոցով լուծվեր այդ խնդիրը` փաստարկելով թալանված և բռնագրավված բեռները, թերևս մինչև 2008թ.ռուս-վրացական ընդհարումը, մենք երկաթուղային ուղիղ կապ կունենայինք Ռուսաստանի հետ։ Ինչևէ, պատմության հարցերում ըղձական կամ ենթադրական եղանակով չեն խոսում։

Հիմա քաղաքագետներն ու տնտեսագետները դիվանագիտական տարբեր մակարդակներում հաճախ են հիշատակում Ադրբեջանի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը։ Բայց քչերը գիտեն, թե մինչև վերջնական շրջափակումը հայ երկաթուղայինները, մասնավորապես մեքենավարները, ինչպիսի տառապանքի ուղիներով են անցել և աներևակայելի ի՜նչ դժվարություններով էին Նախիջևանի Նորաշեն կայարանից  բեռները ներկրում Հայաստան։

Ես ուզում եմ  դրվագներ բերել1988-1992թթ. մեր մեքենավարների  կատարած հերոսական,բայց դաժան փորձանքներով ուղեկցվող այդ տարիների աշխատանքից, որպեսզի սթափվեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են Հայաստանի  համար հաղորդակցության ճանապարհ բացել Նախիջևանով: 

1996-ին լույս տեսավ Հայաստանի երկաթուղու 100-ամյակին և մեր օրերում հայ երկաթուղայինների անձնուրաց աշխատանքին և ամենաիսկական սխրագործություններին նվիրված ծավալով փոքր, բայց ոգեղենությամբ լի «Մարտի են գնում առանց զենքի» հզոր մի գիրք, որի հեղինակն է վաստակաշատ երկաթուղային Լևոն Հակոբյանը, Երևան,«Լեզվագետ կենտրոն, 1996թ.»։ 

Երբ 1992 թ. անկախացած Ադրբեջանի վրա Մոսկվան այլևս ներգործելու լծակներ չուներ, Հայաստանի երկաթուղայինները կանգնեցին ադրբեջանցիների վայրագություններին դեմ առ դեմ։ Որպեսզի իմ մեկնաբանությունները մերկապարանոց չթվան, ես գրքից մեջբերումներ կանեմ, որ մեր ընթերցողներն իմանան, թե այն հացի համար, որ կերել ենք 1988-92 թթ., որքան թանկ գին են վճարել մեր մեքենավարները։

Նախապես ընթերցողների ներողամտությունն եմ հայցում, որ գրքից արված մեջբերումները հայի արժանապատվությունը ստորացնող, անմարդկային, դաժան ու արյունալի դեպքերի նկարագրություն է լինելու։ Հավատացնում եմ ձեզ, տարիներ առաջ գիրքը խմբագրելիս անգամ ուղեղս սառչում էր։

Մենք այդ «մարդկային» տեսակի հետ ընկերություն ու հարևանություն ենք արել, «Եղբայր դարձան Հայաստան, Ադրբեջան» ենք երգել։ Մեր թշնամու հանդեպ գոնե չափավոր հիշաչարություն պետք է ունենանք և ատենք նրան նրա վայրագությունների, դավադրությունների, մեզ թալանելու համար, քանի որ, եթե անհիշաչար ես, չես կարող թշնամուդ հաղթել։

Եվ այսպես՝ հատվածներ «Մարտի են գնում առանց զենքի» գրքից․ «Դեպոյում ընդհանուր ժողովում որոշեցինք գնացքները Նորաշենից (Նախիջևանում) բերող մեքենավարների բրիգադ կազմել։ Դեպոյի պետ Ասրիյանցը մնաց դեպոյում` աշխատանքները ղեկավարելու համար»։
«Երասխավանում` Նախիջևանի սահմանամերձ տարածքում, պատերազմ էր, իսկ մենք գնացքներ էինք բերում Նորաշենից։ Միայն մեզ էր հայտնի, թե ինչ գնով էր դա մեզ հաջողվում։ Այն ժամանակ մեզնից ոչ ոք, երբ անցնում էր սահմանն ու գնում դեպի անհայտություն, չէր մտածում փառքի, մեծարանքի կամ հերոսանալու մասին։ Մեր աշխատանքն ինքնին հերոսություն էր»։

