Ինչու ՔՊ-ի հետ միավորվեց Սամվել Բաբայանի եւ ոչ թե Արման Բաբաջանյանի քաղաքական ուժը

Ինչու ՔՊ-ի հետ միավորվեց Սամվել Բաբայանի եւ ոչ թե Արման Բաբաջանյանի քաղաքական ուժը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Արթիկ խոշորացվող համայնքում իշխանության համար վեց ուժ էր պայքարում՝ «Միասնական Արթիկ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», Դաշնակցություն, «Հանուն հանրապետության ժողովրդավարների  պաշտպանների դաշինքը», «Ապրելու երկիր» և Ազատական կուսակցությունները։ Արթիկում  քվեարկությանը մասնակցած 19 063 քաղաքացուց 7731-ն է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը 50+ից պակաս է: «Միասնական Արթիկն» ունի 4344 ձայն, երրորդը «Հանուն հանրապետության ժողովրդավարների պաշտպանության դաշինքն» է՝ 2550 ձայնով: Մնացած ձայները բաշխվել են Դաշնակցության, «Ապրելու երկիր» և Ազատական կուսակցությունների միջև, անվավեր է ճանաչվել 448-ը։

Քաղաքային իշխանություն ձևավորելու համար կուսակցությունների ու դաշինքների միջև համագործակցության պայմանագրեր պետք է կնքվեին:
Այսօր արդեն, մինչ մանդատները վերցնելը, «Քաղաքացիական պայմանագիր» և Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ մեծամասնություն կազմելով՝ կառաջադրեն եւ կընտրեն իրենց համայնքապետին: Ավագանու 27 մանդատից 14-ը բաժին է ընկնում այս երկու կուսակցություններին միասին:

Ըստ պայմանավորվածության՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ, Պեմզաշենի գյուղապետ Անանիկ Ոսկանյանը կընտրվի Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար, իսկ քաղաքապետի տեղակալ՝ Ազատական կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ իշխանության ճնշումները թողել են իրենց ազդեցությունը, եւ Նիկոլ Փաշինյանի դաշնակից Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությամբ առաջադրված թեկնածու, գործող փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, ով արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ, համաձայնության է եկել ՔՊ-ի հետ եւ կհայտարարի կոալիցիայի մասին:

Հետաքրքրական է, որ, ըստ լուրերի, ՔՊ-ն պատրաստվում էր նաև կոալիցիա կազմել Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության հետ, բայց առայժմ բավարարվել է Ազատական կուսակցության հետ միավորվելով:

Ի դեպ, ըստ խոսակցությունների՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքն» է հրաժարվել իշխող կուսակցության հետ միավորվելուց: Ավելի ստույգ՝ դաշինքը գլխավորող, Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանն է դեմ եղել: Չնայած նրան, որ նա այժմ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է, տեղի ՔՊ-ականների հետ այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ: Նշենք նաև, որ մյուս կուսակցությունները որոշակիորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ ասելով, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել չեն պատրաստվում:

 Արթիկի ընտրություններում ուշագրավն այն է, որ 6 ուժերն էլ հաղթահարել են ընտրության անցողիկ շեմը, եւ բոլորն էլ ավագանու ներկայացուցիչներ կունենան: Առավել շատ՝ 11 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի «Միասնական Արթիկ» դաշինքին բաժին կհասնի 6-ը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 4 ավագանու ներկայացուցիչ կունենա, 3-ն Ազատական  կուսակցությունից կլինեն, 2-ը՝ ՀՅԴ-ից, և 1 մանդատ էլ կստանա «Ապրելու երկիր» կուսակցությունը: