Ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է իշխանությանը

Ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է իշխանությանը

Թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի եւ Արցախի շուրջ, դրա մասին շարունակ խոսվում է, ու ժողովուրդը որոշակիորեն  տեղեկացված է: Նոյեմբերի 9-ի «հրադադարից» եւ հունվարի 11-ի համաձայնագրերից հետո թշնամին մինչ այսօր խախտում է պայմանավորվածությունները եւ կրակի տակ պահում Արցախն ու Հայաստանի մի շարք բնակավայրեր, ինչի պատճառով ունենք մի շարք զոհեր, վիրավորներ, խաղաղ բնակիչների գերեվարում: Սրան զուգահեռ, թշնամին անամոթաբար միջազգային հարթակներում շարունակում է հին երգը, թե  հրադադարից հետո իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հետագա գործընթացները տանեն միմիայն խաղաղ ճանապարհով:

Բացահայտ ստում են եւ կարծում, որ աշխարհի աչքի առջեւ կատարած հարձակումներն այդ նույն աշխարհը չի տեսնում: Իսկ Հայաստանը համառորեն շարունակում է դրանք անպատասխան թողնել, կարծես ոչինչ տեղի չի ունենում, ավելին՝ եռակողմ պայմանավորվածությունները կատարվում են: Արդյունքում, բացի նորանոր զոհերից, վիրավորներից, գերիներից, Հայաստանն ունեցել է նաեւ բավականաչափ տարածքի կորուստ, որոնց ետվերադարձի շանսը՝ մեր նման պահվածքի պարագայում, համարյա զրո է: Մենք միայն տարատեսակ պարտություններ ենք կրում, եւ հետագա գործընթացներում եւս մեզ հուսադրող՝ դրական բան չի ուրվագծվում: Հանրահայտ ասացվածք կա. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: 

Պատերազմից հետո թշնամին շարունակ հասկացնում է. եթե հետագա գործընթացները չլինեն մեր ուզածով, ապա մենք ասել ենք, թե ձեզ ինչ է սպասվում: Իսկ մերոնք իրենց լռությամբ կարծես ցույց են տալիս, որ պատրաստ են նոր զիջումների: Իսկ ինչո՞ւ ենք հայտնվել նման հոգեբանական՝ զիջողի կարգավիճակում: Կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ ինչ արել են, հանգիստ մարսել են, քանզի ժողովուրդը հաշիվ չի պահանջել նրանցից, թե ինչու թշնամու դեմ հակաքայլեր չեն արվում։ Զարմանալի է, որ այս կրիտիկական իրավիճակում, երբ որոշվում է Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը, ժողովուրդն իրեն պահում է դիտորդի կարգավիճակում: Իհարկե, դժվար եմ հասկանում, թե սա ինչ կույր հավատ է իշխանությունների հանդեպ, այն էլ երկրի համար ճակատագրական այս օրերին: 

Իսկ ի՞նչ է մտածում, ի՞նչ է անում ու ի՞նչ կարող է անել ընդդիմությունը: Խորհրդարանական ընդդիմությունը միայն ելույթներով ընդդիմանում է իշխանությանը, քանզի ԱԺ-ում առկա ուժերի բաշխվածությունն այլ հնարավորություն չի տալիս, իսկ արտախորհրդարանական ուժերը համարյա ոչինչ չեն անում: ԱԺ ընդդիմության ոչ մի առաջարկություն կա՛մ չի մտնում օրակարգ, կա՛մ մտնելուց էլ որոշում չի դառնում:

Իսկ այն, ինչ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում, վեր է մարդկային երեւակայության սահմաններից: Խմբակային ծեծուջարդ իշխող թիմի մի քանի պատգամավորների, նրանց օգնականների եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների միջեւ, որը վերջնականապես գետնին հավասարեցրեց ԱԺ-ի իմիջը: Այս միջադեպը մեկ անգամ եւս փաստեց, որ ԱԺ-ում արվում է այն, ինչը ձեռնտու է իշխող ուժին, իսկ ընդդիմության գոյությունը ոչինչ չասող, զուտ «ժողովրդավարության» շղարշ է...    
Կարծում եմ՝ պարզ է, թե նման իրավիճակում ինչ ապագա կարող է սպասվել Հայաստանին ու Արցախին…     

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