«Առաջին ամսում ինձ հետ աշխատում էր Սոսը` ազգությամբ եզդի, խիզախ ու համարձակ մի տղա,- պատմում է գրքի հեղինակ Լևոն Հակոբյանը։- Հաճախ պատահում էր` օրական չորս-հինգ անգամ մտնում էինք Նորաշեն` գնացք բերելու։ Ամեն անգամ մեծ դժվարությամբ էր դա մեզ հաջողվում։ Մի օր էլ հազիվ ազատվեցինք զինված ամբոխի ճիրաններից։ Նորաշենի հրապարակում միտինգ էր. դա նշանակում էր, որ գործ ունենք անկառավարելի, գազազած ամբոխի հետ, որ հավաքվել էր հայերի դեմ վրեժի թույնով լցված։ Մենք ցորեն պետք է տանեինք Հայաստան։ Խավար գիշեր էր։ Ադրբեջանցիները երկու կողմից  նշանառության տակ էին վերցրել մեզ և անընդմեջ կրակում էին։ Մարել էինք խցիկի լույսը, նստարաններից ներքև էինք սահել ու այդպես էինք վարում մեքենան։
-Միայն թե գերի չվերցնեն. մեռնելուց չեմ վախենում, գերությունից  եմ սոսկում,- ասացի Սոսին։
Գնացքը կանգնեցրին զինված ադրբեջանցիները և մեզ իջեցրին։ Ձյունառատ, ցուրտ ձմեռ էր, հրամայեցին հանել կոշիկները և գուլպաները. կկրակեին, եթե պահանջը չկատարեինք։ Հետո մերկացրին` թողնելով միայն վարտիքով։ Չորս ժամ քսանհինգ րոպե ոտաբոբիկ կանգնել ենք սառույցի վրա։Վախի նշույլ անգամ չկար մեր կյանքի համար. մտածում էինք միայն ցորենը տեղ հասցնելու մասին։ Վերջապես հասանք Երասխ, և առաջին հարցը եղավ` «Ցորենը բերե՞լ եք»։ Հիմա դժվար է պատկերացնել, որ մեզ ստորացնում էին, իսկ մենք հանդուրժում էինք։ Եվ ցավալին այն էր, որ մենք պարտավոր էինք զուսպ լինել, համբերել և նրանց հետ չընդհարվել. չէ՞ որ մեր առջև մի նպատակ կար` ամեն գնով բեռները հասցնել հանրապետություն»։

«Կատաղած` Հարութին իջեցնում են գնացքից, կանգնեցնում են մի բլրի վրա ու թիրախ դարձնելով` սկսում են կրակել նրա շուրջն ու ոտքերի տակ։ Հարութը գերլարվածությունից կորցնում է հավասարակշռությունը և ուշագնաց  ընկնում է»։ 

«Ադրբեջանցիները  զանգահարում են Երևան և հաղորդում, թե իբր նոր շարժակազմ է ժամանել. երկրորդ էլեկտրաքարշը թող ուղարկեն։ Երևանում չեն համաձայնում` պահանջելով այնտեղ եղածի վերադարձը: Դժբախտաբար, վտանգը չկանխազգալով` Երևանից ուրիշ ջերմաքարշ են ուղարկում։ Մեքենավարները` Վահան Պետրոսյանը, Սերյոժա Նալբանդյանը և լոկոմոտիվային դեպոյի պետ Էդվարդ Սարգիսովն էին։ Ժողճակատի մարդկանց պարտադրանքով կայարանի հերթապահը ռադիոկապով Երևանից եկած մեքենավարներին ուղարկում է Հարութի էլեկտրաքարշի մոտ, որպեսզի, իբր միանան իրար և գնան Երասխ։ «Վահանը զգում է, որ Հարութն այլայլված է, բայց նրա հարցին, թե ի՞նչ է պատահել, չի պատասխանում. նրա ամեն շարժումն ու խոսքը հսկում էին զինված մարդիկ։ Վահանը հասկանում է, որ մեր մեքենավարներին պատանդ են վերցրել, և վազում է դեպի խցիկ։ Իսկ թուրքերը, որ մեր էլեկտրաքարշները միացրել էին իրենց մեքենային` ժամում 70 կմ արագությամբ քշում են դեպի Նորաշեն։ Սարգիսովն ու Վահանը ջերմաքարշից նետվում են ցած։ Սերյոժան ջերմաքարշն անջատում է ու փախցնում։ Թուրքերը, նկատելով այդ, սկսում են բոլոր կողմերից կրակել։ Գնդակներ էին, որ վզզոցով թռչում էին, կարծես գրոհող տանկ էին կանգնեցնում։ Սերյոժան գրեթե հասել էր սահմանին։ Բայց ջերմաքարշն անսպասելի կանգ է առնում։ Այստեղ են ասել` հայի անիծված բախտ. վրա է հասնում ադրբեջանցիների գազազած ոհմակը, և Սերյոժային ծեծում են միայն թուրքին հատուկ դաժանությամբ։

Վահանն ու Սարգիսովը թռչելուց վնասվածք էին ստացել և չէին կարողացել հեռու գնալ ու բռնվում են»։

«Երկաթգծի ղեկավարությունը դիմում է հանրապետության կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկելու և ադրբեջանցիների հետ բանակցելու` գերված մեքենավարներին վերադարձնելու համար։ Բանակցությունները տևում են 8-9 ժամ։ Կառավարությունը Մեղրի ուղղաթիռ է ուղարկում` մեքենավարներին բերելու համար»:

Մի այլ դրվագ․ «Շուտով ժողճակատի զինվորների շուրջը հավաքվում է բազմահազարանոց  խառնամբոխը, Հարութին ու Սերյոժային բռնությամբ իջեցնում են էլեկտրաքարշից։ Հարութին հարցնում են` ներկել կարո՞ղ է։ Վերջինս մտածում է` գուցե տանեն որևէ մեկի տունը նորոգելու, կաշխատի ու սրանց ձեռքից կազատվի»։

«Դժոխքից ելած, արյունռուշտ այդ ճիվաղը կտրում է Սերյոժայի վզից  երակ,թե մազանոթ և գլուխը պահում դույլի վրա և ստիպում են Հարութին հայի արյունով պատը ներկել։ Սերյոժան մի կերպ հասկացնում է, որ Նորաշենի սովխոզի տնօրեն Ջաֆարովն իր ընկերն է։ Տասը րոպե անց մեքենայով բերում են տնօրենին, որը ճանաչում է Սերյոժային և հաստատում, որ Երևանում տեխնիկումի դիպլոմը ստանալիս Սերյոժան է իրեն 500 ռուբլի տվել։ Ճիշտ է, ժամանակին իրենք ընկերներ են եղել, «բայց ես պետք է իմ ազգի վրեժը լուծեմ» ասելով` մի քանի ուժեղ հարված է հասցնում արյունաքամ եղող Սերյոժային և ավելացնում` «Ես ոչ թե իմ ընկերոջը, այլ հային եմ խփում»: Ահա այսպիսի ընկերասիրության…

Թող ձանձրալի չթվա ընթերցողին, որ փորձում եմ հիշատակել բոլոր մեքենավարների անունները, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն արժանի է, որ նրանց մասին գիրք գրվի։

«Նորաշեն մեկնող հերթական գնացքը վարում էին Ժորա Գյուլնազարյանն ու Միհրան Վարդումյանը։ Նորաշենում երկաթգծի վրա մետաղի կտորտանքներ էին լցրել` գնացքի ընթացքը խոչընդոտելու համար։ Շարժվելու համար գիծը մաքրել էր պետք։ Էլեկտրաքարշից իջնելը վտանգավոր էր, բայց ուրիշ ելք չունեին։ Մի քսան հոգի` ավտոմատներով զինված, մոտենում են մեր մեքենավարներին, հետո ռուս զինված ուղեկցորդներից խլում են զենքը և տղաներին տանում են կայարան։ Հավաքվածներից մեկը, որ սթափ էր, միջամտում է, թե սրանք ի՞նչ մեղք ունեն, շարքային մարդիկ են, սա նրանց աշխատանքն է։ Երևի այդ խոսողը հեղինակավոր ու ազդեցիկ մարդ էր. Միհրանին ու Ժորային թողնում են շարժակազմը անվնաս  բերելու։ Հազվադեպ` այդպես էլ էր լինում»։

«Այս ամենին ականատես էին խորհրդային բանակի զինվորները, որ ուղեկցում էին մեր մեքենավարներին, իբր ապահովելու նրանց անվտանգությունը։ Բայց այդ զինվորները ոչնչով չէին կարող (՞) օգնել մեր մեքենավարներին: Երբեմն  իրենց զենքը այդ զինվորները թաքցնում էին, որ ադրբեջանցիները չխլեն»: Ճիշտ այսօրվա ռուս խաղաղապահների նման։

Ահա այսպես էր պաշտպանում հզոր խորհրդային պետությունը հայերին։ Այդ հզոր պետությունը անկարո՞ղ էր սաստելու գազազած, բայց դեռ քաղաքական և տնտեսական կախման մեջ եղած Ադրբեջանի իշխանություններին։

Չեմ կարծում...

«Հաջորդ անգամ Ժորային բախտը չի ժպտում. Արաբաչյան Վոլոդյայի հետ նրանց պատանդ են պահում` 5 օր քաղցած թողնելով։ Նրանց կանայք գնում են կառավարություն` Վազգեն Մանուկյանի մոտ, և պահանջում վերադարձնել իրենց ամուսիններին։ Երկար բանակցություններից հետո տղաներին ազատ են արձակում։ Բայց ջարդուփշուր եղած վագոններից կազմված մի շարժակազմ են միացնում էլեկտրաքարշին և Հայաստան ուղարկում»։

«Այդ օրերին Անդրանիկ Պետրոսյանը չորս անգամ մահից էր փրկվել։ 1992 թ. ապրիլի 22-ին ուղիղ նշանառությամբ խփել էին մեքենավարի խցիկին։ Նա հրաշքով էր կենդանի մնացել»։
«Տեսնելով երթուղիների անապահովությունը` վարչության պետն այլևս չի ստիպում մեքենավարներին գնալ Նորաշեն` թողնելով նրանց հայեցողությանը։ Զարմանալի էր. մեքենավարները չեն հրաժարվում գնալուց: Նրանք շարունակում էին բեռներ ներկրել Նորաշենից»։
«1992-ի ապրիլի վերջին դադարեց  գնացքների շարժը Երասխ-Նորաշեն ուղեմասում»:
Ահա՛, Ադրբեջանի հետ հաղորդակցության այսպիսի պատմություն:

Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար, Դուք գիտեի՞ք այս մասին…Որպես այդ տարիների լրագրող՝ պետք է որ լսած կամ կարդացած լինեիք…Դուք հիմա ինքնակամ՝ միայն  Ձեր որոշումով մեր ժողովրդին ստիպում եք այս դժոխային ճանապարհո՞վ անցնել. ի՞նչ է սա, պատմության չիմացությո՞ւն, թե՞  դիտավորություն…Զարմանալի է. դժոխքից մասամբ փրկված հայը նորից ու դարձյալ ու վերստին ուզում է վերադառնալ դժո՞խք: Սա հասկանալի՞ է սովորական մարդուն…

Ուզում եմ հարցս ուղղել այն մարդկանց, ովքեր անիմացության թմբիրի մեջ իրենց քվեն տվեցին վարչապետի պաշտոնակատարի օգտին.

-Ինչո՞ւ մի ողջ ազգի ու նրա Հայրենիք պետության ճակատագիրը միանձնյա պիտի որոշի մի մարդ, որը հեռու է և անգետ քաղաքականությունից:

Աշխարհի կռիվը ՀՈՂԻ կռիվ է, իսկ մենք Հող ու Հայրենիք ենք կորցնում, կորցնում ենք նաև երիտասարդ սերունդ…Գալիք սերունդները կդատապարտեն մեզ այս անգետ կրավորականության համար:

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս